ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ։
Պետդումայի նիստի բացմանը Զյուգանովը հայտարարել է. «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»։ Թեև նա չի տվել Վլադիմիր Զելենսկու անունը, սակայն ակնարկել է վերջինիս երևանյան ելույթը։ Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հայաստանի մայրաքաղաքում Զելենսկին ասել էր, թե ռուսները սարսափում են Կարմիր հրապարակի վրա պտտվող ԱԹՍ-ներից։ Զելենսկու հասցեին Զյուգանովն օգտագործել է «այդ թերաճը, չես էլ հասկանում, թե նա ով է» արտահայտությունը։
«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նրանք թույլ տալիս դա Երևանում, և ինչո՞ւ են Փաշինյանին ընդունում Մոսկվայում։ Ես պնդում եմ, որ այս գործիչը, անկախ նրանից, թե ինչպես են նրա օգտին քվեարկել, այլևս չհայտնվի մեր մայրաքաղաքում»,- ասել է Զյուգանովը։
ՌԴ Կոմկուսի առաջնորդի խոսքով՝ Հայաստանի վարչապետը Ռուսաստանին հասցրել է այնպիսի նվաստացում և վիրավորանք, որից ավելին «մեծ տոնի նախաշեմին դժվար է պատկերացնել»։
News.am
