Логотип

ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏՀԱՇՎԱՐԿՆ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԵԼ Է, կամ՝ ԿԵՍ ՄԻԼԻՈՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը գործականում արդեն ծանուցեց Հայաստանի համար ռուսական գազի գնի փոփոխության մասին։ Հունիսի 11-ին կառավարության շենքում լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց, որ նման հավանականություն կա, թեև այս պահին համապատասխան հայտեր և ծանուցումներ չեն ստացել:

ԴԱՏԵԼՈՎ ՆՐԱՆԻՑ, ՈՐ ՊԱՐՈՆ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ ԴԱՏԱՐԿ ՏԵՂՈՒՄ ԽՈՒՃԱՊ ՉՍՏԵՂԾԵԼՈՒ և հայ-ռուսական գազային պայմանագրի ճակատագրի համար հանգիստ լինելու կոչեր չշատրվանեց, ինչպես անում է սովորաբար, այլ սկսեց գցել-բռնել ադրբեջանական, թուրքմենական և իրանական կապույտ վառելիքի ներկրման տարբերակները, կարելի է եզրակացնել, որ շուտով Մոսկվայից ստացված համապատասխան ծանուցումներն այնուամենայնիվ կդրվեն կառավարության սեղանին։

Դրա հետ մեկտեղ ՀԾԿՀ-ի ղեկավար պարոնը շտապեց հանգստացնել լրագրողներին, թե իբր՝ եթե անգամ Հայաստանը ստիպված լինի հրաժարվել ռուսական թանկացած գազից, մենք, չնայած անխուսափելի դժվարություններին, այնուամենայնիվ չենք ստանա 90-ականների ճգնաժամային պատկերը։ Իբր, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները օրերով ու ժամերով չեն ձգվի, քանի որ Հայաստանում բավական լայն զարգացած է արևային էլեկտրաէներգիայի արտադրական բազան։

Ուրախացրե՛ց: Պետք է հասկանալ, թե Մեսրոպյանը նկատի ունի, որ ճգնաժամ լինելու է, բայց քաղաքացիները չպետք է սաստիկ խուճապի մատնվեն։ Թող խուճապի մատնվեն, բայց չափավոր, քանի որ 90-ականների վիճակին՝ փայտի վառարաններով, ցրտահարություններով, սովով ու աղքատությամբ, ամենայն հավանականությամբ չենք գլորվի, թեև կիպ կմոտենանք։

Ի՞նչ կարող ենք այստեղ ասել։ Թերևս միայն շնորհավորել այն քաղաքացիներին, որոնք քաղաքական համոզմունքներով կամ Փաշինյանի «աստվածային» կերպարի հանդեպ ինքնամոռաց հավատի մղումով ընտրություններում քվեարկեցին Հայաստանի «ինքնիշխանության» և «լուսավոր ապագայի» օգտին։ Նրանք բոլորն էլ դրսևորեցին քաղաքացիական բարձր գիտակցություն և իրենց կուռքի հետ կիսեցին երկիրն ազատելու պատասխանատվությունը էժան գազի «ստրկական կապանքներից», հսկայական շուկայից, որտեղ նույնիսկ մեր գոմաղբն էին ձեռքից ձեռք խլում, և բազմամիլիարդանոց դրամական տրանսֆերտներից։

Չէ՞ որ այդ ամենը սարսափելի բեռ էր մեր հպարտ պետության ուսերին, և այժմ մենք վերջապես կազատվենք ռուսական դարավոր ստրկությունից, որը մեզ պարտադրել է համագործակցության և գործընկերության այդպիսի նվաստացուցիչ պայմաններ։

Դե, իսկ եթե ավելի լուրջ, ապա ընտրություններից հետո Հայաստանը հայտնվել է տնտեսական աղետալի ճգնաժամի վտանգի առջև, որը համեմատելի կլինի թերևս միայն աֆրիկյան երկու-երեք երկրներում տիրող իրավիճակի հետ, որտեղ տեղական կառավարությունները և ՄԱԿ-ի ամենատարբեր հիմնադրամները ոչ մի կերպ չեն կարողանում շտկել վիճակը և կասեցնել սոցիալ-տնտեսական աղետը:

Եվ սա ամենևին էլ չափազանցված կանխատեսում չէ, սա մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողությունների վերլուծությունից բխող հեռանկար է։ Իսկ իրողություններն այն են, որ հայտնի գլոբալ կենտրոններն օգտագործեցին Հայաստանը Ռուսաստանի դեմ իրենց աշխարհաքաղաքական խաղերում և շուտով որպես անպետքություն կնետեն իրենց կրտսեր դաշնակից շների երախը։ Խժռելու նախ տնտեսական, ապա աշխարհաքաղաքական առումով։

ԱՍԵՆՔ, ՄԵՐ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ԽԺՌՈՒՄԸ ԶՈՒԳԱՀԵՌ Է ԸՆԹԱՆԱԼՈՒ, քանի որ ստեղծվող իրավիճակում զրկված լինելով թեև ոչ անթերի, բայց ուժեղ դաշնակցի տեսքով որևէ նեցուկից, Հայաստանը «խժռողների» համար ոչ մի խնդիր չի ներկայացնի վայրկենական ու ամբողջական կլանման առումով։

Այդուհանդերձ տվյալ դեպքում հետաքրքիր է ոչ այնքան երկրի տնտեսական անվտանգության սպասվող փլուզման թեման, ինչը հարյուրապատիկ ավելի լավ կներկայացնեն տնտեսագետները, այլ ողջամտության փլուզման ֆենոմենը հայ հասարակության մեջ։ Ֆիզիկապես և կարծես թե հոգեպես միանգամայն առողջ կես միլիոն մարդիկ գնում են քվեարկության և քվեատուփ գցում թերթիկներ ի պաշտպանություն այն մարդու, որն ընդամենը մի քանի ամիս անց, իր փլուզած տնտեսության ավերակների մեջ կանգնած, անպայման կասի, թե իբր՝ դուք ինքներդ եք ընտրել ինձ և այս ճանապարհը։

Նա կասի դա բնավ չստելով և բացարձակ անկեղծ, ինչին կես միլիոնը առարկելու ոչինչ չի ունենա, բացի «խեղճ ժողովուրդը նորից խաբվեց» երգով գռեհիկ ձայնասկավառակից։ Առնվազն միջնակարգ կրթությամբ (շնորհակալություն Սովետների երկրին), հաջող սոցիալականացմամբ (շնորհակալություն հայկական հոգեկերտվածքին), տեղեկատվություն ստանալու անսահմանափակ հնարավորությամբ (շնորհակալություն համացանցին), տրամաբանորեն մտածելու ի բնե ունակությամբ (շնորհակալություն պրիմատների բարձրագույն ենթախմբի էվոլյուցիային) մարդիկ գլուխները կքորեն՝ բութ հայացքը հառած կոտրած տաշտակին, և ինչ-որ բան կմրմնջան «խեղճ ժողովրդի» խաբված լինելու մասին։

Հապա մտածեք. կես միլիո՛ն։ Իսկ գուցե ավելին, եթե հավատանք Վահագն Հովակիմյանին։

Իսկ մինչ կանցնի այդ ճակատագրական մի քանի ամիսը, սույն 500 000 գոհ քաղաքացիները կայտառ քննարկում են, թե ում գազն է ռուսականից ավելի կալորիական. թուրքմենականը, թե ադրբեջանականը, հայրենի վարդերի որ տեսակն անմիջապես կսրբեն-կտանեն հոլանդական ծաղկի բորսայում և տարին քանի անգամ կհաջողվի առանց վիզայի ու գրոշանոց տոմսերով հանգստանալու մեկնել Եվրոպա։

Դե ինչ, մի խելացի մարդ ժամանակին ասել է, որ երջանկության կանխավայելումը հենց երջանկությունն է, որ կա: Թող այդ կես միլիոնը գոնե մեկ-երկու ամիս երջանիկ լինեն, մինչև որ ձեռքը տանեն ծոծրակին, որպեսզի մտամոլոր քորեն այն։ Ժամանակի հետհաշվարկն արդեն սկսվել է…