Օրերս հրապարակվեց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի հերթական մոնիտորինգային զեկույցը՝ «Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ու արցախցի փախստականների դեմ ատելության խոսքը. մայիս, 2026» բավական խոսուն վերտառությամբ: Հեղինակների հիմնական եզրահանգումը հետևյալն է. «Մայիս ամսին նման հռետորաբանության հիմնական տարածողները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցներն էին», իսկ որպես հիմնական աղբյուր նշվում է Նիկոլ Փաշինյանը:
ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՏԱՐԲԵՐ ԴՐՎԱԳՆԵՐ, որոնց ընթացքում իշխանության ներկայացուցիչները, ինչպեսև նիկոլական ռեժիմի անթաքույց աջակցությունը վայելող տխրահռչակ «բլոգերները» ատելության խոսք են գործածել արցախցի փախստականների նկատմամբ, սպառնացել և մեղադրել, թե իբր նրանք չեն կռվել, այլ փախել են «մարտի դաշտից», լքելով «իրենց փոխարեն զոհված» զինվորներին։ Այդ «մեղադրանքների» լեյտմոտիվը, ինչպես հայտնի է, անձամբ Փաշինյանի այն աննախադեպ հայտարարությունն էր, թե «Բա ինչի՞ չմեռաք»։
Հեղինակների վկայակոչած միջադեպերի շարքում կանգ առնենք մեկի վրա, որը տեղի է ունեցել Թալին համայնքում՝ թաղապետ Տավրոս Սափեյանի մասնակցությամբ։ Այդ տեսանյութը լայնորեն տարածվեց սոցցանցերում և իսկական շոկ առաջացրեց։ Չափազանց աղաղակող էր հակադրությունն արցախցի կնոջ արժանապատիվ պահվածքի և նիկոլական պաշտոնյայի վարքի միջև, որը համոզված էր, թե պետական բոլոր «բարիքները» փախստականներին տրամադրվում են բացառապես իշխանությունների հաշվին ու նրանց ողորմածությամբ, և ըստ էության սպառնում էր երկրից վտարմամբ, եթե ընտանիքը չքվեարկի Փաշինյանի օգտին։

Հիշեցնեմ, որ Սափեյանը եկել էր արցախցի փախստական կնոջ՝ բազմազավակ մոր տուն, որպեսզի անձամբ հանձնի իշխող կուսակցության քարոզչական նյութերը, ընդգծենք՝ լինելով պաշտոնյա: Կինը հայտարարեց, որ քաղաքականությամբ չի հետաքրքրվում, ի պատասխան Տավրոսը հիշեցրեց նրան պետական օգնության մասին, նախազգուշացնելով, որ նման պահվածքով նա «երկար չի ապրի» Հայաստանում, ապա առաջարկեց Ռուսաստանի տոմս գնել նրա համար: «Ինչու՞, էս էլ ա թշնամունը դրա՞ համար, ո՛չ, նախընտրում եմ արժանապատիվ մեռնել, քան ստորացված սատկել»,- հայտարարեց կինը։ Որից հետո Սափեյանը կրկնեց իր շեֆի այն ցինիկ թեզը, թե «մեռնող էիր՝ Ղարաբաղումդ մեռնեիր»։
Ատելության խոսքի ավելի ճչան օրինակ, համաձայնեք, դժվար է պատկերացնել։ Այն էլ համայնքի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, այն էլ երեք տարի առաջ իր երեխաների հետ ցեղասպանությունից փրկված, Հայրենիքն ու ողջ ունեցվածքը կորցրած, հսկայական ողբերգություն ապրած և նոր կյանք սկսելու փորձ կատարած կնոջ նկատմամբ: Բայց ինչը միանգամայն բնական է ներկայիս Հայաստանում, որտեղ հենց այդ լեզվի հիմնական կրողը, 140 000 արցախցի փախստականների նկատմամբ ատելության, չարության և թշնամանքի քաղաքականության նախաձեռնողն ու իրականացնողը պետության առաջին դեմքն է, որի անմիջական հրահանգով ու պահելաոճով են գործում նաև նրա հավատարիմ շները:
ԵՎ ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ ՀԵՆՑ ԱՅԴ «ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔՆ» ՈՒ ՆՐԱ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ, տվյալ դեպքում Թալինի քաղաքապետը, ոչ միայն չեն ենթարկվում պատասխանատվության, այլև ազատ ու հանգիստ շարունակում են իրենց հանցավոր գործողությունները, վկայում է մեկ բանի մասին. արցախատյացությունը Հայաստանում դարձել է իշխանական կառույցների կողմից ցուցադրաբար վարվող քաղաքականություն՝ վարչապետի գլխավորությամբ։ Եվ իրականացվում է մեկ նպատակով. Հայաստանից վտարել արցախցի փախստականներին, նրանց համար ստեղծել անտանելի կենսապայմաններ և ստիպել հեռանալ, այսինքն փախստական դառնալ երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ…
Ավելին, արցախահայության նկատմամբ ատելության միտումնավոր բորբոքումը Հայաստանի օկուպացիոն ռեժիմի հակահայկական քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկն է: Ինչպես նաև տրամաբանորեն տեղավորվում է հայոց պատմության Արցախի էջին վերջ տալու, Արցախի հետ կապված ամենը բռնի մեթոդներով արգելելով՝ Հայրենիքի այդ հատվածը միլիոնավոր հայերին մոռանալ ստիպելու ձգտման մեջ։
Կարելի է կարծել, թե ազգի դարեր շարունակ ձևավորված գենետիկ հիշողությունը Ֆրանսիայի հրապարակում տեղադրված դրոշն է, որը կարելի է գիշերով գողեգող հանել, կամ ընդդիմադիր պատգամավորների սեղանների դրոշակները, որոնք կարելի է հայտարարել «պատերազմի սպառնալիք» և «դավադրություն»…
Ի դեպ, ի՞նչ եղավ «դավադրությունը», ավելի ճիշտ՝ խիստ կասկածելի ծագման տեսանյութը, որտեղ իբր արցախցիները իբր սպառնում են Նիկոլին, որը հրապարակել էին իշխանական աղբյուրներն ու անձամբ «վարչապետը» նախընտրական քարոզարշավի թեժ օրերին։ Մոռացա՞ք, քանի որ այն արդեն կատարել է այդ կոպիտ սարքած սադրանքով ի սկզբանե դրված նպատակները։ Թե՞ «հետաքննությունը» բարեհաջող կերպով կոծկեցիք, որպեսզի «չընկնեք ձեր իսկ հետքին»։
Կա Արցախի ժողովրդի հասցեին «մեղադրանքների» ևս մեկ, առայժմ փոքր-ինչ քողարկված նպատակ։ Բացատրելով իր արարքները՝ Նիկոլը հայտարարեց, թե նկատի ունի ոչ թե բոլոր արցախցիներին, այլ «Լեռնային Ղարաբաղի քաղաքական և հասարակական կեղծ էլիտայի ներկայացուցիչներին»։ Իրականում հող է նախապատրաստվում ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի ղեկավարության ներկայացուցիչներին «հանցագործ» ճանաչելու համար, դրանով իսկ օժանդակելով Ալիևին և արդեն «օրինականորեն» հրաժարվելով նրանց ազատ արձակելու փորձերից (իբր ձեռնարկվող)։
«ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԴԵՄ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԲՈՐԲՈՔԵԼ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը համակարգված ձևով զարգացնում է տարբեր պատումներ արցախիների նկատմամբ, որոնք լայնորեն տարածվում են։ Արցախցիների դեմ բացահայտ ատելության խոսքով հանդես են գալիս նաև իշխանամետ օգտատերեր՝ ընդհուպ արցախցիներին Հայաստանից վտարելու կոչերով։ Իրավապահ մարմիններն այս դեպքերի կապակցությամբ շարունակում են անգործություն ցուցաբերել»,- եզրափակում են հիշյալ զեկույցի հեղինակները։
Որոնց, ի դեպ, դժվար է կշտամբել կողմնակալության մեջ հենց թեկուզ այն պատճառով, որ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի աշխատանքը ֆինանսավորվում է Արևմտյան աղբյուրների՝ Եվրամիության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամի կողմից։
Թեպետ, մյուս կողմից, ոչ ոք չի էլ պատրաստվում կշտամբել. Իշխանություններն ամեն ինչ անում են միանգամայն բացահայտ, ամենևին հաշվի չառնելով Սահմանադրությունն ու օրենքները՝ իրավական և բարոյական։ Իսկ ինչ վերաբերում է «իրավապահներին», ապա նրանք վաղուց են դարձել և՛ հանցավոր իշխանության, և՛ նրա հակահայկական քաղաքականության, այդ թվում՝ արցախատյացության մասը։
