Իսրայելում Հայոց Ցեղասպանության ճանաչման շուրջ դիսկուրսի ակտիվացման պատճառը Թուրքիայի հետ այդ երկրի հարաբերությունների վատացումն է. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոռ Գևորգյանը։
Նշենք` Թել-Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների պարբերաբար սրման ֆոնին Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը երեկ հայտարարել է, որ կառավարության հաջորդ նիստում ներկայացնելու է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ։
Չնայած դրան` Գևորգյանն առաջարկում է չշտապել եզրակացություններ անել, այլ փորձել հասկանալ այդ նախաձեռնության բուն նպատակը։
«Իսրայելը, իր աշխարհաքաղաքական ընկալման շրջանակներում, տարածաշրջանում նոր հայտ է ներկայացնում, որի հիմքում դրված է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Սա ուղիղ հարված է Թուրքիայի շահերին, և սա նաև տեղավորվում է թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածության տրամաբանության մեջ»,– նկատում է մեր զրուցակիցը։
Նա նաև արձանգրում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները տևական ժամանակ թեև ընթացել են հարաբերական տատանումներով, բայց բնականոն։ Եվ հանուն փոխշահավետ համագործակցության, Իսրայելը փորձել է չհանրայնացնել կամ խիստ սահմանափակ հանրայնացել այդ հարցը։
Հարաբերական անդորրը Թել Ավիվ– Անկարա հարաբերություններում, սակայն, խախտվեց 2023թ–ին` Գազայի վրա հարձակման հետևանքով, երբ Թուրքիան հայտարարեց, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում։
«Սա Իսրայելի համար լրջագույն խնդիր է, և սրան Թել Ավիվը պետք է հակադարձեր։ Իսրայելը սա փորձում է օգտագործել իր համար որպես շահեկան գործիք և այդ իմաստով փորձում է նաև սրանով որոշակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա։ Բայց պետք է նաև հասկանանք, որ սա ամենևին չի նշանակում, որ Թուրքիան սրանից կարող է ընկրկել»,– նշում է Գևորգյանը` միաժամանակ թերահավատություն հայտնելով, որ Հայոց ցեղասպանության գործոնի շահարկումը կարող է ավարտվել Իսրայելի կողմից պատմական իրողության ճանաչմամբ։
Այդուհանդերձ, Գոռ Գևորգյանը նաև արձանագրում է, որ Իսրայելը վերջին շրջանում Թուրքիայի հետ հարաբերություններում շատ հաճախ օգտագործում է «պատմական հիշողություն» բանաձևը` որպես դիվանագիտական և տեղեկատվական քաղաքականության կարևորագույն գրավական։
Պատմաբանն ուշադրություն է հրավիրում նաև Իսրայելում քաղաքական մտքի էվոլյուցիայի փաստի վրա` շեշտելով, որ տևական ժամանակ է, ինչ այդ երկորւմ ձևավորվել է գիտական փոքր հանրություն, որն առաջ է քաշում հետևյալ գաղափարը. եթե մենք Հոլոքոստ ենք վերապրել, մենք պարտավոր ենք ընդունել նաև աշխարհում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունները` հանուն պատմական ճշմարտության։
«Իսրայելի ներքաղաքական կոնյուկտուրան այնպիսին է, որ նմանատիպ գիտական համայնքների ուղերձները հաճախ հասանելի են դառնում նաև պետական կառավարման օղակներին, ինչը շատ կարևոր է դարձնում մեզ համար այս հարցի շուրջ ձևավորված բանաձևը։ Օրինակ` 2016 թ․-ին Քնեսետի կրթական հարցերով հանձնաժողովն ինքն իրենով ճանաչել էՀայոց ցեղասպանությունը և անգամ հորդորել է կառավարությանը այդ հարցի շուրջ համապատասխան դիրքորոշում կամ քաղաքական կեցվածք ընդունել»,– նկատում է Գևորգյանը։
Միաժամանակ մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս Իսրայել-Թուրքիա հարաբերությունների մասին խոսելիս` չմոռանալ Ադրբեջանի գործոնի մասին։
Ինչ վերաբերում է մեր երկրին, պատմաբանը կարծում է, որ Հայաստանը նախ պետք է հասկանա, հաշվարկի, ապա արձագանքի նոր իրավիճակին` անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, թե Ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։
«Այդ հարցը ուղիղ վերաբերելիություն ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետության ներկային, այլև հայ ժողովրդի պատմական հիշողությանը։ Այսօր գործ ունենք ամբողջապես նոր մի իրավիճակի հետ, և հարկավոր է շատ հավասարակշռված հաշվարկի տեսակետից նայել այս հարցին ու չտրվել արկածախնդրությանը, ոգևորությանը` հատկապես, որ Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները երբևէ աչքի չեն ընկել արտառոց մտերմությամբ։ Հակառակը` եղել են շատ խնդրահարույց դրսևորումներ, այդ թվում` Արցախյան 44-օրյա պատերազմի հետ կապված, նաև հենց Հայոց ցեղասպանության հետ կապված։ Սա հարմար առիթ է, որպեսզի փորձենք մաքսիմալ օգուտ քաղել։ Պետք է աշխատանք տանել մասնագետների, փորձագետների հետ, դիվանագիտության մեջ այս հարցի շուրջ աշխատանք կատարած անձանց հետ, որպեսզի ձեռք բերենք հավասարակշռված հարաբերություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական շահերի»,– ասում է Գոռ Գևորգյանը։
Հիշեցնենք` Իսրայելի արտգործնախարար Սաարը X-ի իր էջում գրել է . «Օսմանյան Կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը բարոյական ու պատմական պարտավորություն է։ Միևնույն ժամանակ, տեղին է դատապարտել պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում»։
Իսրայելի կառավարության հավանությանն արժանանալուց դեպքում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծը կհանձնվի Քնեսեթի դատին։
