Логотип

Իրանում պատերազմի հետևանքով գիտական ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվում է 300 մլն դոլար

Պատերազմի հետևանքով Իրանի գիտական և հետազոտական ենթակառուցվածքները շուրջ 300 միլիոն դոլարի վնաս են կրել։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ, գիտության, տեխնոլոգիաների և գիտահենք տնտեսության հարցերով պատասխանատու Հոսեյն Աֆշինը։

Նրա խոսքով՝ հարվածների թիրախում հայտնվել են նոր տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող օբյեկտներ, որոնք, ինչպես պնդում է իրանական կողմը, ռազմական նշանակություն չեն ունեցել։

«Մենք երկրում աշխատում էինք առաջատար տեխնոլոգիաների վրա, որոնք ռազմական կիրառություն չունեին, սակայն հակառակորդը հարվածներ հասցրեց Իրանի գիտական ու տեխնոլոգիական ներուժին։ Մենք այն կվերականգնենք նոր թափով»,- հայտարարել է Աֆշինը։

Նա ընդգծել է, որ Թեհրանը մտադիր է շարունակել գիտատեխնիկական ոլորտի զարգացումը՝ այն դիտարկելով որպես երկրի տնտեսական և ռազմավարական առաջընթացի առանցքային գործոններից մեկը։

«Մեր նպատակն է դառնալ ժամանակակից աշխարհի գիտական ու տեխնոլոգիական կենտրոններից մեկը, քանի որ ցանկացած երկիր, որը ներդրումներ է անում այս ոլորտում, հաջողության է հասնում»,- նշել է Իրանի կառավարության ներկայացուցիչը։

Իրանի իշխանություններն ավելի վաղ ևս բազմիցս հայտարարել էին հակամարտության ընթացքում հասցված հարվածների հետևանքով գիտական և արդյունաբերական օբյեկտների վնասման մասին։

News.am