Логотип

ԿԸՀ-ն՝ 35/65 և 10/51 տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին. կլինի՞ վերաքվեարկություն, թե ոչ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի արտահերթ նիստում անդրադարձել է թիվ 10 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 2026թ․ հունիսի 11-ի՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների վերաբերյալ համապատասխանաբար N 8-Ա և թիվ 10-Ա որոշումներին։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԿԸՀ–ից։

«Հանձնաժողովն անվավեր է ճանաչել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 10/51 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 35/65 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։

Հանձնաժողովը որոշել է թիվ 10/51 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1287, արձանագրել որպես թիվ 10/51 տեղամասում անճշտությունների գումարային չափ։

Թիվ 35/65 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1315 (հազար երեք հարյուր տասնհինգ) արձանագրվել են որպես թիվ 35/65 տեղամասում անճշտությունների գումարային չափ:

Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի արձանագրությունների մյուս արդյունքները (թվերը), բացառությամբ անճշտությունների չափերի, արձանագրվել են 0 (զրո):

Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի նյութերն ուղարկվել են դատախազություն»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Սյունիքի 35/65 տեղամասը այն տեղամասն է, որտեղ ժամը 20–ից հետո տևական ժամանակ քվեարկություն էր ընթանում, քվեարկում էին զինծառայողները։ Ընտրության հաջորդ օրը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դրա մեջ խնդիր չէր տեսել՝ նշելով, որ ժամը 20–ից առաջ զինվորները մտել են տեղամաս և իրավունք ունեին քվեարկել ու դուրս գալ։