«Ուժեղ Հայաստանի» որոշ ներկայացուցիչների հայտարարություններից եզրակացնում եմ, որ պլան չկա գողացած ընտրությունների կապակցությամբ բողոքի ակցիաներ, իսկ առավել ևս որևէ շարժում սկսելու։ Եթե սխալվում եմ, ապա խնդրում եմ ինձ ուղղել և ցույց տալ հակառակի մասին հստակ հայտարարություն։
Տեսա, որ դիմելու են ՍԴ։ Բոլորս հասկանում ենք, թե ինչպիսին է հավանականությունը, որ ՍԴ-ն կչեղարկի ԲՀԿ-ին խաղից հանելը։ (Սփոյլեր. շատ փոքր է այդ հավանականությունը)։ Զուգահեռ շարունակվում են բռնաճնշումները ընդդիմադիր գործիչների և նրանց ազգականների հանդեպ։
* * *
Այսօր կատարվողը շատերն էին կանխատեսում։ Ոմանք իրենց կանխատեսումները չարախնդալով էին անում, մյուսները՝ իրական մտահոգությամբ։
Ակնհայտ էր, որ Նիկոլը թույլ չի տալու ազատ և արդար ընտրություններ, ու մասնավոր զրույցներում ես փորձում էի հասկանալ, թե ինչ է անելու ընդդիմությունը, երբ Նիկոլը սկսի անել այն, ինչ անվանում են «ընտրություններ գողանալ»։
Հստակ պատասխան չեմ ստացել, չեմ տեսել նաև այդպիսի սցենարին լուրջ նախապատրաստվելու նշաններ։ Հաշվի առնելով նաև 2021-ի փորձը, եզրակացրել եմ, որ ընդդիմությունն ինչպես չուներ, այնպես էլ հիմա չունի տարբեր ձևաչափերով ու տարբեր հարթություններում համակարգված երկարատև դիմադրության պլաններ (պայմանական ասած, «Պլան Բ» չկա)։
Մեկ կամ երկու մարդու չէ, որ ասել եմ, որ ընտրություններում չեն հաղթելու և ընտրություններով Նիկոլին հաստատաբար հեռացնելու խոսույթը պետք է փոխել, որպեսզի ժողովրդին սին հույսեր չտան։ Ասածս, բնականաբար ոչ մեկի դուրը չի եկել։
Ինչևէ, հասել ենք մի կետի, երբ Նիկոլի բեմադրած «ընտրություններն» ավարտվել են, ընդդիմության մանդատների մի մասը գողացված են, իսկ ես՝ ինչպես և մոտավորապես 600 հազար այլ ընտրող, որոնք ձայն չեն տվել ՔՊ-ին և իր արբանյակներին, հարցեր ունեմ ԱԺ անցած, ինչպես նաև ԱԺ չանցած հայկական քաղաքական ուժերին։
Ահա հարցերս.
– Ի՞նչ քայլերով և ի՞նչ ժամանակում եք պատրաստվում Արցախում հայերի ցեղասպանության հանցակից, Արցախը ադրբեջանցիներին հանձնած, ՀՀ Սահմանադրությունը ոտնատակ արած, Հայաստանում Ադրբեջանի, Թուրքիայի և այլ օտար ուժերի շահերը սպասարկող, հայկական պետությունն օրեցօր կազմաքանդող Նիկոլ Փաշինյանից և նրա հանցագործ խմբակից ազատել Հայաստանը։
– Մինչ Նիկոլին հեռացնելը ինչպե՞ս եք պատրաստվում դիմադրել նիկոլական խմբակի և իրենց օտարերկրյա պատվիրատուների ծրագրերին, օրինակ՝ «300 հազար ադրբեջանցուն Հայաստան բերելուն», Սահմանադրության թուրք-ադրբեջանական խմբագրումներին ևն։
– Ո՞րն է ձեր քաղաքականությունը (ոչ թե դիրքորոշումը, այլ հենց քաղաքականությունը) Հայաստանում քաղաքական հետապնդումների և քաղբանտարկյալների, Հայաստանը 24/7 ռեժիմով տեսահսկվող թվային կոնցլագերի վերածելու, Եկեղեցու դեմ վերսկսվող արշավի, ընդհանրապես ժողովրդավարական հետընթացի, արցախցիների հանդեպ ատելության քարոզարշավի, արցախցիներին ապօրինաբար քաղաքական իրավունքներից զրկելու, հայկական ինքնության դեմ արշավի, կայուն խաղաղություն հաստատելու հարցերի վերաբերյալ։
Խնդրում եմ պատասխանել այս հարցերին «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին, բայց ոչ միայն. այլ կուսակցություններն էլ պետք է պատասխանեն այս հարցերին։ Ի վերջո 600 հազարից ավելի քվեները միայն այս 2 ուժերին չեն, որ տրվել են և մենք իրավունք ունենք պատասխաններ ստանալու։
Հարգելի հարթակցինե՛ր, եթե Հայաստանի քաղաքական ուժերին ուղղված այլ կարևոր հարցեր կան, որոնք ձևակերպածս հարցերի մեջ չեն տեղավորվում, խնդրում եմ գրել մեկնաբանություններում։ Շիտակ, առանց հեգնական երանգների հարցեր։
Այս գրառման նպատակը ինչ-որ մեկի վրա «կեղտ բռնելը» չէ, «տեսե՛ք, բա որ ասում էի» չարախնդալը չէ, այլ հասկանալը, թե ի վերջո ուր են գնում այն ուժերը, որոնց մենք արդեն 6 տարի է տարբեր ձևերով աջակցում ենք։ Ընդհանրապես գնո՞ւմ են, թե ոչ։
Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
