Логотип

«ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՆԵՐԳԱՂԹ». ՔՊ-Ն ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Մի քանի օր առաջ Փաշինյանի ամենախորշելի թիմակիցներից մեկը հանդես եկավ հերթական սկանդալային հայտարարությամբ։ «Մենք պետք է ներգաղթ կազմակերպենք, նույնիսկ, եթե դա չի տեղավորվում, այսպես կոչված, ազգային գաղափարների մեջ։ Տասնյակ հազարավոր մարդիկ պետք է ներգաղթեն այստեղ։ Մենք նաև պետք է փոխենք այդ մոնոէթնիկ մտածելակերպը մեր գլուխներում։ Որովհետև այս տարածաշրջանում գոյատևելու այլ ճանապարհ չկա»,- հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ իր կուսակցության առավել հակահայկական գաղափարները բարձրաձայնելու հայտնի վարպետը։

ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՄԱՄՈՒԼՈՒՄ ՍԿՍԵՑԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՐՋԱՆԱՌՎԵԼ այն մասին, որ վերջերս կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ստորագրվել է ինչ-որ փաստաթուղթ՝ «Երևանի գործընկերության համաձայնագիր միգրացիայի վերաբերյալ»։ Ըստ ԶԼՄ-ների, այդ համաձայնագրի շրջանակներում Հայաստանը համաձայնել է ընդունել մինչև 250 հազար մահմեդական փախստականների, որոնք ներկայումս անօրինական կերպով բնակվում են ԵՄ երկրներում:

«Այսպիսով, Փաշինյանը հույս ունի արագացնել Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը։ 250.000 փախստականների մեջ կլինեն նրանք, ովքեր չեն կարողանում ինտեգրվել եվրոպական հասարակությանը, ինչպես նաև նրանք, ովքեր ներկայումս գտնվում են եվրոպական բանտերում՝ տարբեր ծանրության հանցագործությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Տրամաբանությունը, անկեղծ ասած, սպանիչ է. հանուն «ԵՄ-ին ինտեգրվելու»՝ ընդունել նրանց, ովքեր ի սկզբանե անկարող են ինտեգրվել այնտեղ։

Հաշվի առնելով, որ որպես տեղեկատվության սկզբնաղբյուր նշվում են թուրքական ԶԼՄ-ները, որոնք բազմիցս մերկացվել են հայկական թեմայով տարատեսակ ֆեյքեր տարածելու մեջ, կարելի էր հավանաբար թերահավատորեն վերաբերվել նաև այս հաղորդագրությանը: Սակայն Թորոսյանի հայտարարությունը մատնանշում է դրա հավաստիությունն ընդհանրապես, իսկ ժամանակի համընկնումը, հաշվի առնելով թուրքական կողմի աշխատանքի սերտ կապը Երևանում իր դրածոների հետ, դժվար թե պատահական լինի։

Մանավանդ եթե հիշենք երկամյա վաղեմության իրադարձությունները։

Այն է՝ 2024 թվականի ապրիլին անգլիական The Times-ը հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ Մեծ Բրիտանիան բանակցություններ է վարում Հայաստանի, ինչպես նաև աֆրիկյան մի շարք երկրների հետ՝ անօրինական միգրանտներ ընդունելու վերաբերյալ, որոնց Լոնդոնը մտադիր է արտաքսել երկրից։ Վկայակոչելով կառավարական փաստաթղթերը՝ թերթը գրում էր, որ անգլիացիները ցանկանում են Երևանի հետ ստորագրել միգրացիոն սխեմայի մասին համաձայնագիր, ինչպիսին Ռուանդայի իշխանությունների հետ ավելի վաղ ստորագրվածն է. երկիրն ընդունում է որոշակի թվով ապօրինի ներգաղթյալների՝ դրա դիմաց ստանալով գումար:

Կոնկրետ Հայաստանի պարագայում նշվում էր 350 միլիոն դոլար գումարը՝ մշտական հիմունքներով և առանց հայրենիք վերադարձնելու իրավունքի վերաբնակեցման համար։ Ավելին, պարբերականը հավաստում էր, որ հենց այդ հարցն էր բրիտանական ԱԳ փոխնախարար Դոքերթիի 2023 թվականի աշնանը Երևան կատարած այցի գլխավոր թեման։ Հայկական ԱԳՆ-ի կողմից այնուհետ տեղեկատվության հերքումը բացարձակապես անհամոզիչ հնչեց և ոչ միայն չփարատեց, այլև սաստկացրեց փորձագետների և հանրության մտահոգությունը։ Այդուհանդերձ հետագա զարգացումները հաջողությամբ «թաղեցին» նաև այդ թեման։

ԲԱՅՑ ԱՀԱ ԹԵ ԻՆՉՆ Է ՑՈՒՑԱՆՇԱԿԱՆ: ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ ԱՆՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ելույթ ունենալով խորհրդարանում, իբր մտահոգություն հայտնեց միջնաժամկետ հեռանկարում ՀՀ բնակչության սրընթաց կրճատման մասին կանխատեսումների առնչությամբ։ «Ես վստահ եմ, որ մենք կարող ենք բարելավել մեր ժողովրդագրությունը ներգաղթի միջոցով, այլ տարբերակ չկա: Մեզ շատ մարդիկ են պետք, որ Հայաստան գան, և ակնհայտ է նաև, որ այդ մարդիկ հայ չեն լինելու։ Հայեր կլինեն, իհարկե, բայց ոչ այնքան լավ երկրներից»,- հայտարարեց պաշտոնյան։

Դուք միանգամայն իրավացի եք, եթե կռահեցիք, որ այդ «մտահոգը» նույն Արսեն Թորոսյանն էր, այն ժամանակ՝ «ընդամենը» ԱԺ պատգամավոր: Ինչպես տեսնում ենք, շատ հետևողականորեն կատարելով Նիկոլի կողմից իրեն հանձնարարված կարևոր գործառույթը. նախապատրաստել Հայաստանի քաղաքացիներին Եվրոպայից արտաքսված անհասկանալի ծագում, դավանանք, բարոյական հիմքեր, անցյալ ունեցող ապօրինի ներգաղթյալների զանգվածային բնակեցմանը երկրում։

Հենց և միայն այդպես են իշխանությունները մտադիր «լուծել» Հայաստանի ժողովրդագրական խնդիրները՝ հընթացս աջակցելով սիրելի եվրոպացի գործընկերներին, ինչպես նաև դրա դիմաց ստանալով պատկառելի գումարներ։ Չպարուրելով շուրջ 140 հազար արցախցիներին համակողմանի հոգատարությամբ, չիրականացնելով բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրեր, չխրախուսելով ծնելիությունը, չօգնելով երիտասարդ ընտանիքներին, վերջապես՝ չխթանելով հայրենակիցների հայրենադարձությունը. ոչ, միայն հեղեղելով երկիրը ներգաղթյալներով, որոնք խանգարում են զարգացած եվրոպացիներին շարունակել զարգանալ։

Ի դեպ, հայրենադարձության մասին։ Հավանաբար բոլորն էլ դեռ հիշում են ճոխ ծրագրերը, որոնց մասին «հեղափոխությունից» անմիջապես հետո ամպագոռգոռ հայտարարում էր սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Սույն սուբյեկտը սպասվող զանգվածային հայրենադարձության ալիքի վրա ոտքի տակ տվեց աշխարհի կեսը բյուջեի միջոցներով, բայց պատմական հայրենիք վերադարձած հայերի հաշվին ենթադրյալ ժողովրդագրական «պայթյունի» այդպես էլ չհասավ։ Ամենայն հավանականությամբ, նման խնդիր դրված էլ չէր, բայց, ինչևէ, հայրենադարձության մասին մոռացան, և Թորոսյանը 2024-ին խոսեց «ներգաղթի» անհրաժեշտության մասին։

Եվ կրկնեց իր հայտարարությունն արդեն մեր օրերում, բայց արդեն շատ ավելի հստակ արտահայտված գաղափարական բաղադրիչով։ Եթե երկու տարի առաջ խոսքը վերաբերում էր «զուտ» ժողովրդագրությանը, ապա այժմ Թորոսյանը բացահայտ հեգնում է «ազգային գաղափարները», ինչպես նաև պնդում, թե պետք է փոխենք «մոնոէթնիկ մտածելակերպը մեր գլուխներում»։ Այսինքն բաց տեքստով խոսում է Հայաստանի բնակչության էթնիկ կազմը փոխելու իշխանությունների մտադրության մասին, և բնավ ոչ հօգուտ հայերի։

ԽՈՍԵԼ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՈՐՔԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՐԵՆ Է ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵՋ հարյուր հազարավոր ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցումը Հայաստանում, կարծում ենք ավելորդ է։

Ուշադրություն դարձրեք նաև փաշինյանական նախարարի այն փաստարկին, թե «այս տարածաշրջանում գոյատևելու այլ ճանապարհ չկա»։ Լո՞ւրջ։ Եվ ինչո՞ւ միայն նիկոլական ռեժիմն այնքան «խելացի» գտնվեց, որ այդպիսի «ճանապարհ» մտահղացավ։ Ինչո՞ւ են տարածաշրջանի մյուս բոլոր երկրները «գոյատևում» գրագետ և ազգային կողմնորոշմամբ քաղաքականության շնորհիվ, այդ թվում՝ սոցիալական և ժողովրդագրական, բանակի ամրապնդման, դիվանագիտական հմուտ աշխատանքի և տնտեսության զարգացման հաշվին, իսկ այ Հայաստանի համար «այլ ճանապարհ չկա»։

Մի՞թե ոչ այն պատճառով, որ դա պետք է եվրոպացիներին և ձեռնտու է թուրքերին։

Վերջապես, այս ծայրահեղ վտանգավոր գաղափարի ևս մեկ, բայց բնավ ոչ վերջին տեսանկյունը: «Ներգաղթը» և վերաբնակեցումը կընթանան, անշուշտ, Հայաստանից արցախցիների վտարմանը, ինչպես նաև այն հայերի զանգվածային արտագաղթին զուգահեռ, որոնք կտրականապես դեմ են իշխանությունների ապազգային քաղաքականությանը: Եթե իհարկե ՔՊ-ն վերարտադրվի ընտրություններում։

Եվ, ինչպեսև մնացած հարցերում, Փաշինյանի հանցախումբը մտադիր էլ չէ թաքցնել Հայաստանը տարածաշրջանային միջանցաբակի վերածելու իր ծրագրերն ու մտադրությունները, ուր կարելի է քշել բերել ամեն տեսակի թափթփուկների և տխմարաբար բնակեցնել տարածքը, չնչին չափով իսկ հաշվի չառնելով ազգային շահերը, որոնք, ի դեպ, տվյալ դեպքում շատ շուտով կվերածվեն պատրանքի։

Իսկ եթե ավելի հեռուն գնանք դեպի Երրորդ Հանրապետության անցյալը, ապա նրա հնաբնակները հեշտությամբ կհիշեն Փաշինյանի գաղափարական ուսուցչի աղմկահարույց հայտարարությունը։ «Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է»,- նախագահ եղած ժամանակ ասում էր ներկայումս ջանադրաբար իբրև ընդդիմադիր հանդերձավորվող Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ամենայն հավանականությամբ՝ դեռ այն ժամանակ լավ իմանալով հայկական ազգային պետության վերացման ծրագրերի մասին, որոնք 30 տարի անց հանձն կառնեն իրագործել Բաքվի խավիարով գարշահոտ բլիթի համար ամեն ինչի պատրաստ թուրքանման տականքները։