2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21,5%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք ուսումնասիրել է ՏԱՍՍ գործակալությունը։
Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների վիճակագրության համաձայն՝ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,196 միլիարդ դոլար, այնինչ 2025 թվականի հունվար-մայիսին այդ ցուցանիշը կազմել է 2,763 միլիարդ դոլար։ Սրան զուգահեռ կրճատվել է նաև ապրանքաշրջանառության ընդհանուր կառուցվածքում Ռուսաստանի բաժինը. Եթե անցած տարվա նույն ժամանակահատվածում ՌԴ-ին բաժին էր ընկնում ընդհանուր ծավալի 35,1%-ը, ապա 2026 թվականի առաջին հինգ ամիսներին այս ցուցանիշը կազմել է 28%։
Այս ֆոնին նվազել է նաև ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 2025 թվականի նշված ժամանակահատվածի 36,7%-ից 2026 թվականին հասնելով 29,8%-ի։ Ընդ որում՝ ԵԱՏՄ մյուս երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է. Բելառուսի հետ՝ 8,3%-ով, Ղազախստանի հետ՝ 10%-ով, իսկ Ղրղզստանի հետ՝ 194,8%-ով։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 7,865 միլիարդ դոլար, ինչը 0,1%-ով պակաս է 2025 թվականի ցուցանիշից (7,870 միլիարդ դոլար)։
News.am
