Հուսալ, թե ընդդիմության ներկայացուցիչների ամենահամոզիչ փաստարկների դեպքում Սահմանադրական դատարանը հանկարծ ԲՀԿ-ին կվերադարձնի ԿԸՀ-ի գողացած մանդատները, միամտություն է։ Դրա համար չէր, որ այդ մանդատները խլեցին ԲՀԿ-ից։ Դրա համար չէր, որ Փաշինյանը ԿԸՀ և ՍԴ խցկեց իր մարդկանց։ Ամեն ինչ ճիշտ հակառակն է. ԿԸՀ-ն և ՍԴ-ն Փաշինյանն իրենով արեց, որպեսզի ընդդիմությանը զրկեն մանդատներից, երբ դա հույժ անհրաժեշտ լինի իրեն։
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԱՊՐԻ ՊԱՏՐԱՆՔՆԵՐՈՎ, ՆԱ ՊԻՏԻ ՊԱՐԶ ՈՒ ՀՍՏԱԿ ՀԱՅՏԱՐԱՐԻ. գնում ենք ՍԴ ոչ թե այն պատճառով, թե արդարություն ենք ակնկալում նիկոլական դատարանում, այլ որպեսզի բոլոր անաչառ դիտորդներին մի ավելորդ անգամ համակարգված կերպով ներկայացնենք ընտրարշավի ընթացքում իշխող թիմի կատարած խախտումների մասշտաբը։ Մասշտաբ, որը թույլ տվեց «Քաղաքացիական պայմանագրին» մի կերպ կռճել ձայների իր գրեթե 50%-ը։
Ոչ, ստեղծված պայմաններում ԲՀԿ-ին խորհրդարանում 5 պատգամավորական տեղ տալը Փաշինյանի համար մղձավանջ է։ Նիկոլ Փաշինյանի համար հիմա ամեն մանդատը հաշվի մեջ է, ոսկուց թանկ։ Բանն այն է, որ վարչապետին դժվար ժամանակներ են սպասվում։ Նա պետք է վարձահատույց լինի այն աջակցության դիմաց, որ ստացավ ընտրություններում։ Հատուցի Վաշինգտոնի, Բրյուսելի, Անկարայի, Բաքվի աջակցության համար… Պարտատերերը շատ են։ Վճարման ռեսուրսը մեկն է. հայկական պետության կենսական շահերը։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հրապարակավ վիրավորում էր ոչ միայն ընդդիմության առաջնորդներին և ընդդիմադիր թիմերին, այլև այդ թիմերի հավանական ընտրողներին: Վիրավորում էր, սպառնում «վերացնել»։ Դա անում էր ոչ թե «կրքոտ հռետոր» լինելու պատճառով, ինչպես հիմա արդարանում է Արևմուտքի առջև, այլ որովհետև ընդդիմությունն իրեն լուրջ հարված է հասցրել։
Հավերժ արդիական հարց. վերցնի՞ արդյոք ընդդիմությունը մանդատները, թե ոչ։ Կարելի է բերել մանդատներից հրաժարման բազմաթիվ փաստարկներ, թեև դա բարդ խնդիր է՝ հաշվի առնելով ընդդիմության պատգամավորության հարյուրավոր գրանցված թեկնածուներին։ Բայց խնդրի էությունն այն չէ, թե արդյոք ընդդիմությունը կարող է համոզել իր գրանցված բոլոր թեկնածուներին հրաժարում ստորագրել պատգամավորական մանդատից։ Էությունը մոտեցման մեջ է։
Եթե խնդիրն այն է, որ հնարավորինս արագ և ցավոտ անախորժություններ պատճառեն իշխանություններին, ապա միանշանակ՝ մանդատները չվերցնել։ Իսկ եթե խնդիրն այն է, որ իշխանությունների համար հնարավորինս դժվարացնեն հերթական զիջումները Թուրքիային և Ադրբեջանին, կանխեն հայկական ինքնության այս կամ այն ձևով անարգման ուղղությամբ Փաշինյանի քայլերը, ապա պետք է պայքարել յուրաքանչյուր մանդատի, յուրաքանչյուր ամբիոնի, դիմադրության յուրաքանչյուր գործիքի համար։
Եթե այսօր հրաժարվում ես մանդատից, ապա վաղը, երբ հանկարծ ծայրահեղ իրավիճակ ստեղծվի, երբ շատ անհրաժեշտ լինի խորհրդարանի ամբիոնը, չէ որ չես ասի՝ վերջ, փոշմանել եմ, գնում եմ խորհրդարան։
Պետք է դիտարկել վատթարագույն սցենարը, երբ Հայաստանից կպահանջեն զիջումներ, որոնք կասկածի տակ կդնեն պետականությունը որպես այդպիսին, իսկ իշխող թիմը հակված կլինի համաձայնել, որպեսզի երկարաձգի իր իշխանությունը, նույնիսկ եթե դրա համար բռնաճնշումներ պահանջվեն երկրի ներսում։
Պետք չէ մոռանալ, թե ինչ ժամանակներում, որ տարածաշրջանում և որ երկրում ենք ապրում։ Մանդատներից հրաժարվելը դժվար է, բայց հնարավոր։ Իսկ հետ վերցնել դրանք հետո, երբ մեծ անհրաժեշտություն ու հրատապություն առաջանա, չի ստացվի։
