«Ենթադրենք, Իսրայելը դառնում է 33-րդ պետությունը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Արդյոք սա արմատապես կփոխի՞ իրավիճակը Կովկասում և Մերձավոր Արևելքում»,- այս հարցին իր Telegram ալիքում պատասխանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը կից Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:
Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը։ Նախաձեռնությունը ներկայացրել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, այն ընդունվել է կաբինետի անդամների կողմից կիրակի՝ հունիսի 28-ին:
X-ի իր միկրոբլոգում Սաարը գրառմամբ շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին այս հարցում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ Իսրայելը կատարել է բարոյական պարտավորություն՝ ճանաչելով պատմական ճշմարտությունը և մերժելով այն ժխտելու փորձերը: Իսրայելի կառավարության այս որոշումը դեռևս պետք է վավերացվի Քնեսեթի կողմից:
«Վերջին քառորդ դարի ընթացքում Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները վերելքներ և վայրէջքներ են ապրել։ Այնուամենայնիվ, երբ հարաբերություններն անկում էին ապրում, հրեական պետության ներսում «Հայկական հարցի» քաղաքականացումը սրվում էր։ Համապատասխան օրինագծերը մի քանի անգամ ներկայացվել են Քնեսեթ. այս համատեքստում կարելի է հիշել օրենսդիրներ Թամար Զանդբերգի, Յաիր Լապիդի և Գիդեոն Սաարի նախաձեռնությունները։
2025 թվականին Իսրայելի քաղաքականությանը միացավ «ծանր հրետանին»։ Ինքը՝ Բենյամին Նեթանյահուն, ամերիկացի հայտնի գործարար և փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ հարցազրույցի ժամանակ, հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի իրադարձությունները ճանաչում է որպես Հայոց ցեղասպանություն։ Սակայն խոսքերը պաշտոնական պետական որոշումներ չեն։ Ամեն դեպքում, այսօր՝ Անկարայի և Թել Ավիվի միջև հարաբերությունների կրկին կտրուկ սրման պայմաններում Իսրայելի քաղաքականության փոփոխության հավանականությունն ավելի մեծ է։
Այնուամենայնիվ, չափազանց կոպիտ պարզեցում կլինի, եթե այս ամենը դիտարկենք միայն ցինիկ հաշվարկներ, չնայած, իհարկե, հիմարություն կլիներ ժխտել դրանց առկայությունը։
Այնուամենայնիվ, Իսրայելի իրավապաշտպան և ակադեմիական համայնքներում վաղուց գոյություն ունի կոնսենսուս Հայոց ցեղասպանության ճանաչման և Օսմանյան իշխանությունների վերջին շրջանում կայսրության տարբեր ժողովուրդների նկատմամբ գործելակերպի դատապարտման վերաբերյալ։ Վերցնենք թեկուզ պրոֆեսոր Յաիր Աուրոնի գիտական աշխատանքներն ու հասարակական գործունեությունը։ Իշխանությունները ստիպված են հաշվի առնել նաև հարցի բարոյական կողմը»,-նշել է Մարկեդոնովը։
