Ինչպես արդեն գրել է «ԳԱ»-ն, չնայած ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի ողջ երերունությանը և Փաշինյանի լեգիտիմության վերաբերյալ նույնիսկ անկախ փորձագետների հիմնավոր կասկածներին, իշխանությունները, առանց հապաղելու, ձեռնամուխ են եղել Բաքվի հետ վաղուց ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Հապճեպությունը, ամենայն հավանականությամբ, թելադրված է հենց Նիկոլի ադրբեջանցի հանցակիցների կողմից, որոնք ստիպված էին որոշակի զսպվածություն ցուցաբերել նախընտրական շրջանում, և այժմ վերջապես լիակատար ազատություն են տալիս իրենց պահանջներին։ Հնարավոր է՝ նույնիսկ արագացնում գործընթացները Հայաստանում իրավիճակի ակնհայտ անորոշության խորապատկերին։
ԴՐԱ ՀՍՏԱԿ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՆՑ Ալիևի օգնականի Հայաստան կատարած այցն ու նրա հանդիպումը նիկոլական ԱԽ քարտուղարի հետ։ Հաջիևն ու Գրիգորյանը ցուցադրաբար զբոսնում էին Դիլիջանում՝ իրենց ողջ կերպարանքով լավատեսություն ու խաղաղասիրություն ճառագելով։ Այդ շոուին առանձնահատուկ ցինիզմ էր հաղորդում ինչպես Գրիգորյանի արցախյան ծագման փաստը, այնպես էլ Դիլիջանի ընտրությունը, որտեղ գրեթե ամեն քարն ու ծառը հիշեցնում են առողջարանային քաղաքի զարգացման գործում Ռուբեն Վարդանյանի ներդրման մասին: Ասենք, ամեն ինչ հենց այդպես էլ մտածված էր։
Ինչպես պարզվեց մի քանի օր անց, դրանում կար ևս մեկ, ոչ պակաս չարագուշակ իմաստ։ Բայց այդ մասին՝ քիչ ավելի ուշ:
Դիլիջանում կայացած հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ ասվում էր, թե քննարկվել են «խաղաղության օրակարգին առնչվող հարցեր», ինչպես նաև «» »երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված» միջոցառումներ: Վերջինը, ըստ էության, հերթապահ տեքստի միակ կոնկրետ կետն էր, որը հիմք էր տալիս ենթադրելու, որ առաջիկայում կշարունակվեն հայ հասարակության մեջ սուր քննադատության արժանացած «ակտիվիստների» փոխադարձ ուղևորությունները, որոնք պատրաստակամորեն իրականացնում են Ալիևի և Փաշինյանի հակահայկական ծրագրերը։
Հանդիպման մասին, սակայն, բոլորովին այլ տեղեկություն տվեց ինքը՝ Նիկոլը, հունիսի 17-ին իր ուսապարկերի առջև հիրավի խելագարի ելույթի ժամանակ։ Ինչպես ասում են, «Օստապի» լեզուն բացվեց. հանդիպման «սեղմ ժամկետները», ինչպես պարզվեց, թելադրված էին նրանով, որ «երկու կողմերն էլ դավադրություն էին զգում», որին «անհրաժեշտ էր արձագանքել»՝ «պատերազմի սպառնալիքները կառավարելու» նպատակով։ Նման սպառնալիքներից մեկը, «կողմերի» կարծիքով, Արցախի դրոշներն են Ազգային ժողովի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների աշխատանքային տեղում։
Հիշեցնեմ, որ դրոշներն այնտեղ են եղել խորհրդարանի ներկայիս կազմի աշխատանքի 5 տարիների ողջ ընթացքում։ Թե ինչու «կողմերը» դրանց մեջ սպառնալիք տեսան հենց հիմա, Նիկոլը բացատրեց այսպես. նման խորհրդանիշները կարող են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ միջազգային հանրության շրջանում հարց առաջացնել, թե կան արդյոք Հայաստանում ուժեր, որոնք ձգտում են «ծովից ծով Հայաստան» ստեղծել կամ վերադարձնել Ղարաբաղը։ Ինչպես ասում են, միանգամից երևացին Ալիևի «ականջները». Փաշինյանը հասկացնել տվեց, որ նոր խորհրդարանում դրոշներ թույլ չի տա և ավելի կոշտ կարգելի ու կկասեցնի Արցախի հետ կապված ամեն ինչ:
Այստեղ մենք մեզ թույլ տանք մի փոքր դիտողություն: Ընդունված է համարել, որ Փաշինյանն այդ ամենն անում է Բաքվի հրահանգով՝ իր թուրք յուզգյարներին հաճոյանալու և ամեն հարցում գոհացնելու նպատակով։ Իրականում, մասնավորապես Արցախի հարցում, նա ավելի թուրք է, քան Ալիևն ու Էրդողանը միասին վերցրած. ռեժիմի պարագլխի ատելությունն արցախյան և ճշմարիտ հայկական ամենի նկատմամբ նրան պարզապես խեղդում է, և այն ամենը, ինչ նա անում է, թելադրված է այդ ատելությամբ՝ ոչ պակաս, քան իր տերերին հաճոյանալու ցանկությամբ։
ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ, ՍԱԿԱՅՆ, ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ։ Հարց է առաջանում. ուրեմն ի՞նչ է քննարկվել դրա ընթացքում, «խաղաղության օրակարգ», «քաղաքացիական հասարակության» միջոցառումներ, թե՞ երկու հանցավոր ռեժիմների զարմանալիորեն համընկնող «դավադրության զգացողություններ»։ Ինչի՞ն հավատալ. պաշտոնական հաղորդագրությանը, թե՞ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի զառանցանքներին։ Ի՞նչ դավադրության մասին կարող է լինել խոսքը, հաշվի առնելով Փաշինյանի քաղաքականության անթաքույց հակահայկական ուղղվածությունը, որն ընտրություններից հետո արդեն բացահայտ ագրեսիվ բնույթ է ստացել։
Ակնհայտ է, որ եթե նույնիսկ խոսենք դավադրությունների մասին, ապա միայն հակահայկական մտադրությունների ու ծրագրերի համատեքստում, որոնց իրականացմանն անհապաղ ձեռնամուխ են եղել «կողմերը»։ Եվ այդ մասին ազդարարող առաջին ծիծեռնակը ադրբեջանական ՀԿ-ների ուղերձն էր ԱՄՆ Կոնգրեսին: Ալիևյան «ակտիվիստները» պահանջում են, որ կոնգրեսականները դադարեցնեն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ազատ արձակմանն ուղղված ջանքերը:
Ամենայն հավանականությամբ, Բաքվում լրջորեն վախենում են Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում Բրեդ Շերմանի առաջարկած և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հավանությանն արժանացած շտկման վերաբերյալ սպասվող քվեարկությունից: Շտկումը, հիշեցնեմ, կոչ է անում ԱՄՆ-ին «դիվանագիտական, տնտեսական և իրավական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա», ինչպես նաև « դիտարկել Մագնիտսկու գլոբալ ակտի շրջանակներում պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ հայ պատանդների ազատ արձակմանը հասնելու համար»:
Իբր «ոչ կառավարական», իսկ իրականում Բաքվի ռեժիմի կողմից լիովին վերահսկվող կազմակերպությունների ուղերձի բովանդակությունը մեկնաբանելն անիմաստ է. դրա անհեթեթությունը, ինչպեսև «փաստարկների» հորինվածությունն ու ցինիկությունն ակնհայտ են նույնիսկ կողքից դիտողին։ Շատ ավելի կարևոր է Դիլիջանի հանդիպման և Գրիգորյանի ու Հաջիևի գարշելի շոուից ընդամենը 2 օր անց ի հայտ եկած այդ «ուղերձի» ակնբախ կապը։ Այդ թվում՝ հանդիպման վայրի ընտրության համատեքստում, որը սերտորեն կապված է հենց Ռուբեն Վարդանյանի հետ։ Եվ պատահականության հոտ անգամ այստեղ չի գալիս։
Հայ գերիների ազատ արձակման հարցը, որը փոքր-ինչ մարեց ընտրությունների շրջանում, պարզապես չի կարող կրկին չարդիականանալ. այդ մասին են վկայում և՛ ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը ներկայացված շտկումը, և՛ Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի վերջին նախաձեռնությունը: Թե՛ Բաքվում, թե՛ Երևանում դա շատ լավ գիտակցում են, թե՛ Փաշինյանը, թե՛Ալիևը մտահոգված են դրանով և փորձում են միասնաբար դիմակայել Արցախի առաջնորդների և մյուս գերիների փրկության ու վերադարձի համար պայքարի նոր փուլին։
ԵԹԵ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՆԵ ՁԵՎԱՑՆՈՒՄ ԷԻՆ, Ճիշտ է՝ չափազանց անհաջող, թե իբր զբաղվում են այդ հարցով, ապա հիմա Փաշինյանն ու իր ուսապարկերն այդ դիմակն էլ են դեն նետում։ Միանգամայն ակնհայտ է, որ Դիլիջանում քննարկվել է նաև այդ «դավադրությունը». հայկական Սփյուռքի կազմակերպությունների և իրավապաշտպանների կողմից սատարվող միջազգային արշավն ի պաշտպանություն հայ գերիների: Նույնքան ակնհայտ է, որ այսուհետ Ալիևի և Փաշինյանի ռեժիմները համատեղ են պայքարելու Ռուբեն Վարդանյանի և նրա բախտակիցների ազատ արձակմանն ուղղված ցանկացած նախաձեռնության դեմ՝ «խաղաղության օրակարգի» քողի տակ. լկտիաբար, երեսպաշտորեն և բացահայտ ցինիկորեն։
«Ադրբեջանական ՀԿ-ների» ուղերձը դրա առավել քան խոսուն վկայությունն է. այն թեզը, թե «քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջները խանգարում են խաղաղությանը», առանցքայիններից մեկն է դրանում: Եվ սա լոկ սկիզբն է. այդ թեզը ոչ միայն առաջ է մղվելու և լոբբինգավորվելու Ադրբեջանի ջանքերով, այլև հրապարակային լիակատար աջակցություն է ստանալու Հայաստանը ուզուրպացրած իշխանությունների կողմից։
Ի՞նչն է խանգարում Նիկոլին բացեիբաց հայտարարել, որ Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների ազատ արձակումը «սպառնալիք է խաղաղությանը», այն ամենից հետո, ինչ նա արդեն արել ու ասել է։ Խանգարող ոչինչ չկա. նա կանի դա, լոկ ժամանակի հարց է: Եվ ոչ միայն կհայտարարի, այլև գործընթացում կներգրավի իր դեսպանատներն ու Սփյուռքի իրեն ենթակա հատվածը, որպեսզի ամեն կերպ աջակցի իր ադրբեջանցի յուզգյարներին և թույլ չտա միջազգային ճնշում գործադրել Ալիևի վրա։
Ճիշտ այնպես, ինչպես արեց 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, հայտարարելով, թե Արցախում հայերին ոչ մի ֆիզիկական վտանգ չի սպառնում և դրանով իսկ կանխելով փաստաթղթի ընդունումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստում…
Հետաքրքիր է, «վստահության ամրապնդման» առաջիկա միջոցառումներում հայ «ակտիվիստները» կաջակցե՞ն իրենց ադրբեջանցի գործընկերների նախաձեռնությանը: Եվ արժե՞ արդյոք զարմանալ, եթե մի գեղեցիկ օր ի հայտ գա «հայկական և ադրբեջանական ՀԿ-ների համատեղ ուղերձ համաշխարհային հանրությանը»՝ հայ գերիների ազատ արձակման անթույլատրելիության մասին, քանի որ նրանք «անջատողական հանցագործներ» են, այն էլ՝ «խաղաղությանը խանգարող»:
