Տնային կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 7-ին քվեարկել է խորհրդարանական ընտրություններում։
Նա քվեարկել է Գյումրիի 31/44 ընտրատեղամասում։
Արքեպիսկոպոսին ընտրատեղամաս է ուղեկցել երկու ոստիկան։
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոսը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը բռնազավթելու հրապարակային կոչերի համար։ Նրան մեղադրում են այն բանում, որ «ունենալով մեծ թվով կողմնակիցներ՝ նա 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ ներկայացուցիչներին տված հարցազրույցներում հրապարակայնորեն կոչ է արել իշխանությունը բռնազավթել»։
Նշենք, որ Ազգային ժողով կընտրվի առնվազն 105 պատգամավոր, եթե օրենսդրության առանձնահատկություններով պայմանավորված չգործեն այս կամ այն ուժերին լրացուցիչ մանդատներ տրամադրելու վերաբերյալ նորմերը։ Հայաստանի խորհրդարանը ընտրվում է համամասնական ընտրակարգով, այսինքն՝ միայն կուսակցական ցուցակներով։ Հայաստանի 9-րդ գումարման խորհրդարանում տեղերի համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և կուսակցությունների 2 դաշինք։ Խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների համար կազմում է 4%, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 8%։
News.am
