Логотип

«Մուլտի Վելնեսի» աշխատակից․ 150 աշխատակից առանց աշխատանքի է մնացել, մենք էլ փողոց փակե՞նք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Multi Wellness» ակումբի բռնցքամարտի բաժանմունքի մարզիչ և ղեկավար Հայկը լրագրողներին հայտնել է, որ հաստատության փակվելուց հետո մոտ 150 աշխատակից մնացել է առանց աշխատանքի։ Նա ելույթ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի աջակցության ակցիայի ժամանակ։

Մարզչի խոսքով՝ աշխատակիցները հավաքվել են ոչ թե խնդրանքով, այլ պահանջով՝ թույլ տալ իրենց վերադառնալ աշխատանքի։

«Մենք այստեղ խնդրելու համար չենք հավաքվել։ Մենք եկել ենք պահանջով։ Մոտ 150 աշխատակից այսօր մնացել է առանց աշխատանքի։ Յուրաքանչյուրն ունի ընտանիք, երեխաներ, վարկեր ու պարտավորություններ»,- հայտարարել է Հայկը։

Նա պատմել է, որ աշխատողներն արդեն վեց օր է, ինչ հայտնվել են անորոշության մեջ. նրանք չեն կարողանում մուտք գործել աշխատավայր և որևէ հստակ բացատրություն չեն ստանում։

«Երկուշաբթի առավոտյան եկանք աշխատանքի, բայց պարզվեց՝ ակումբը փակ է, մեզ ներս չթողեցին։ Չգիտենք՝ ինչ անել, ուր գնալ աշխատելու և ինչ պատասխանել հաճախորդներին»,- ասել է մարզիչը։

Հայկն ընդգծել է, որ աշխատակիցները չեն ցանկանում միջամտել ակումբի սեփականատերերի հետ կապված հնարավոր իրավական կամ այլ հարցերին և պահանջում են միայն մեկ բան՝ աշխատանքը շարունակելու հնարավորություն։

«Բացե՛ք մեր ակումբը, թո՛ւյլ տվեք աշխատենք։ Մնացած ներքին հարցերը դուք ինքներդ լուծեք»,- ասել է նա։

Մարզչի խոսքով՝ ինքը «Multi Wellness»-ում աշխատում է շուրջ 10 տարի և այդ ընթացքում իր ուժերն ու ժամանակն է ներդրել ակումբի զարգացման գործում։ Նա նաև նշել է, որ մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին և նախկինում մշտապես աջակցություն է ստացել ակումբի ղեկավարության կողմից։

Հայկը հավելել է, որ աշխատակիցները պատրաստ են շարունակել պայքարել խնդրի լուծման համար, և իշխանություններին կոչ է արել ուշադրություն դարձնել աշխատողների շուրջ ստեղծված իրավիճակին։

News.am