Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի կարծիքով՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև խաղաղության հուշագրի ստորագրումը արձանագրում է ԱՄՆ-ի փաստացի կապիտուլյացիան՝ Իրանին բարձրացնելով գերտերության մակարդակի։ «Գոլոս Արմենիի» հետ հարցազրույցում փորձագետը բացատրում է, թե ինչու լայնածավալ պատերազմի վերսկսումը քիչ հավանական է, և կոչ է անում Երևանին անհապաղ կնքել Իրանի հետ ռազմավարական բնույթի լիարժեք ռազմաքաղաքական դաշինք։ Քաղաքագետի գնահատմամբ՝ ներկայումս միայն Թեհրանն ունի այնպիսի ռեսուրսներ և քաղաքական կամք, որոնք կարող են պաշտպանել Սյունիքը և զսպել Բաքվի ու Անկարայի հավակնությունները։
– Պարոն Այվազյան, Դուք նշում եք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության հուշագրի ստորագրմամբ տարածաշրջանում ծնվել է նոր գերտերություն։ Որքա՞ն կայուն է Իրանի այս կարգավիճակը՝ հաշվի առնելով, որ հուշագիրը ընդամենը 60-օրյա միջանկյալ շրջանակային համաձայնություն է, այլ ոչ թե վերջնական պայմանագիր, իսկ ԱՄՆ-ում դեռևս ուժեղ են թերահավատների դիրքերը։
– Իհարկե, ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական դիմակայության վերսկսման վտանգը լիովին չի վերացել, սակայն նոր լայնածավալ պատերազմի հավանականությունը կտրուկ նվազել է։ Բազմաթիվ արևմտյան վերլուծաբաններ, մեկնաբաններ և նույնիսկ ամերիկացի որոշ կոնգրեսականներ ստեղծված իրավիճակը բնութագրում են որպես Վաշինգտոնի «կապիտուլյացիա» կամ նույնիսկ «անվերապահ կապիտուլյացիա»։ Այդպիսի գնահատականների հիմքում ընկած են ռազմական և աշխարհաքաղաքական գործոններ։
Հորմուզի նեղուցի 110-օրյա շրջափակումը խոշորագույն հարված հասցրեց համաշխարհային տնտեսությանը, քանի որ փաստացի փակեց արտաքին շուկաներ նավթի, գազի, հանքային պարարտանյութերի և մի շարք այլ արդյունաբերական ապրանքների համաշխարհային առևտրի մոտ 20–30 տոկոսի ելքը։ Պատերազմի վերսկսումը կնշանակի կրկին «պատնեշ» կանգնեցնել այս կենսական նշանակության ապրանքների ճանապարհին, որոնց ռազմավարական պաշարները ներկայումս բազմաթիվ երկրներում՝ այդ թվում նույնիսկ նավթի և գազի խոշորագույն արտադրող ԱՄՆ-ում, մոտեցել են նվազագույն մակարդակներին։ Ածխաջրածնային համաշխարհային պաշարների էական համալրման համար կպահանջվի առնվազն երեք-չորս ամիս։ Դրան գումարվում է նաև Հորմուզի նեղուցի ականազերծման անհրաժեշտությունը։ Նույնիսկ ռազմական գործողությունների դադարից հետո նեղուցը լիարժեք ռեժիմով, այսինքն՝ օրական մոտ 150 նավի անցում ապահովելու կարողությամբ, կսկսի գործել ոչ շուտ, քան մեկ-երկու ամիս անց։ Առայժմ նեղուցով երթևեկությունը սովորականից մոտ տասն անգամ ցածր է։
Այս ամբողջ ժամանակահատվածում նախագահ Թրամփի վարչակազմը ամեն գնով կձգտի պահպանել հրադադարի ռեժիմը, քանի որ արդեն նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացվելու են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնց արդյունքներից մեծապես կախված կլինի նաև 2028 թվականի նախագահական ընտրությունների արդյունքը։ Ուստի Թրամփը և Հանրապետական կուսակցությունը քվեարկությունից առաջ օբյեկտիվորեն շահագրգռված չեն տնտեսական իրավիճակի վատթարացմամբ։ Ավելին, միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունը և դեմոկրատների կողմից Կոնգրեսում մեծամասնություն ստանալը կարող են լուրջ քաղաքական վտանգ ստեղծել անձամբ Թրամփի համար՝ ընդհուպ մինչև իրական իմպիչմենտի հնարավորություն, եթե դեմոկրատները վերահսկողություն հաստատեն երկու պալատների վրա։ Այս պատճառով մինչև նոյեմբեր Իրանի դեմ նոր պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է թվում։
Կան նաև զուտ ռազմական գործոններ։ Վերջին պատերազմի ընթացքում Իրանի զանգվածային ռմբակոծությունները ոչ մի քայլով չմոտեցրին ԱՄՆ-ին և Իսրայելին իրենց հռչակած նպատակներին՝ Թեհրանում քաղաքական իշխանության փոփոխությանը, Իրանի կապիտուլյացիային, նրա հրթիռային և անօդաչու ուժերի ոչնչացմանը կամ երկրում արտադրված մոտ 460 կիլոգրամ հարստացված ուրանի նկատմամբ վերահսկողության հաստատմանը։ Ընդհակառակը՝ Իրանը և նրա տարածաշրջանային շիա դաշնակիցները Լիբանանում ու Իրաքում վճռական և արդյունավետ հակահարվածներ հասցրին՝ լուրջ վնաս պատճառելով Իսրայելին, տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին և ուժերին, ինչպես նաև ԱՄՆ-ի դաշնակիցներին՝ քրդական կազմավորումներին և Պարսից ծոցի արաբական միապետություններին։ Պատերազմի ավարտական փուլում, թեկուզ սահմանափակ չափով, հակամարտությանը միացան նաև Եմենի հութիները՝ հայտարարելով Բաբ էլ-Մանդեբի նեղուցը իսրայելական նավագնացության համար փակելու մասին։ Սա առանցքային ծովային հանգույցն է, որը կապում է Միջերկրական ծովը Հնդկական օվկիանոսի հետ։
Բացի այդ, 39-օրյա պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները, առկա գնահատականներով, սպառել է իր թևավոր և ավիացիոն հրթիռների օպերատիվ պաշարների մոտ 45–50 տոկոսը (այդ թվում՝ ավելի քան 1000 Tomahawk և մոտ 1000 JASSM հրթիռ), ինչպես նաև հակահրթիռային միջոցների զգալի մասը՝ Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռների մոտ կեսը (ավելի քան 1200–1500 միավոր) և THAAD համակարգերի մինչև 290 հրթիռ։
Զինատեսակների կիրառման այսպիսի բարձր ինտենսիվությունը հրթիռային պաշարների պակասի անմիջական վտանգ է ստեղծել և թուլացրել ամերիկյան զսպման հնարավորությունները այլ ռազմավարական ուղղություններում՝ նախևառաջ Թայվանի նեղուցի շրջանում և Եվրոպայում։ THAAD և Patriot հակահրթիռների պաշարները նախապատերազմյան մակարդակին վերականգնելու համար ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրին կպահանջվի մեկից չորս տարի, մինչդեռ Tomahawk հրթիռների պաշարների ամբողջական համալրումը կարող է ձգվել մինչև 2030–2031 թվականները։ Այս հանգամանքները ևս Վաշինգտոնին հետ պահելու իրանական արկածախնդրությունը կրկնելուց։
Եվս մի քանի կարևոր հանգամանք։ Հունիսի 18-ի համաձայնագրի համաձայն՝ Իրանը առաջիկա ամիսներին կստանա տասնյակ միլիարդավոր դոլարներ այն միջոցներից, որոնք երկար տարիներ սառեցված էին արտասահմանյան բանկերում։ Ավելին, Թեհրանը կկարողանա անարգել արտահանել նախկինում խիստ պատժամիջոցների տակ գտնվող իր նավթը և դրա վաճառքից ստանալ հսկայական եկամուտներ։ Մոտ 60 օր անց պետք է սկսի գործել նաև 300 միլիարդ դոլար ծավալով ներդրումային հիմնադրամը, որը հատուկ ստեղծվում է պատերազմի ընթացքում ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար։ Այլ կերպ ասած՝ Իրանը կստանա լրացուցիչ բազմամիլիարդանոց փոխհատուցումներ՝ դե ֆակտո ռազմատուգանքներ։
Նույն ժամանակահատվածում Իրանն ու Օմանը ծրագրում են Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձել անվտանգության և բնապահպանական հատուկ վճարներ, որոնք կդառնան փաստացի տարանցման տուրքեր: Սպասվող խոշոր ֆինանսական հոսքերը կնպաստեն Իրանի տնտեսության արագ վերականգնմանը, սոցիալական իրավիճակի բարելավմանն ու ազգային արժույթի (ռիալի) ամրապնդմանը, ինչպես նաև սպառազինության արդիականացմանն ու ռազմական ներուժի մեծացմանը։
Այսպիսով, նույնիսկ եթե մի կողմ թողնենք քաղաքական հայտարարություններն ու զգացմունքային գնահատականները, տնտեսական, ռազմական և ներքաղաքական գործոնների ամբողջությունը մոտ ապագայում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը դարձնում է մեծապես անհավանական։
– Դուք հիշատակեցիք Իրանի համար նախատեսված 300 միլիարդ դոլարի ռազմատուգանքները։ Միջազգային լրատվամիջոցներում այժմ վեճ է ընթանում․ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ը գումար չի վճարում Իրանին, այլ խոսքը մասնավոր կապիտալի ներդրումային հիմնադրամի և սառեցված իրանական ակտիվների վերադարձի մասին է։ Ինչո՞ւ եք Դուք այդ միջոցները դասակարգում որպես ռազմատուգանքներ։
– Իրանը պնդել է, որ հուշագրում ներառվի պատերազմի հասցրած վնասի փոխհատուցման դրույթ։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել 300 միլիարդ դոլարանոց ներդրումային հիմնադրամի ստեղծումը, որը փաստացի ծառայում է որպես հետպատերազմյան վնասների հատուցման մեխանիզմ։ Ինչ անուն էլ տրվի այս գործիքին՝ ներդրումային հիմնադրամ, օգնության փաթեթ, թե վերականգնման ծրագիր, դրա տնտեսական ու քաղաքական էությունը չի փոխվում. սա լայնածավալ հարձակման ենթարկված և մեծ ավերածություններ կրած պետությանը տրվելիք փոխհատուցում է՝ ռեպարացիա։
Թեհրանի համար սկզբունքայինը ոչ թե միջոցների աղբյուրն է, այլ դրանց ստացման փաստը։ Երկրորդական է՝ գումարը կտրամադրի անմիջապես ԱՄՆ-ն, թե՞, ինչն ավելի հավանական է, Վաշինգտոնի դաշնակից Պարսից ծոցի արաբական միապետությունները։ Իրանի տեսանկյունից՝ վերջիններս նույնպես պատասխանատու են տեղի ունեցածի համար, քանի որ պատերազմի ընթացքում իրենց տարածքը, ենթակառուցվածքներն ու ռեսուրսները տրամադրել են ամերիկյան ավիացիայի, նավատորմի և հրթիռային համակարգերի գործողություններին։ Ըստ առկա տվյալների՝ ԱՄԷ-ի պարագայում ներգրավվածության աստիճանն էլ ավելի անմիջական է եղել։
– Ձեր վերլուծության համաձայն՝ Թեհրանի ազդեցության գոտին կտրուկ ընդլայնվում է՝ Պակիստանից մինչև Այսրկովկաս՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և ԵՄ-ի թուլացման հաշվին։ Ինչպե՞ս է Իրանը նախատեսում իրավական կամ փաստացի ձևով ամրագրել այդ ազդեցությունը Այսրկովկասում՝ հաշվի առնելով այստեղ այլ դերակատարների ուժեղ ներկայությունը։ Եվ ինչպե՞ս կազդի Իրանի տնտեսական այս վերելքը մեր տարածաշրջանի ուժերի հարաբերակցության վրա։
– Կարծում եմ՝ Այսրկովկասի ենթատարածաշրջանում ազդեցությունն ուժեղացնելու համար Իրանը կգործադրի իր տրամադրության տակ եղած դիվանագիտական, տնտեսական և, անհրաժեշտության դեպքում, ռազմաքաղաքական միջոցների ամբողջ զինանոցը։ Մասնավորապես, TRIPP նախագիծը կամ «Թուրանական միջանցքը», ինչպես այն արդեն բացահայտ անվանում են Թուրքիայի խորհրդարանում, ուղղակիորեն հակասում է թե՛ իրանական, թե՛ առավել ևս հայկական կենսական շահերին։ Այս նախագիծը նախատեսում է Հայաստանի Հանրապետության՝ Իրանի սահմանին անմիջապես հարող տարածքի նկատմամբ ամերիկյան փաստացի վերահսկողության հաստատում, ներառյալ այնտեղ մասնավոր ամերիկյան ռազմական կազմավորումների և համապատասխան ենթակառուցվածքների տեղակայում։
Մինչդեռ հունիսի 18-ի հուշագրի չորրորդ կետում, Իրանի նախաձեռնությամբ, հստակ ամրագրված է հետևյալ դրույթը. «Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև պարտավորվում են վերջնական համաձայնագրի կնքումից հետո 30 օրվա ընթացքում դուրս բերել իրենց ուժերը Իրանի Իսլամական Հանրապետությանը հարակից շրջաններից»։
Այստեղից բխում է միանգամայն ակնհայտ եզրակացություն. Իրանը երբեք չի համաձայնի Սյունիքում ամերիկյան ռազմական ներկայության հաստատմանը, ուր մնաց թե՝ երկարաժամկետ ձևաչափով։ Իսկ առանց ամերիկյան ուժային բաղադրիչի TRIPP նախագծի իրականացումն իր ներկայիս տեսքով անհնար է։ Հենց այսպես Իրանի տնտեսական հզորացումը և պատերազմից հետո աճած ռազմաքաղաքական կշիռը կարող են լրջորեն փոխել ուժերի հավասարակշռությունը Այսրկովկասում և կասեցնել այն նախագծերի առաջմղումը, որոնք Թեհրանը դիտարկում է որպես անմիջական սպառնալիք։
Հայաստանում պետք է շտապ գիտակցեն, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի ստորագրումն ազդարարում է մեր հարևանությամբ նոր գերտերության ծնունդը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների դեմ պատերազմից դուրս է եկել ոչ միայն հաղթանակած, այլև իր աշխարհառազմավարական կշիռն ու ազդեցության լծակները բազմապատկած։
Իրանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտին ամբողջ Արևմտյան Ասիայում արագորեն ընդլայնվում է ԱՄՆ-ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Եվրոպական միության դիրքերի թուլացման հաշվին։ Իրանը արդեն սկսում է իր պայմանները թելադրել այս տարածքում գտնվող պետություններին, ինչպես նաև նրանց նախկին հովանավորներին։
Այս դարակազմիկ փոփոխությունները, սակայն, անցնում են Հայաստանի քաղաքական վերնախավի կողքով. դրանք չեն նկատվում, չեն վերլուծվում և անհրաժեշտ հետևությունների չեն հանգեցնում։ Հայկական խոսույթում շարունակում է գերիշխել ավանդական ռուս-ամերիկա-եվրոպական եռանկյունին, մինչդեռ տարածաշրջանային նոր իրականությունը պահանջում է սկզբունքորեն այլ մոտեցումների մշակում։
Ստեղծված պայմաններում Երևանի առաջնահերթ խնդիրը պետք է լինի շրջադարձը դեպի Թեհրան և Իրանի հետ լիարժեք ռազմաքաղաքական դաշինքի ձևավորումը։ Դա թույլ կտա երկարաժամկետ հեռանկարում ոչ միայն ամրապնդել, այլև որակապես բազմազանեցնել Հայաստանի ազգային անվտանգության համակարգը։ Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Իրանի հետ պաշտոնական դաշնակցային կարգավիճակը կդառնա հզոր զսպող գործոն, որը Բաքվին և Անկարային կստիպի հրաժարվել Սյունիքի նկատմամբ տարածքային հավակնություններից։
Թեև ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակում են մեծապես կարևոր մնալ, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը պետք է դառնա Իրանը։ Թեհրանը Հայաստանի ինքնիշխանության և հզորացման հարցում ավելի շահագրգռված է, քան արտաքին բոլոր ուժերը միասին վերցրած: Իրանն ունի և՛ ռազմաքաղաքական ներուժ, և՛ կամք՝ կանխելու հերթական ադրբեջանական ագրեսիան, մինչդեռ մյուս դերակատարների պարագայում բացակայում է կա՛մ առաջինը, կա՛մ երկրորդը։
Հետևաբար, Հայաստանի նորացված արտաքին քաղաքականությունը պետք է խարսխվի հստակ ու աներկբա հայեցակարգի վրա. ռազմավարական դաշինք Իրանի հետ՝ հանուն Հայաստանի անվտանգության, Սյունիքի անձեռնմխելիության և հայկական պետականության երկարաժամկետ կայունության։
