Логотип

ՆՈՐ ՈՐԱԿԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում բյուջեի վերաբերյալ քննարկումների ընթացքում, հայտարարեց, որ իր օրակարգում նոր որակի պետության ստեղծումն է: Այստեղ նա չի խորամանկում։ Կարելի է նույնիսկ ասել, որ այդ օրակարգի իրականացումը նա հաղթահարում է ժամկերտներից առաջ ընկած…

ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՈՒՆԵՆՔ ՈՐԱԿԱՊԵՍ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՔԱՆ ԱՅՆ, ՈՐԸ ԿԱՌՈՒՑԵԼ ԷԻՆՔ ՄԻՆՉԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԸ։ Տարբերակիչ գլխավոր հատկանիշը հրաժարումն է արտաքին քաղաքական ասպարեզում ազգային ինքնության հետ կապված որևէ հարցի հետամտումից։ Այդ ամենը կարևոր չէ. սա է ներկայիս կառավարության դիրքորոշումը։

Նոր որակի պետության երկրորդ գլխավոր բնութագիրը, որում ապրում ենք, մեկ մարդու բռնապետությունն է, որը միանձնյա լուծում է բոլոր հարցերը։ Ընդհուպ մինչև օրենսդրական նորմերի ոտնահարում, եթե դրա թեկուզ չնչին անհրաժեշտություն կա։ ԲՀԿ-ից մանդատները գողանալու դեպքը հենց այդ մասին է։

Փաշինյանի և նրան հավատարիմ ԿԸՀ-ի թեթև ձեռքով ընտրարշավը վերածվում է ֆիկցիայի, քանզի ընտրողների ձայները հաշվում են հասկանալի սկզբունքով. կուզենք՝ կհաշվենք, չուզենք՝ չենք հաշվի։ Իսկ թե ինչ է գրված օրենքում, կարևոր չէ, օրենքն էլ կարող է սխալվել, համարում են Փաշինյանն ու նրա ԿԸՀ-ն…

Տես, է, այդ ոնց ստացվեց, որ մեծ ժողովրդավար Փաշինյանը և ոչ պակաս մեծ ժողովրդավար, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը «հանկարծ» սկսեցին գործել համաշխարհային պրոլետարիատի մեծ առաջնորդ, ընկեր Ստալինի մոտեցումների համաձայն. «Բոլորովին կարևոր չէ, թե ով և ինչպես է քվեարկելու, բայց այ ծայրաստիճան կարևոր է, թե ով և ինչպես է հաշվելու ձայները»

Իսկ որպեսզի ձայները հաշվելն ավելի հեշտ ու հարմար լինի, այսօր վարչապետն արդեն առանց ամաչելու խոսում է այն մասին, որ իր օրակարգում այն համաքաղաքացիների քաղաքացիական, մասնավորապես՝ ընտրական իրավունքների սահմանափակման հարցն է, որոնց վերաբերյալ վարչապետը կասկածներ ունի, թե նրանք «սխալ» են քվեարկում։

Պետական համակարգում հեղաշրջում կատարեց մեկ անձը։ Պետք է արժանին մատուցել Փաշինյանին. այսօր նրա խոսքը գլխավոր օրենքն է բոլոր պետական կառույցների համար, որոնք վարչապետն իրենով է արել։

Ճաղերի հետևում փակում են մեկ անձի քմահաճույքով։ Կնստեցնեն, մարդը կնստի՝ ինչքան որ Փաշինյանին հաճո լինի, հետո բաց կթողնեն։ Դե, երբ Փաշինյանը որոշի, որ հերիք է արդեն, սիրտը կակղի…

Դատավորներին էլ նշանակում են այն սկզբունքով, որ կա՛մ կատարելու ես մեկ անձի քմահաճույքը, կա՛մ դատավոր չես լինի. հաղորդագրություն կուղարկեն, կասեն՝ հրաժարական տուր։ Դե, իսկ եթե չհեռանաս, ավելի վատ քո համար, հեռախոսային նամակագրություններիդ բովանդակությունը կհրապարանկենք ի տես ամենքի… Եվ այսպես՝ բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի և Սահմանադրական դատարանի անդամների։

Փաշինյանի գլխավոր գործիքը պարզ է. ֆինանսական խրախուսանք բոլոր նրանց, ովքեր նվիրված են և հնազանդ։ Արդյունավետ է գործում:

Դե, և նոր որակի պետության ևս մեկ յուրօրինակ նշանն այն է, որ ոչ ոք չի զարմանում, երբ վարչապետն ընկնում է երևակայության գիրկը, եթե չասենք՝ ստում։ Դե, օրինակ, երբ հայտարարում է, թե ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկողների մեծ մասը կաշառված է եղել։ Կամ երբ հանդիսավոր կերպով վստահեցնում է, թե տխրահռչակ TRIPP-ը, պարզվում է, ոչ թե այն մասին է, որ Ադրբեջանի տարբեր շրջաններ կապվելու են իրար Հայաստանի տարածքով, այլ… Խորը շունչ քաշենք…

TRIPP-ը, պարզվում է, այն մասին է, որ բացվում են հաղորդակցության ուղիները արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, Պարսից ծոցը կապվելու է Սև ծովի, Միջերկրական ծովը՝ Կասպից ծովի հետ։ Այսպես էր վստահեցնում Փաշինյանը խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ։

Մտացածին երկրում ապրող իր հերոսի շուրթերով մի ճապոնացի դասական գրող արտահայտել է հետևյալ միտքը. «Վարչապետն իր ճառերում բացահայտ սուտ է խոսում։ Բայց քանի որ բոլորին լավ հայտնի է, որ նրա խոսքերը սուտ են, ապա վերջին հաշվով դա նույնն է, թե նա բացարձակ ճշմարտություն ասի»:

Անհեթեթ է հնչում, բայց չէ որ մենք խոսում ենք նոր որակի պետության մասին…