ՀՀ տնտեսությունը՝ Փաշինյանի աշխարհաքաղաքական կուրսի պատանդը
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի սպասվող աշխատանքային այցը Երևան կարող է դառնալ հերթական շրջադարձային կետը, որը Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական կապերը կարող է վերջնականապես բերել խորը ճգնաժամի: ՀՀ ղեկավարության արտաքին քաղաքական կուրսը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ավելի ու ավելի է նմանվում եզրագծին հավասարակշռություն պահելու վտանգավոր փորձի, որտեղ դեպի Արևմուտք կատարվող ամեն քայլը Մոսկվայի կողմից ակնթարթորեն վերածվում է ծանր տնտեսական հետևանքների:
Փորձագիտական համայնքում և քաղաքական կուլիսներում մեծանում է այն գիտակցումը, որ Բրյուսելի կողմից առաջարկվող եվրոպական ինտեգրումն ու ֆինանսական օգնությունը երբեք անշահախնդիր չեն լինում: Եվրամիությունը միջոցներ չի հատկացնում զուտ բարի նապատակների համար (նայեք Ուկրաինային), ժողովրդավարությանն աջակցելու կամ օտար տնտեսությունների կայունության բարձրացման համար: Եվրոպական ռազմավարությունը պրագմատիկ է և խստորեն ստորադասված աշխարհաղաքական նպատակահարմարությանը, որտեղ սուբսիդիաների ու վարկերի տրամադրման գլխավոր պայմանը ստացող կողմի ակտիվ մասնակցությունն է հակառուսական հարթակներում: Հայաստանին նպատակաուղղված կերպով ներքաշում են ծավալուն աշխարհաքաղաքական նախագծի մեջ, որը ենթադրում է ուղղակի կամ անուղղակի դիմակայություն Ռուսաստանի Դաշնության հետ, ինչն էլ սուվերեն հանրապետությունը վերածում է օտար խաղի գործիքի:
Ակնհայտ է, որ ֆինանսական կամ տեխնիկական օգնության նոր պոտենցիալ փաթեթը, որը քննարկվելու է Երևանում բարձր մակարդակով, ինչպես նաև դրան անխուսափելիորեն ուղեկցող բարձրաձայն հայտարարությունները զարգացման եվրոպական վեկտորի մասին, Մոսկվայի համար ուղղակի հիմնավորում կդառնան նոր տնտեսական սահմանափակումներ մտցնելու համար: Բրյուսելի հետ ցանկացած ինտեգրում, որը դուրս է գալիս զուտ տնտեսական գործընկերության շրջանակներից և ձեռք է բերում ռազմաքաղաքական դրեյֆի բնույթ, Ռուսաստանում ընկալվում է որպես ուղղակի սպառնալիք Հարավային Կովկասում իր ռազմավարական շահերին: Այս պայմաններում հայկական իշխանությունները փորձում են կրկնակի խաղ խաղալ՝ եվրոպական վոյաժները համատեղելով դեպի Մոսկվա կատարվող հրատապ զանգերի հետ, սակայն նման մարտավարության արդյունավետությունը սրընթաց կերպով մոտենում է զրոյի:
Անկյունները հարթելու փորձի շրջանակներում ցուցադրական քայլ էր հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած Նիկոլ Փաշինյանի վերջերս ունեցած հեռախոսազրույցը ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Պաշտոնական հաղորդագրությունները՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում փոխգործակցության արդիական հարցերի կառուցողական քննարկման մասին, չպետք է մոլորության մեջ գցեն: Այս զանգը, ինչպես և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հայտարարություններն այն մասին, թե Երևանը խորապես շահագրգռված է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմամբ և սպասվող շփումներով, նման է ֆոն դեր Լայենի այցից առաջ իրավիճակը մեղմելու ջղաձիգ փորձի: Սակայն Մոսկվայում արդեն բացահայտ հայտարարել են, որ բարեկամության մասին հավաստիացումների ժամանակն անցել է, և հայաստանյան ղեկավարության գործողությունները դատելու են բացառապես իրական քայլերով (ինչի մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը), այլ ոչ թե դիվանագիտական ռևերանսներով:
Հայաստանի համար իրավիճակը բարդանում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի զրկվել է մանևրելու հնարավորությունից, և ցանկացած հետքայլ, ռուսական շուկաները պահպանելու նպատակով հետընթացի ցանկացած փորձ, սվիններով է ընդունվելու: Բրյուսելի և Վաշինգտոնի դեմքով արևմտյան համակարգողները Երևանից պահանջում են հստակ ու հետևողական հակառուսական դիրքորոշում (հիշենք տխրահռչակ «Բոլտոնի պլանը», որը ենթադրում է «հրաժարում պատմական կարծրատիպերից»), և փոքրագույն տատանումներն անգամ նրանց կողմից կդիտարկվեն որպես թուլություն կամ դավաճանություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով՝ խոստացված աջակցության ծրագրերի սառեցման տեսքով:
Մյուս կողմից, տարածաշրջանային ընդդիմախոսները՝ ի դեմս Բաքվի և Անկարայի, ուշադիր հետևում են Հայաստանի գործողություններին և պատրաստ են օգտվել Երևանի ցանկացած ռազմավարական սխալից, որպեսզի վերջնականապես պարտադրեն իրենց պահանջները «խաղաղության պայմանագրի» և տրանսպորտային միջանցքների վերաբերյալ: Ադրբեջանի և Թուրքիայի համար Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը և Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների միաժամանակյա ճգնաժամը իդեալական պայմաններ են ստեղծում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը վերջնականապես իրենց օգտին փոխելու համար:
Այս երկու առանցքային գործոնները՝ երկակի ստանդարտներից հոգնած Մոսկվայի կոշտ դիրքորոշումը և Արևմուտքի անզիջում պահանջները հարևանների ճնշման հետ մեկտեղ, իրենց համակցությամբ փաստում են այն մասին, որ հայկական տնտեսության և ընդհանուր առմամբ պետականության շուրջ իրավիճակը սրընթաց կերպով վատթարանալու բոլոր շանսերն ունի: Երկու աթոռի վրա նստելու և Եվրահանձնաժողովի ղեկավարի այցը որպես շանտաժի կամ սեփական լեգիտիմության ամրապնդման գործիք օգտագործելու Փաշինյանի փորձը հսկայական ռիսկեր է առաջացնում բիզնեսի և շարքային քաղաքացիների համար:
Հայաստանի կախվածությունը ռուսական էներգակիրներից, դրամական փոխանցումներից և ԵԱՏՄ միասնական շուկայից մնում է կրիտիկական, և ոչ մի եվրոպական դրամաշնորհ ի վիճակի չէ փոխհատուցել այն կորուստները, որոնք հանրապետությունը կկրի ՌԴ-ի կողմից լիարժեք տնտեսական շրջափակման դեպքում: Արդյունքում, հայկական տնտեսությունը հայտնվում է իր ղեկավարության հավակնոտ, բայց ծայրահեղ չմտածված աշխարհաքաղաքական ծրագրերի պատանդի կարգավիճակում, ինչը երկիրը տանում է դեպի անխուսափելի ճգնաժամ:
Մտածե՛ք այդ մասին…»։
