Логотип

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՆՈՐ ԲՌՆԱՊԵՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք մեր մանդատների հետ կապված, մանդատների հավաքական ուժով օգտագործել ենք բոլոր հնարավորությունները և միշտ համադրել ենք այդ հնարավորությունները փողոցային պայքարի հետ։ Այս մասին, պատասխանելով News.am-ի հարցին, հիշեցրել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքական գործչի խոսքով՝ իրենց քաղաքական ուժն այդ պայքարի առնվազն երկու մեծ փուլ է անցկացրել։

«Հասե՞լ ենք նպատակին։ Ո՛չ։ Բայց, այդուհանդերձ, ես չեմ տեսնում որևէ պահ, որ կարողանամ ասել, թե մենք ի վիճակի էինք ավելին անել և չարեցինք։ Դա փաստ է։ Հիմա հնարավորություններն իրականում ավելի շատ են՝ և՛ մանդատների քանակի տեսանկյունից, և՛ կա նաև այլ քաղաքական ուժ, որն ավելի շատ մանդատներ է ստացել՝ հանդես գալով ավելի թարմ, նոր դեմքերով։ Ես կարծում եմ, որ այստեղ նոր, հետաքրքիր հնարավորություն է բացվում պայքարի տեսանկյունից։

Սրան ավելացնենք հետևյալ հանգամանքը. այն, որ իշխանությունների լեգիտիմությունն անշուշտ հարցականի տակ է լինելու ամբողջ այս ժամանակահատվածում, ինչը նախկինում չի եղել։ Եվ, հավանաբար, ես նկատեցի, որ ընդդիմադիր ձայները կտրուկ ավելացել են։ Ըստ էության, եթե փորձենք գնահատել նույնիսկ փոշիացված ձայները, ապա այստեղ էլ մեծ մասը կազմել են ընդդիմադիր ձայները՝ ավելի քան 600 հազար։ Եթե դրանցից 10%-ը դուրս գա փողոց, դա բավարար է մեկ տարում այս իշխանությունների հարցը լուծելու համար»,- ընդգծել է ընդդիմության առաջնորդը։

Քաղաքական գործչի համոզմամբ՝ ներուժը կա, իսկ թե ինչպես նրանք կկարողանան օգտագործել այդ ներուժը, կախված է և՛ իրենցից, և՛ այն իրավիճակի որոշակի զարգացումներից, որն այսօր ստեղծվել է Հայաստանում։

«Ի դեպ, մի բան ավելացնեմ Ձեր հարցին։ Ես բերեցի տարբեր գործոնների 4 բլոկ, և ամենավճռորոշը, ըստ իս, արտաքին աջակցությունն էր։ Ինչո՞ւ։ Որովհետև արտաքին աջակցությունը ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տվեց արհամարհել օրենսդրությունը, արհամարհել, ասենք այսպես, քաղաքավարության բոլոր նորմերը։ Որովհետև այն աջակցությունը, որը ցուցաբերեցին, օրինակ, Միացյալ Նահանգները և եվրոպացիները, պարզ լեզվով կարելի է թարգմանել հետևյալ կերպ. «Արա՛, ինչ ուզում ես։ Մենք ճանաչում ենք քո իշխանությունը։ Ինչ ուզում ես, արա»։ Դա պարզապես նման հայտարարություն էր։ Եվ Նիկոլ Փաշինյանն արեց այն ամենը, ինչ հնարավոր էր, այն ամենը, ինչ կարելի էր և չէր կարելի՝ թքած ունենալով օրենսդրության վրա, թքած ունենալով ամեն ինչի վրա»,- նշել է Հայաստանի երկրորդ նախագահը։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ինքը փայլուն հարաբերություններ է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի, Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, բայց երբեք, ոչ մի ընտրության ժամանակ, ո՛չ Ժակ Շիրակը, ո՛չ Պուտինը, ո՛չ էլ այլ նախագահներ ընտրություններից առաջ կոչ չեն արել քվեարկել իր օգտին։

«Եվ նման բան ընդունված չէր։ Դա համարվում էր կոպիտ միջամտություն, և ես չեմ հիշում, որ Հայաստանի պատմության մեջ երբևէ նման բան տեղի ունեցած լինի։ Նույնիսկ 2021 թվականին նման բան չկար»,- նշել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ արտաքին ուժերի կողմից աջակցությունն այն ժամանակ իշխանություններին ցուցաբերվում էր, բայց որոշակիորեն միջնորդավորված։

«Նման միջամտությունն ինքնին արդեն մեծ հարցականի տակ է դնում արդյունքների լեգիտիմությունը։ Սա կոպիտ միջամտություն է։ Եվ դա, կրկնեմ այս միտքը, արձակեց Նիկոլ Փաշինյանի ձեռքերը՝ թույլ տալով նրան անել հնարավոր ամեն ինչ այս ընտրությունները կեղծելու համար։ Ըստ էության, արևմտյան առաջնորդները դարձան նոր բռնապետի ձևավորման, կայացման մասնակիցներ։ Այլ բացատրություն ես չունեմ»,- նշել է ընդդիմության առաջնորդը։

Քաղաքական գործիչը հիշեցրել է իր նախկին մամուլի ասուլիսների ժամանակ հնչեցրած միտքն այն մասին, որ այնտեղ, ուր առաջ են մղվում աշխարհաքաղաքական շահերը, ժողովրդավարությունը նահանջում է։

«Սա պարզ ճշմարտություն է։ Այսօր ստեղծվել է նման իրավիճակ։ Միացյալ Նահանգները բռնապետերին աջակցելու հսկայական փորձ ունի, երբ ելնելով հենց աշխարհաքաղաքական շահերից՝ նրանք պաշտպանում էին Պինոչետին, աջակցում էին Սոմոսային։ Նույնիսկ, եթե չեմ սխալվում, Ռուզվելտն ուներ հայտնի արտահայտություն։ Նա ասում էր. «Նա շան որդի է, բայց մեր շան որդին է»։ Հիմա նման իրավիճակ է»,- նշել է ընդդիմության առաջնորդը։

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը մտածված է ներքաշել Հայաստանին այս պատմության մեջ։

«Նա դա արել է մտածված, որպեսզի ստանա այդ աջակցությունը»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։

Ընդդիմության առաջնորդի խոսքով՝ տեղի ունեցածի գինը դարձավ ստեղծված իրավիճակը։

«Նա արեց ամեն ինչ։ Պարզապես ես հիշեցնեմ։ Նրանք մեկնեցին Բրյուսել՝ խնդրելով պաշտպանվել Ռուսաստանից, հիբրիդային միջամտություններից, հիբրիդային պատերազմից։ Եվ նա ներքաշեց Հայաստանը դրա մեջ մեկ պատճառով՝ ստանալ այդ աջակցությունը Արևմուտքից և օգտագործել այդ աջակցությունը ամբողջ ծավալով՝ թաղվելով ընտրական խախտումների մեջ»,- նշել է Հայաստանի երկրորդ նախագահը։

Ինչպես ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը, հենց դրանում էր կայանում նպատակը, և այդ նպատակին Նիկոլ Փաշինյանը հասավ, բայց դրա գինը վճարելու է հայ ժողովուրդը։

«Որովհետև նա մեզ ներքաշեց շատ Արևմուտքի և Ռուսաստանի միջև անցանկալի դիմակայության մեջ։ Հիմա ստացվում է այնպես, որ Փաշինյանի հաղթանակը Արևմուտքը ընկալում է որպես իր հաղթանակ։ Համապատասխանաբար, Ռուսաստանն ավտոմատ կերպով պետք է ընկալի այն որպես իր պարտություն։ Եվ հակառակը՝ Փաշինյանի հնարավոր ձախողումը Արևմուտքը սկսում է ընկալել որպես իր պարտություն, իսկ Ռուսաստանը՝ որպես իր հաղթանակ։ Երկրի համար սա ընդհանրապես ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Եվ իմ բոլոր հրապարակային ելույթների ժամանակ ես միշտ զգուշացրել եմ, որ սա վատ ուղղություն է, մի՛ տարեք երկիրը այնտեղ, մի՛ տարեք այնտեղ։ Բայց Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն տարավ Հայաստանը հենց այդ ուղղությամբ»,- նշել է նա։

Քաղաքական գործիչը մեկնաբանել է նաև այն փաստը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ այժմ չի շնորհավորել Հայաստանի վարչապետին ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

«Այն պայմաններում, երբ Եվրոպական միության և Ռուսաստանի միջև հարաբերությունները կրում են թշնամական բնույթ, երբ Եվրոպական միությունը փաստացիորեն քաղաքական միավորումից վերածվում է ռազմաքաղաքականի, իսկ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ դառնում են բացահայտ առճակատումային, Հայաստանին այս համատեքստում ներքաշելը անպատասխանատվություն է։ Ընտրություններում նա հաղթեց, բայց Հայաստանը դրանից պարտվեց։ Եվ դրա հետևանքները ծանր են լինելու։ Ամենից առաջ հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի համար։ Բայց նաև՝ հայ ժողովրդի համար»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

News.am