Логотип

ՍԴ-ՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Սահմանադրական դատարանի նիստերում ընդդիմության հարցերին պատասխանելիս հեգնանք խաղացնելու ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի փորձերը է՛լ ավելի ողորմելի են դարձնում նրա «փաստարկները»: Մեկնումեկդ ասեք նրան, որ ինքն ու հեգնանքը երկու անհամատեղելի բաներ են: Հաճախ ոչ միայն ՍԴ դատավորները, այլև անձամբ ԿԸՀ նախագահն էլ չի հասկանում, թե ինչ է ուզում ասել, որն է իրեն տրված հարցի էությունը. նրան միայն հեգնանքն էր պակաս։

Հասկանալի է, որ Վահագն Հովակիմյանն ուզում է նմանակել Նիկոլ Փաշինյանին, բայց դա հաստատ տրված չէ իրեն։ Ստացվում է նույնիսկ ավելի վատ, քան Փաշինյանի ոճով հեգնելու Արարատ Միրզոյանի փորձերը…

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԱՅՍ ՇՐՋԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐԵՆ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ՊԱՐԿԵՇՏ Է ՊԱՀՈՒՄ։ Ժամանակավոր երևույթ է, իհարկե, թելադրված բացառապես ՍԴ-ի խնդիրը չբարդացնելու ցանկությամբ։ Թիմում գտնվել է խելացի մեկը, հուշել է Նիկոլին, որ միառժամանակ պետք է թաղել պատերազմի տապարը։ Եվ ահա արդեն որերորդ օրն է Փաշինյանը, մի կերպ զսպելով իրեն, ոչ մեկին չի խոստանում ծեփել պատին, փռել ասֆալտին, փակել նկուղներում, վերացնել, ոչնչացնել… Եվ այլն, և այդպես շարունակ։

Ինչ վերաբերում է սահմանադրական դատարանում քննարկումների բուն էությանը։ Բազմաթիվ փաստեր են բերված առ այն, որ ընտրությունները հավասար հնարավորություններով չեն եղել, որ արդար ընտրությունների մասին խոսք անգամ չկա։ Ո՛չ քարոզչության փուլում, ո՛չ էլ նույնիսկ ձայների հաշվարկի։ Ընդդիմադիր ուժերի քարոզարշավը ճնշելու համար կառավարությունը ողջ թափով գործարկեց բռնաճնշիչ ապարատը։ Քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների տոտալ գաղտնալսումներ, ընտրական շտաբների խուզարկություններ, ձերբակալություններ, ընդդիմության առաջնորդների մեկուսացում քարոզչությանը լիարժեք մասնակցելու հնարավորությունից։

Ներկայացված են «Քաղաքացիական պայմանագրի» կողմից պետական միջոցների օգտագործման փաստեր։ Ամենից ակնհայտը կենսաթոշակների բյուջեով չծրագրված բարձրացումն է։ Փաստորեն, ընտրողների պատկառելի քանակի կատեգորիային ընտրակաշառք բաժանելու համար օգտագործվել է պետական բյուջեն։

Ընդ որում՝ ատելության հռետորաբանություն առաջին հերթին կառավարության ղեկավարի և իշխող թիմի առաջնորդի կողմից։ Գումարած նույն անձի հնչեցրած մեղադրանքներ ընդդիմության հասցեին՝ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու, պետության շահերին դավաճանելու մեջ… Եվ խեղճ ուժայինները Նիկոլ Փաշինյանին արդարացնելու համար բռնում ու նստեցնում են ում պատահի: Իսկ վերջում էլ ԿԸՀ-ն գողանում է ձայներն ընդդիմադիր կուսակցությունից, որպեսզի վերջինս պատգամավորական մանդատներ չստանա։

Մինչդեռ հենց ՔՊ-ի օգտին ձայների մեծամասնությունն է տրվել ընտրակաշառքի դիմաց, որը պետբյուջեի հաշվին բաժանել է իշխող թիմը։ Իսկ Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկողները, չնայած բռնաճնշումներին ու կաշառքներին, ամենասկզբունքային ընտրողն են՝ համոզված, որ ընտրությունը պետք է կատարվի պետության ապագայի մասին պատկերացումների հիման վրա:

Ասվածի լույսի ներքո կարող է թվալ, թե Սահմանադրական դատարանի խնդիրը բարդ է։ Իրականում այն շատ հեշտ է: Հեշտ է, որովհետև ՍԴ-ն այլընտրանք չունի ընտրությունները կայացած ճանաչելուն… Քանզի Փաշինյանի ձևավորած ՍԴ-ն հենց դրա համար էլ գոյություն ունի։ Հո իզուր չէր, որ Սեդա Սաֆարյանը դատավոր առաջադրվելիս հավաստիացնում էր իշխող կուսակցությանը, որ կարդարացնի վստահությունը… ժամանակը եկավ:

ՍԴ-ի համար միակ բարդությունն այն է, որ օբյեկտիվ որոշման պատրանք ստեղծելու համար անհրաժեշտ է որոշման մեջ նշել որոշ թերություններ։ Բարդ է այն, որ այդ խախտումները պետք է այնքան աննշան լինեն, որ ոչ մեկի մտքով անգամ չանցնի, թե դրանք կարող են ազդել արդյունքների և ԿԸՀ-ի ու ՍԴ-ի վճիռների վրա։ Այսինքն փաստարկների այն ծովից, որ ՍԴ նիստում ներկայացնում են ընդդիմության ներկայացուցիչները, ՍԴ-ն պետք է ընտրի ամենից աննշանները, իսկ մնացածները՝ մերժի իբր աննշանության պատճառով։