Логотип

ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ․ ԱՎԻՆՅԱՆՆ ԷՐ ՄԵՂԱՎՈՐ, ԱՍՈՒՄ ԷԻՆ` «ԱԺ-ՈՒՄ ԲՈՔՍԻ ՏԱՆՁԻԿ ԿԴԱՌՆԱՔ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իշխանություններն ընկճված են, իրենք հասկացան, որ պարտվեցին հավաքական ընդդիմությանը, իրենք իրենց շատ վատ զգացին, որ ԲՀԿ–ն համատեղ մասնակցեց «Մայր Հայաստան» կուսակցության հետ։ Այս մասին News.am–ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր–Եսայանը՝ անդրադառնալով այսօր՝ հունիսի 23–ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, որի ժամանակ ինքը վնասվածք էր ստացել դեմքին՝ աչքի տակ կապտած էր։

«Նրանք սադրանքներով ու հեգնանքներով էին խոսում մեր համատեղ մասնակցության մասին՝ դա որակավորել իբրև թուլության նշան, որ մենք միավորվել էինք ընդդեմ իրենց։ Դրա արդյունքում իրենք չկարողացան սահմանադրական մեծամասնություն կազմել և դրանից վատ զգալով անցան արդեն զրպարտանքների։ Արմեն Փամբուկչյանի բերանով հնչեց՝ եռագլուխ դևեր, պետական դավաճանի պաշտպանյալներ։ Այսինքն մեր կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանին փորձեցին պիտակավորել իբրև պետական դավաճան ու դա մեզ համար վիրավորական էր։ Մենք տեղից սկսեցինք իրենց հակադարձել, պատասխան տալ, որ սխալ բաներ եք խոսում, քանի որ դատարանը դեռ որոշում չի կայացրել։

Մենք հակադարձեցինք, պատասխանեցինք, որ սխալ բաներ մի խոսացեք, պետական դավաճանության զրպարտանք եք անում, և այնտեղից ավագանու մի հատ ՔՊ-ական անդամ շիշը նետեց մեզ վրա, այսինքն սադրեց կռիվը։ Թրաշով տղա էր։ Ես ճիշտ ասած իմ մոտ երեք ամիս է ինչ ավագանու անդամ եմ, ու ոչ մեկին չեմ էլ ճանաչում։

Շիշը նետելուց հետո իրենք սադրեցին, մեր Գրիգոր Իսկանդարյանին քաշեցին իրենց կողմ, շրջապատեցին ու սկսեցին խփել։ Ես մոտեցա, որ բաժանեմ, իրեն մեկուսացնեմ, սկսեցին ինձ էլ խփել։ Ես մեխանիկորեն չհասկացա, սկսեցի պաշտպանվել։ Պաշտպանվելու ընթացքում ես նոր հասկանում եմ, որ ինձ խփողները ոչ թե ավագանու անդամներն էին, այլ ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ։

Այսինքն քաղաքական վերնախավը, ոհմակը հրահանգ տվեց ոստիկաններին, որոնք իրավունք չունեին մեզ խփեին, բայց հրահանգով իրենց սկսեցին մեզ ծեծել՝ ինձ և Գրիգոր Իսկանդարյանին։ Դա դահլիճում էր, հետո մտածված, որպեսզի կամերաները չֆիքսեն, մեզ հանեցին դուրս և միջանցքում սկսեցին մեզ հարվածել։ Հարվածողները անվտանգության աշխատակիցներն էին և իրենց հասարակական կարգի աշխատակիցները։

Իրենք ոչ թե բաժանում էին մեզ, այլ հարվածում էին, պատժում էին։ Այսինքն այս «ժողովրդավարության բաստիոնում» ոստիկանները դարձել են օրվա իշխանության հլու–հնազանդ հպատակներ»,– ընդգծեց ավագանու անդամը։

Նա հայտարարեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանն է այս ամենի մեղավորը. ««Ինքը արտոնեց, ինքն է արտոնում այս կռիվները։ Սա առաջին դեպքը չի, ամեն ավագանու նիստի ժամանակ իրենք հրահրում են, սադրում են, իրենք հնչեցրեցին նման խոսույթ, որ դուք գալու եք Ազգային ժողով դառնաք բոքսի տանձ։

Իրենք այդ բոքսի տանձ խոսույթը, այդ երևույթը բերեցին ավագանի, որ մեզ ծեծեն, որպեսզի Ազգային ժողովի այս նոր պատգամավորները վախենան։ Իրենք պարզ ասում էին՝ դառնալու եք բոքսի տանձեր ու դա փորձեցին մեզ վրա»։

Տեր–Եսայանը նշեց, որ ինքը հարվածներ է զգացել գլխին, աչքին. «Պետք է գնամ բժշկի, եկա ձեր մոտ, նոր հետո գնամ դատաբժշկի մոտ։ Խառը հարվածում էին։ Հարվածողները քաղաքապետարանի աշխատողներ էին, ես դեմքով բոլորին չգիտեի, նաև նրանք, որ ոստիկանական անվտանգության շորերով էին, նաև այն ավագանիներից, որոնք Հայաստանի քարտեզն են կրում հագուստի վրա։ Մի 100 հոգով գալիս հարվածում էին, իրենց ասած բոքսի տանձն էին ուզում սարքեին։

Իրենք կանխամտածված վախի մթնոլորտ են ստեղծում, որպեսզի նախ ԲՀԿ–ն «Մայր Հայաստանի» հետ չգնա մինչև վերջ պայքարի մանդատներ վերցնելու։ Նաև բոլորս գիտենք, որ քրեական գործեր են հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին՝ ասաց, որ իրենց լիդեր Անդրանիկ Թևանյանը պետական դավաճան է և դրա համար կալանավորված է։ Դրանից հետո ծեծկռտուք սկսվեց ավանագու նիստերի դահլիճում։

News.am