Логотип

ՔԸԼԸՉԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ. ՈՎ Է ԸՆՏՐԵԼ ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ՔՊ-Ն, ԹԵ՞ ԹՈՒՐՔԵՐԸ

Անկեղծ ասած, առաջին անգամ է վիճակվում բախվել մի իրավիճակի, երբ պետության պաշտոնական ներկայացուցիչը շնորհավորում է մեկ այլ երկրի ներկայացուցչին բարձր պաշտոնի «թեկնածու ընտրվելու» կապակցությամբ: Բայց հենց դա տեղի ունեցավ երեկ ուշ երեկոյան, երբ Ռուբեն Ռուբինյանին հաջորդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու հայտարարելուց մեկ-երկու ժամ անց նրան ջերմորեն շնորհավորեց երկկողմ հանձնաժողովում իր գործընկեր, Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։

ԿԱՍԿԱԾՆԵՐԸ, ՈՐ ՔՊԱԿԱՆՆԵՐԸ ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ ԵՆ ԸՆՏՐԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՈՉ ԹԵ ՆԻԿՈԼԻ, ԱՅԼ ԱՆԿԱՐԱՅԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ, ի հայտ եկան միանգամից, իսկ Քըլըչի հապճեպ շնորհավորանքը միայն ամրապնդեց դրանք։ Ընդ որում թուրք ընկերը, որն ավելի շատ ասես Ռուբինյանի դասատուն լինի, շնորհավորեց ոչ թե թեկնածու ընտրվելու, այլ միանգամից «Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում» ընտրվելու կապակցությամբ։ Հասկանալի է, որ խոսնակի պաշտոնում Ռուբինյանին ընտրելը տվյալ պահին պարզ ձևականություն է թվում, բայց փորձառու Քըլըչն անտեսեց տարրական դիվանագիտական վարվելակարգը. իրոք որ, ինչո՞ւ մանրանա…

Չենք խոսում արդեն այն մասին, որ այսօր Սահմանադրական դատարանում սկսվում է ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով միանգամից 7 կուսակցությունների հայցերի դատաքննությունը։ Ինչպեսև այն մասին, թե որքան երերուն է իշխող կուսակցության վիճակը զանգվածային կեղծիքների և Փաշինյանի հաղթանակի լեգիտիմության վերաբերյալ կասկածների մասին բազմաթիվ հաղորդագրությունների խորապատկերին։ Պարզ չէ նաև, թե կվերցնի արդյոք ընդդիմությունն իր մանդատները։ Բայց Քըլըչին այդ ամենը չի հետաքրքրում. նա արդեն շնորհավորանքներ է ուղարկում «նոր խոսնակին»։

Մինչդեռ, Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում այն մարդու նշանակումը, որը վաղուց և բնավ ոչ անհիմն կասկածվում է թուրքական հատուկ ծառայությունների հետ կապերի մեջ, կարելի է համարել Անկարայի հերթական «ավարը»։ Եթե ՀՀ ԱԳՆ-ը ղեկավարում է Փաշինյանի մեկ այլ թիմակից, որը ժամանակին մերկացվել է թուրքական հատուկ ծառայությունների օգտին աշխատելու մեջ՝ «Օմեգա» ծածկանունով (այդ փաստն այդպես էլ քիչ թե շատ համոզիչ կերպով չհերքվեց), ապա այժմ կլինի նաև խոսնակ, որը սերտորեն կապված է Անկարայի հետ։

Իսկ Փաշինյանի մասին խոսելն անգամ ավելորդ է. ճիշտ է, թուրքական գործակալ նա կարծես թե չի եղել, փոխարենը թե՛ այդ երկրի, թե՛ դրա առաջնորդի նկատմամբ բառացիորեն տոգորված է ամենաքնքուշ ու անթաքույց հավատարմահպատակային զգացմունքներով։ Ամենևին պատահական չէ, որ «վարչապետի» յուրօրինակ այցեքարտն է դարձել հայերի ազգային արժանապատվության համար թերևս ամենանողկալի և նվաստացուցիչ լուսանկարը, որում նա սրտաթրթիռ կրծքին է սեղմում Էրդողանի գիրքը և ժպտում իր կյանքի երազանքին վերջապես հասած մարդու երջանկագույն ժպիտով…

Վերադառնանք, սակայն, Ռուբեն Ռուբինյանին։ Ավելի ճիշտ՝ 5 տարվա վաղեմության պատմությանը, երբ ԱԺ փոխնախագահի ընտրության ժամանակ առաջին անգամ ջրի երես ելավ Ստամբուլում նրա «գիտական ուսումնասիրությունների» պատմությունը, և նրան հրապարակավ անվանեցին Հայաստանում թուրքական ազդեցության գործակալ։ Այն ժամանակ Ռուբինյանը խոստովանեց, որ Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս շարունակ ուսումնասիրություններ է կատարել Թուրքիայում։ Եվ հայտարարեց, թե իբր՝ «երբեք դա չի թաքցրել»։

Վերջին պնդումը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը. ո՛չ ՀՀ խորհրդարանի պաշտոնական կայքում, ո՛չ էլ Վիքիպեդիայում Ռուբինյանի մասին էջում այդ փաստը նշված չէ. լավագույն դեպքում խոսվում է «գիտական ուսումնասիրությունների» մասին՝ առանց որևէ կոնկրետության: Եթե դրանում ոչ մի բացասական ենթատեքստ չկա, ապա ինչո՞ւ են, մի հարցնող լինի, թաքցրել։ Մանավանդ որ «ենթատեքստը» վաղուց արդեն հայտնի է բոլորին։

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏՆՎԵՑԻՆ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԴ ՀԱՏՎԱԾԻ ՄԱՍԻՆ։ Սկզբում ԵՊՀ-ում, այնուհետ Լոնդոնում և Լեհաստանում սովորելուց հետո Ռուբինյանը 2017-2018 թվականներին, այսինքն փաշինյանական հանցախմբի կողմից իշխանության զավթումից անմիջապես առաջ, «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստանի և Թուրքիայի միջև փորձի փոխանակման» նախագծի շրջանակներում ինչ-որ ուսումնասիրություններով է զբաղվել Սաբանջի համալսարանին կից «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում»։

Շատ ուշագրավ է այդ ուսումնասիրությունների թեման. հասարակական կազմակերպությունների ազդեցությունը Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացների վրա։ Բայց է՛լ ավելի ուշագրավ է բուն համալսարանը։ Դրա հիմնադիրը թուրք գործարար ազգայնամոլ Հաջի Օմերն է, որը 1934թ. Քեմալ Աթաթուրքի խորհրդով ընտրել է Սաբանջի ազգանունը և նույն Աթաթուրքի օգնությամբ զավթել Ադանայի հայերի անձնական և եկեղեցական գույքը՝ ընդհանուր հաշվարկով 100 մլրդ դոլարի արժողությամբ:

Համարվում է, թե համալսարանը հիմնադրվել է Սաբանջիի զավակների կողմից, իսկ դրա հիմնական նպատակը քարոզչական աշխատանքն էր օտարերկրացի ուսանողների հետ՝ նրանց թուրքական ազդեցության գործակալների վերածելու համար: Ըստ ԶԼՄ-ների՝ բուհի դասախոսների մեջ շատ են Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները։

Ավելին, համալսարանին կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» մշակվել է «հասարակական կազմակերպությունների դերի բարձրացման և դրանց միջոցով քաղաքական փոփոխությունների իրականացման» նախագիծ։ Սա գործնականում բառ առ բառ Ռուբեն Ռուբինյանի ուսումնասիրությունների թեման է։

Ստամբուլից վերադառնալուց անմիջապես հետո սույն «հետազոտողը» նշանակվում է իր առաջին աշխատանքին… ՀՀ արտաքին գործերի փոխնախարար։ Չունենալով համապատասխան կրթություն, մեկ օր անգամ անցկացրած չլինելով ոչ միայն դիվանագիտական, այլև ընդհանրապես որևէ ծառայության մեջ։ Նույնպես պատահականությո՞ւն էր, թե արդեն այն ժամանակ Անկարան իր հեռահար ծրագրերն ուներ այդ «գիտնականի» հետ կապված ։ Եվ մի՞թե անհիմն են կասկածները թուրքական հատուկ ծառայությունների հետ նրա կապերի վերաբերյալ, ինչպես չափազանց եռանդագին փորձում է ներկայացնել դա Ռուբինյանը։

Չէ՞ որ 2022 թվականի նույն հունվարին՝ ԱԺ նիստի ժամանակ, նա կորցրեց ինքնատիրապետումը, երբ հիշատակեցին իր կենսագրության այդ շրջանը, և քիչ էր մնում ձեռնամարտի բռնվեր ընդդիմադիր պատգամավորների հետ՝ սպառնալով նրանց հետ անել «ինչ ուզենա»… Դե ինչ, հիմա, խոսնակի պաշտոնում, Քըլըչի սանը շատ ավելի մեծ հնարավորություններ կունենա դրա համար։ Իզուր չէ, որ Նիկոլի ոմն վեցնոցը՝ Ալխաս անունով, արդեն «բոքսի տանձի» դեր է խոստացել ընդդիմությանը ապագա խորհրդարանում…

Այն, որ Ռուբինյանին ընտրելը թելադրված էր Անկարայի կողմից, գործնականում կասկածից վեր է, և զարմանալու բան էլ այստեղ չկա։ Եթե ՔՊ-ի օկուպացիոն ռեժիմը Հայաստանում բացահայտ թուրքամետ քաղաքականություն է վարում, ապա ինչո՞ւ պիտի Անկարան թաքցնի, որ ինքն է նախորոշում նաև կադրային քաղաքականությունը Հայաստանում։ Քըլըչի «ականջները», որոնք չափազանց բացահայտ երևացին Ռուբինյանի ընտրման հետևում, առավել քան խոսուն են վկայում այդ մասին…