Логотип

ԻՐԱՆԻ «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ». ՓՈՐՁԱԳԵՏԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Իրանն աջակցում է տարածաշրջանում ցանկացած խաղաղ նախաձեռնության և հարևան երկրներում կայունությունը դիտարկում է որպես սեփական անվտանգության գործոն, միաժամանակ ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը: «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում այս հայտարարությունն արեց Իրանա-եվրասիական հետազոտությունների ինստիտուտի (IRAS) փոխտնօրեն, տարածաշրջանային անվտանգության փորձագետ Արմինա Արմը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա դիմակայությունից հետո խաղաղության առաջխաղացումը դրական ազդակ է, միաժամանակ Թեհրանը մշտական կապ է պահպանում երկու կողմերի հետ։

«Իրանի համար առանցքային «կարմիր գիծը» մնում է Հայաստանի հետ պատմական սահմանի պահպանումը. այն պետք է մնա անփոփոխ և անվտանգ»,– շեշտեց նա:

Փորձագետն ընդգծեց, որ Իրանն ավանդաբար մեծ նշանակություն է տալիս հարևանների հետ հարաբերություններին, իսկ Հայաստանը դիտարկում է որպես ամենամոտ գործընկերներից մեկը: Նրա խոսքով` երկկողմ կապերը մնում են կայուն ինչպես կառավարությունների, այնպես էլ հանրային մակարդակով և չեն փոխվել նույնիսկ պատերազմից հետո: «Երկու պետությունների միջև բացակայում են համակարգային խնդիրները», – հավելեց նա:

Խաղաղության գործընթացին աջակցելը, նրա խոսքով, պրագմատիկ բնույթ է կրում։ Միաժամանակ Թեհրանի համար սկզբունքային է գոյություն ունեցող սահմանների պահպանումը։

Արմինա Արմը պարզաբանեց, որ Իրանի համար կարևոր են երկու առանցքային պայմաններ՝ սահմանների բաց լինելը և Իրանի տարածքի մոտ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայություն թույլ չտալը, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի շրջանակում: Այս առնչությամբ ՀՀ իշխանությունները մշտական կապի մեջ են իրանական կողմի հետ և հավաստիացրել են, որ անհանգստանալու պատճառ չկա, այդ թվում՝ սահմանին ռազմական ներկայության մասով:

Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ Թեհրանը չի առարկում «Թրամփի ուղու» իրագործմանը, եթե այն կնպաստի խաղաղության զարգացմանն ու ամրապնդմանը:

Sputnik Արմենիա