Այն գումարները, որոնք նախատեսված էին ՀՕՊ համակարգի համար, այդ գումարներով գնվել են ՍՈւ-եր՝ մոտ 120 միլիոն դոլարի։ Այսօր Իջևանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարաեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Մի խայտառակություն է, որի համար ոչ մեկ պատասխան չտվեց։ Եթե գնվեին ՀՕՊ համակարգերը, հաստատ, 100 տոկոս վստահությամբ ասում եմ՝ «Բայրաքթարների» հարցը կլուծեին և պատերազմը լրիվ այլ կերպ կավարտվեր։ Մենք այդ պատերազմում պարտվել ենք անօդաչու թռչող սարքերին»»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ թեպետ բոլորս խաղաղության ենք ձգտում, բայց այսօր էլ գնվում են զենքեր, որոնք չենք կարողանալու օգտագործել անհրաժեշտության դեպքում։
«Օրինակ, ֆրանսիական հրետանի, որը լավն է, բայց հրետանին առանց արկերի ուղղակի металлолом է (մետաղի ջարդոն- խմբ․), մի քանի տոննա մետաղ է։ Հիմա քարտեզին նայեք՝ Ֆրանսիայից այդ արկերը ո՞նց պետք է բերես, Հայաստան հասցնես անհրաժեշտության դեպքում, ո՞ր ճանապարհով։ Ես մի բան հիշեցնեմ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ միայն Իրանի օդային տարածքն էր բաց նման կարգի մատակարարումների համար։ Այն, ինչ կատարվում է հիմա Իրանի շուրջ, նշանակում է՝ նաև այստեղ է փակ լինելու Ֆրանսիայից՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրից բերելու համար»,- ասաց Քոչարյանը։
Ենթադրում է, որ արկերի որոշ քանակ մեր երկիր բերվել է, բայց և կարծում է, որ ինտենսիվ պատերազմի դեպքում դա 2-3 շաբաթվա պաշար է լինելու։
Այսօր ավելի վաղ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում նախընտրական քարոզարշավին Քոչարյանն ասաց, որ եթե պետության համար անվտանգությունն ու բանակն առաջնահերթություն լինեին, ապա մեր երկրում պարեկների աշխատավարձն ավելի բարձր չէր լինի։
Նա ընդգծեց, որ իր նախագահության տարիներին մշտապես ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ բանակի աշխատավարձերը միջինը 25 տոկոսով բարձր լինեին, օրինակ, ոստիկանության աշխատավարձերից։
«Հիմա մարդիկ նայում են, ասում են՝ պետության համար բանակն առաջնահերթություն չի, հակառակ դեպքում պարեկն ավելի շատ աշխատավարձ չի ստանա, քան բանակը։ Պետության գերակայությունները ցույց տալու լծակն առաջին հերթին աշխատավարձերն են, արտոնությունները, պարգևատրումները»,- նշեց նա։
Հավելեց՝ ընդ որում ոստիկանական համակարգում էլ առավելությունները տրվում են ոչ թե հանցագործությունների բացահայտման ոլորտում ծառայողներին, այլ նրանց, ովքեր աշխատացնում են «քաղաքական ճնշումների մահակը»։
Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
