Ավելի քան 2 ժամ է` «Մայր Հայաստան» կուսակցության անդամները և համակիրները իրենց գրասենյակի մոտ սպասում են քննչական գործողությունների ավարտին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ։
«Մեզ թույլ չեն տալիս մտնել գրասենյակ։ Ուղիղ ժամը 07։00–ին ԱԱԾ–ն մտավ կուսակցության գրասենյակ։ Թե քննչական գործողություններին ինչ կհետևի, արդյոք Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով ձերբակալվելու է Անդրանիկ Թևանյանը, դեռևս պարզ չէ։ Սկզբում բավականին կոպիտ ձևով` իմ ձեռքերը քաշքշելով, բռնի ուժ գործադրելով ԱԱԾ–ն թույլ չէր տալիս, որ ես նկարահանում իրականացնեմ։ Ես պահանջում էի ներկայացնել ծանուցագիր։ Միայն մեր փաստաբանի գալուց և ծանուցագիր ներկայացնելուց հետո ես դադարեցրի նկարահանումը»,– պատմեց Մանուկյանը։
Նա ավելացրեց, որ նույնիսկ անձնական` իր ընտանիքին վերաբերող փաստաթղթեր թույլ չեն տվել գրասենյակից դուրս հանել։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։
