Որքան ավելի է մոտենում խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան ակնհայտ է դառնում. Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, որն օրըստօրե կորցնում է ժողովրդական լեգիտիմության մնացորդները, հրաժարվում է ժողովրդավարական դեկորացիաներից և խաղադրույք կատարում ընտրական դաշտի տոտալ զտման վրա։
ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՐԸՆԹԱՑ ԸՆԿՂՄՎՈՒՄ Է ԼՐՏԵՍԱՄՈԼՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՏԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ և բռնաճնշումների մթնոլորտի մեջ։ Ոստիկանական արշավները, զանգվածային խուզարկություններն ընդդիմության շտաբներում, ձերբակալություններն ու կալանավորումները, սարքած քրեական գործերը դարձել են նախընտրական քարոզարշավի ամենօրյա իրականություն: Այն մեթոդները, որ այսօր օգտագործում է իշխող վերնաշերտը, ակամայից հիշեցնում են խորհրդային պատմության ամենամռայլ էջերը. չարագուշակ 1937 թվականը։ Քաղաքական պարանոյան, ընտրություններում պարտվելու վախը և իշխանությունն ամեն գնով պահելու մոլի ձգտումը ծնել են բռնաճնշումների ալիք, որոնց մասշտաբներն օրեցօր աճում են։
Այս քարոզարշավում այդ լրտեսամոլության գլխավոր օբյեկտը «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն է։ Հիմք ընդունելով լրատվական կասկածելի արտանետումները՝ Նիկոլ Փաշինյանը հենց նախընտրական միտինգների ամբիոնից «ՌԴ ԱԴԾ գործակալ» անվանեց հայտնի գործարարին ու բարերարին, իսկ նրա ստեղծած քաղաքական ուժին՝ «Կրեմլի գործակալական ցանց»։ Կարապետյանը պատասխանեց հակիրճ, բայց դիպուկ. «Եթե ես լրտես եմ, ապա հայ ժողովրդի լրտեսն եմ»:
Իշխող թիմի զինանոցում այս հնարքը նոր չէ։ Կարապետյանից առաջ «Կրեմլի գործակալների» և «Մոսկվայի խամաճիկների» կարգավիճակում հասցրել էին լինել իշխանության համար թեկուզ փոքր-ինչ վտանգ ներկայացնողներից շատ-շատերը։ Այսպես, ռուսական հատուկ ծառայությունների օգտին աշխատելու և «դրսից ստացած հրահանգով հեղաշրջում» կազմակերպելու փորձերի մեջ իշխող ռեժիմն ավելի վաղ մեղադրում էր «Սրբազան պայքար» բողոքի շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, որն այժմ կալանքի տակ է։ Ազգային շահերի պաշտպանության կամ իշխանությունների ուղեգծին անհամաձայնություն ցանկացած փորձ անխուսափելիորեն բախվում է «արտաքին դավադրության» մեջ հերթապահ մեղադրանքի։
Փաշինյանի ցուցադրական հաշվեհարդարի նոր թիրախը «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանն է։ Ելույթ ունենալով Վանաձորում նախընտրական միտինգում՝ վարչապետը հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե և կպահանջի անհապաղ քրեական գործ հարուցել Թևանյանի դեմ՝ «հայրենիքի դավաճանություն» հոդվածով:
Թևանյանն անմիջապես արձագանքեց և Փաշինյանին անվանեց «հայկական Զելենսկի»։ «Պատկերացնում եք, Թուրքիայի և Ադրբեջանի շահերին ծառայող, Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանն ինձ է մեղադրում պետական դավաճանության մեջ»,- հայտարարեց քաղաքական գործիչը: Հենց Փաշինյանն է, նրա հավաստմամբ, պետական դավաճան և հետագայում պիտի պատասխան տա իր բոլոր արարքների համար: Թևանյանն ընդգծեց, որ գործող իշխանությունը վախեցած է և փորձում է չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր «ունակ են իրական դիմադրություն ցուցաբերել իր կործանարար քաղաքականությանը»:
Թևանյանը նաև մեղադրեց կառավարության ղեկավարին իրավապահ համակարգի աշխատանքին կոպտորեն միջամտելու մեջ։ «Փաշինյանն է հրամաններ տալիս, թե ում կալանավորել, ում՝ ոչ, ում դեմ քրեական գործ հարուցել, և անում է դա ուղիղ եթերում, խախտելով հնարավոր բոլոր օրենքներն ու անմեղության կանխավարկածը»,- ասաց նա և գործող իշխանության դեմ անհապաղ ու անզիջում համախմբման կոչ արեց երկրի քաղաքացիներին:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԿՆԵՐԵՎԱԲԱՐ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ ԱՅՍ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ. վարչապետը վաղուց ուզուրպացրել է իշխանության «անկախ» ճյուղերի գործառույթները։ Հիշենք թեկուզ նախանցած տարի Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավար Կարեն Անդրեասյանի հրաժարականը՝ Փաշինյանի անձնական «խնդրանքով»։ Ավելորդ չէ լինի հիշել նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի պատմությունը։ Փաշինյանը կառավարության նիստում նրանից պահանջեց ինքնակամ վայր դնել մանդատը։ Երբ պատգամավորը հրաժարվեց ենթարկվել վարչապետի ճնշմանը, նրան անմիջապես հեռացրեցին կուսակցության շարքերից՝ գործարկելով նրա դեմ իրավապահ մարմինների ռեսուրսները և հրապարակելով անձնական տվյալները քննիչների առգրաված հեռախոսից։
Փաշինյանը միաժամանակ հանդես է գալիս կառավարության ղեկավարի, գլխավոր դատախազի, գերագույն դատավորի դերում։ Գուցե Նիկոլ Վովաևիչին հանգիստ չեն տալիս «ժողովուրդների հոր» դափնինե՞րը։ Նա, իհարկե, բավական մանր արարած է համեմատելու համար, բայց գավառական բռնապետի պահվածքը վերածում է նրան շատ ջանադիր, թեկուզև ծաղրապատկերային կրկնօրինակի։ Այսպես թե այնպես, փաշինյանական Հայաստանում չկա անկախ դատարան, չկա անկախ քննություն. քրեական գործերը հարուցվում են մի մարդու անձնական հրահանգներով։
Ցանկացած քաղաքակիրթ երկրում պետական դավաճանության մեղադրանքը տքնաջան, ոչ հրապարակային քննության արդյունք է, հաստատված անհերքելի, երկաթբետոնե ապացույցներով: Փաշինյանի Հայաստանում պետական դավաճանության հոդվածը վերածվել է քաղաքական հարմար պիտակի, որը փակցնում են բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվում են քննադատել իշխանությունների քաղաքականությունը։ Իսկ ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն և այլն, կարծես մոռանալով իրենց հիմնական գործառույթները, վերաորակավորվել են քաղաքական խուզարկության պատժիչ մարմնի, որը սպասարկում է մեկ մարդու անձնական վախերն ու բարդույթները։
