Логотип

ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳ․ ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ 60% ՄՈՏ, ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵԼՈՒ ՈՐԵՎԷ ՇԱՆՍ ՉՈՒՆԵՆ

Հայաստանում նախընտրական պայքարը թևակոխել է ակտիվ փուլ, և քաղաքական հիմնական ուժերը փորձում են առավելագույնս աշխատել իրենց ընտրազանգվածի հետ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա գնահատմամբ՝ ներկայում ընթանում է անզիջում մրցակցություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է ընդգծել սեփական առավելություններն ու ազդեցություն ունենալ իր թիրախային խմբերի վրա։

Հակոբյանի կարծիքով՝ առաջիկա խորհրդարանում ներկայացված լինելու իրական հնարավորություն ունի 4-5 քաղաքական ուժ։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը, ըստ նրա, անպայման կհաղթահարի անցողիկ շեմը, սակայն դժվար թե կարողանա ապահովել խորհրդարանական մեծամասնություն։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՔՊ-ն կանցնի խորհրդարան, բայց 50+1 չի հավաքի»,- նշեց նա։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ խորհրդարան անցնելու հավակնություններ ունեն նաև «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը», ինչպես նաև «Միասնության թևերը»։

Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ աշխատում է իր առանձնահատուկ ընտրազանգվածի հետ։ Եթե «Հայաստան» դաշինքը հիմնականում դիմում է ավելի արմատական տրամադրություններ ունեցող ընտրողներին, ապա «Ուժեղ Հայաստան»-ը փորձում է ավելի լայն շրջանակների հետ խոսել՝ շեշտը դնելով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, արդյունաբերության և ապագայի տեսլականի վրա։

Հակոբյանի համոզմամբ՝ ընտրությունների ելքի վրա վճռորոշ ազդեցություն կարող է ունենալ մասնակցության մակարդակը։

«Եթե իսկապես, ինչպես սոցիոլոգիական հարցումներն են ցույց տալիս, մասնակցությունը լինի թեկուզ 60 տոկոսին մոտ, ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները վերարտադրվելու որևէ շանս չունեն։ Հիմա կարևորը մասանակցությունն ապահովելն է»,-հավելեց նա։

Քաղտեխնոլոգը հատկապես կարևոր է համարում ընտրողների ակտիվությունը Երևանում, որտեղ, նրա խոսքով, կենտրոնացած է ավելի քան 840 հազար ընտրող։

Նրա կարծիքով՝ հենց այդ պատճառով էլ ընդդիմադիր ուժերի մեծ մասը քարոզարշավի ընթացքում կենտրոնացել է ոչ միայն սեփական ծրագրերի ներկայացման, այլև քաղաքացիներին ընտրատեղամասեր բերելու խնդրի վրա։

Անդրադառնալով ընտրական գործընթացի գնահատականներին՝ Հակոբյանը նշել է, որ ընտրությունների լեգիտիմությունը պետք է գնահատել ոչ միայն քվեարկության օրվա, այլ ամբողջ նախընտրական շրջանի համատեքստում։

Նրա խոսքով՝ նախընտրական շրջանում արձանագրվել են ձերբակալություններ, կալանավորումներ, քաղաքական սուր հայտարարություններ և ճնշումների մասին խոսակցություններ, ինչը, ըստ նրա, հարցեր է առաջացնում ընտրական գործընթացի հավասար պայմանների վերաբերյալ։

Քաղտեխնոլոգը պնդում է՝ վարչական ռեսուրսի ահռելի չարաշահում է տեղի ունենում. «Այս ընթացքում ունեցել ենք բամաթիվ ձերբակալություններ, կալանավորումներ, ճնշումներ, իշխանության ղեկավարի կողմից սպառնալիքներ՝ «կզցնել, նստացնել»։ Նրա բառապաշարը գերազանցեց այս 8 տարվա իր ստանդարտները, իսկ դա ուղղակիորեն սպառնալիք է՝ վախ է սերմանում։ Այս առումով, ընտրություններն արդեն իսկ լեգիտիմության առումով, կասկածելի են»։

Aysor.am