Логотип

ԱՊՀ դիտորդների ասուլիսը՝ ընտրությունների ընթացքի վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում անցկացված ընտրությունների ժամանակ այնպիսի խախտումներ չի արձանագրել, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։ Հունիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը։

Նրա խոսքով՝ նկատված առանձին բացթողումները տեխնիկական բնույթի են եղել և անմիջապես վերացվել են։

«Ընտրությունների արդյունքների վրա ազդող որևէ խախտում չի արձանագրվել», — նշել է Սեյտիմովը՝ հավելելով, որ Ազգային ժողովի ընտրություններն անցել են ՀՀ Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին համապատասխան ձևով, եղել են բաց և մրցակցային։

Ընտրությունների նախապատրաստական գուծընթացի դիտարկումն իրականացվել է մայիսի 18-ից, ընդ որում՝ 8 դիտորդ աշխատել է երկարաժամկետ հիմունքներով։ Դիտորդական առաքելությանը ընդհանուր առմամբ մասնակցել է ԱՊՀ 7 երկրից, ինչպես նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից և գործադիր կոմիտեից 121 դիտորդ։ Հանդիպումներ են անցկացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ԱԳՆ-ի, Գլխավոր դատախազության, ՆԳՆ-ի և Վարչական դատարանի ղեկավարության հետ։ Առաքելությունն աշխատել է բաց ու թափանցիկ ձևով. եղել են ճեպազրույցներ և հարցազրույցներ։

Քվեարկության օրը դիտորդներն այցելել են ավելի քան 750 ընտրական տեղամաս Երևանում և 9 մարզերում։ Նուրլան Սեյտիմովն ընդգծել է հանձնաժողովների անդամների պրոֆեսիոնալիզմն ու տեխնիկական հագեցվածությունը՝ հավելելով, որ բոլոր քայլերն արվել են ընտրությունները բարձր մակարդակով պատրաստելու և անցկացնելու համար։

Անդրադառնալով նախընտրական շրջանին՝ նա նշել է, որ առաջադրման և գրանցման փուլն անցել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան ձևով, իսկ քարոզարշավն ապահովել է մրցակցություն ու քաղաքական բազմակարծություն։ Կուսակցություններին ու թեկնածուներին քարոզչության հավասար հնարավորություններ են տրվել, իսկ լրատվամիջոցները մանրամասն լուսաբանել են նրանց ծրագրերը։

News.am