ՌԴ ձկնորսության դաշնային գործակալությունն առաջարկում է գնահատել Հայաստանից Ռուսաստան սառեցված ձկան ներմուծման ռիսկերը։ Կառույցի ղեկավար Իլյա Շեստակովն այս մասին ասել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում։
Հունիսի 2-ից սահմանափակումներ են գործում Հայաստանից կենդանի ձկան ներմուծման համար։
«Կենդանի ձկից բացի, Հայաստանը նաև սառեցված ձուկ է մատակարարում Ռուսաստան։ Հավանաբար այդտեղ ևս պետք է հաշվի առնել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ անասնաբուժական անվտանգության առումով։ Եթե բացահայտվեն մեր անասնաբուժական անվտանգության վրա ազդող գործոններ, անկասկած, հետագա քայլեր կձեռնարկվեն», – ասել է նա։
Շեստակովի խոսքով` Հայաստանին տոկոսային հարաբերակցությամբ բաժին է ընկել իշխանի մատակարարման բավականին մեծ ծավալ։ Կոնկրետ թվեր նա չի ներկայացրել։ Միևնույն ժամանակ նշել է, որ սահմանափակումները չեն ազդի Ռուսաստանի շուկան ձկնային արտադրանքով ապահովելու վրա։
«Մենք իշխանի բավարար ներքին արտադրություն ունենք։ Բացի այդ, ներմուծումը կփոխարինվի այլ երկրներով, այդ թվում՝ Թուրքիայով», – հավելել է Շեստակովը։
Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։
Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։
Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
Sputnik Արմենիա
