Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։
Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը։
Ընդ որում, նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը՝ հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես ենք եղել ամբողջ ընտրական գործընթացում»։
Նշենք, որ ըստ ԿԸՀ նախնական տվյալների ընտրությունների նախնական արդյունքներով ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
· «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49, 825 տոկոս
· «Ուժեղ Հայաստան»՝ 23,281 տոկոս
· «Հայաստան» դաշինք՝ 9, 934 տոկոս
· «Բարգավաճ Հայաստան»՝ 3,996 տոկոս:
Սա նշանակում է, որ ԲՀԿ–ն չի անցնում շեմը և չի մասնակցելու մանդատների բաշխմանը։ Սակայն ԲՀԿ–ի ձայները շատ մոտ են 4 տոկոսին և եթե հասնեն 4 տոկոսի, ապա նա կմասնակցի մանդատների բաշխմանը և կհայտնվի ԱԺ–ում։
News.am
