ՀՀ խորհրդարանական ընտրությունների համար Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը, որի մասնակցությամբ տեսագրությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, ձերբակալվել է։
Նա «Զվարթնոց» օդանավակայանում հարցազրույց էր տվել և ասել, որ եկել է քվեարկելու և շուտ մեկնելու է. «Երեխեքի հետ ենք եկել, կարող ա իրավիճակը խառնվի, չմնանք բարդություններին»։
Տղամարդը ձերբակալվել է հունիսի 7-ին ՌԴ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են. «Հ.Ս.-ն, հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին»։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր առավոտյան այցելել են ձերբակալված Հովհաննես Սահակյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ և քննարկել Սահակյանի բարձրացրած հարցերը։
Առանձին հարցեր տեղում լուծում են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջամտության արդյունքում։
Պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգի, իրավունքներին առնչվող հարցերի հետ կապված ձեռք բերված տվյալները ներկայում ամփոփվում են: Գործի հանգամանքների և անձի իրավունքների ապահովման վիճակի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմնից։
Sputnik Արմենիա
