Логотип

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԳԵՏ․ ԲՀԿ-Ի ՄՈՒՏՔԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԿԶՐԿԻ ՔՊ-ԻՆ ՄԻԱՆՁՆՅԱ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների պայմաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է պահպանել սահմանադրական օրենքներ ընդունելու և փոփոխելու հնարավորությունը, սակայն չի կարող փոխել ՀՀ Սահմանադրությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը։ Ըստ նրա` այս իրավիճակը կարող է փոխվել, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարի անցողիկ շեմը և մանդատներ ստանա։

Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ընդունել սահմանադրական օրենքները։ Հիմա ՔՊ-ն ունի 64 մանդատ՝ 105 պատգամավորներից, իսկ 64 ձայնը կազմում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդը, և այդ ժամանակ իրենք կարող են սահմանադրական օրենքները փոփոխել, վերանայել»,– ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ նույնիսկ այս պարագայում իշխանությունը չունի Սահմանադրությունը փոխելու կամ նոր Սահմանադրության ընդունման նպատակով հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ ձայները։

«Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, ապա բացառվում է, որ Սահմանադրության փոփոխությունը հնարավոր լինի 49, 825 % ձայնի պարագայում, ոչ էլ նոր Սահմանադրության համար հանրաքվեի նշանակում է հնարավոր։ Նոր Սահմանադրության ընդունման նպատակով հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի պատգամավորների ընդհանուր թվի 2/3-րդը, որը ՔՊ-ն չունի»,– մանրամասնեց նա։

Սահմանադրական իրավունքի մասնագետը նաև անդրադարձավ վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու սցենարին։ Այդ դեպքում, ըստ նրա, ՔՊ-ի մանդատների թիվը, ամենայն հավանականությամբ, կնվազի մինչև 61։

«Էականորեն կսահմանափակի իշխանության հնարավորությունները ոչ միայն սահմանադրական օրենքների, այլև մի շարք կարևոր նշանակումների հարցում։ Եթե Բարգավաճ Հայաստանը մտնի խորհրդարան, ապա լավագույն դեպքում ՔՊ-ի համար դա կլինի 61 մանդատ, իսկ 61 մանդատը չի կազմում Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդը»,– շեշտեց Պողոսյանը։

Նրա գնահատմամբ՝ այդ դեպքում կառավարող ուժը չի կարողանա միայն իր ձայներով ընտրել կամ պաշտոնից ազատել գլխավոր դատախազին, ընտրել Սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների, մարդու իրավունքների պաշտպանին և Սահմանադրությամբ նախատեսված այլ պաշտոնատար անձանց, որոնց ընտրության համար պահանջվում է առնվազն երեք հինգերորդի աջակցությունը։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ կդմի քվեների վերահաշվարկի համար։ Կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը հունիսի 8–ին հայտարարեց, թե ընդամենը 4 ընտրատեղամասի վերահաշվարկից արդեն իսկ 120 ձայն վերադարձվել է կուսակցությանը, և այդ մասին քաղվածքները ներկայացրել են ԿԸՀ` ճշտգրտումներ անելու։

Sputnik Արմենիա