Логотип

Խելացի լուսացույց «Զվարթնոցի» մոտ. ինչպե՞ս է աշխատում հայկական ընկերության համակարգը

Հայկական «Locator» ինժեներական ընկերությունը հաջողությամբ փորձարկել է «խելացի» լուսացույցի համակարգը Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ «Զվարթնոց» օդանավակայանի շրջադարձում։ Այս մասին «Rise Expo» ցուցահանդեսի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը։

Երևանի լուսացուցային համակարգի համար ընկերությունը մշակել է արհեստական ​​բանականության կիրառմամբ նոր կառավարման համակարգ և Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցնելով` այն փորձարկել նշված տարածքում։

Համակարգը վերլուծում է հսկող տեսախցիկների տվյալները և ավտոմատ կերպով կարգավորում կանաչ լույսի տևողությունը: Եթե ​​ուղղություններից մեկում մեծ թվով մեքենաներ են կուտակվում, լուսացույցն ավելացնում է ընթացքի տևողությունը։

Մշակողները նաև ալգորիթմում ներդրել են ամենօրյա տրանսպորտային հոսքերի մասին տվյալները: Կախված օրվա ժամից՝ համակարգը հաշվի է առնում Երևան-Էջմիածին երթևեկության ինտենսիվության փոփոխությունները, դեպի օդանավակայան մեկնող մեքենաների հոսքը և առաջնահերթությունը տալիս ամենածանրաբեռնված ուղղությանը։

«Լուսացույցը տեղադրվել է անցած տարվա նոյեմբերին, փորձարկման արդյունքներով խաչմերուկի թողունակությունն աճել է 30 %-ով։ Այժմ քաղաքապետարանի հետ քննարկում ենք ամբողջ քաղաքում կամ առանձին թաղամասերում նման համակարգ ներդնելու հնարավորությունը»,- նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով` քաղաքի մասշտաբով արդյունավետ գործելու համար խելացի լուսացույցները պետք է միավորվեն մեկ ցանցում։ Հակառակ դեպքում, մեկ խաչմերուկում հզորության ավելացումը կարող է հանգեցնել հարակից տարածքների խցանումների:

Բացի այդ, համակարգում ներդրված է խցանումների դեմ պայքարի հատուկ ալգորիթմ։ Այն հերթականությամբ կրճատում է մեքենաների հերթերը երթևեկության տարբեր ուղղություններով, ինչը հնարավորություն է տալիս ծանրաբեռնված ժամերին թեթևացնել խաչմերուկները։

«Ըստ էության, խելացի լուսացույցը կկարողանա կատարել երթակարգավարի գործառույթների մի մասը»,- հավելեց Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ ճկուն կառավարման անցնելիս վարորդներին խորհուրդ է տրվում հրաժարվել հետհաշվարկի ժամանակաչափերից, քանի որ ազդանշանների տևողությունը տարբեր կլինի՝ կախված երթևեկության իրավիճակից։ Հետիոտների համար նման ժամանակաչափերը կարող են պահպանվել:

Խաչատրյանի խոսքով` նոր համակարգի գործարկման համար լուսացույցների փոխարինում պետք չէ, բավական է տեղադրել կառավարման նոր համակարգեր։ Ընկերությունը գրեթե ամբողջությամբ տեղայնացրել է դրանց արտադրությունը Հայաստանում։

Բարձր տեխնոլոգիաների «Rise. Silicon Mountains» ցուցահանդեսն ու համաժողովը կազմակերպվել է Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից: Միջոցառումն իրականացվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։