Հայաստանյան ընտրություններում ընտրակեղծիքների արդյունքում ընդդիմադիր կուսակցությունները կորցրել են ձայների առնվազն 20%-ը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
Տեղի դիտորդներն ու ընդդիմությունը հայտնել են քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին: Այսպես, օրինակ, նկատվել է ընտրական «կարուսելի» կազմակերպում, քվեաթերթիկների դուրսբերում, բաց քվեարկություն և զինվորականների կողմից խմբային քվեարկություն: Ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններով՝ թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ լռության օրը, թե՛ բուն քվեարկության օրը։
«Ամեն ինչ արվում էր, որպեսզի այդ կուսակցությունների օգտին քվեարկած մարդկանց քվեաթերթիկները ոչնչացվեն կամ վնասվեն… Ընդդիմության ձայների առնվազն 20%-ը գողացվել է», – ասել է նա:
Նրա խոսքով՝ ընտրատեղամասերում քվեարկության ավարտից հետո նրանց մոտ են բերել զինվորականների և ուսանողների, որոնց ստիպել են մասնակցել ընտրություններին։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
