Логотип

Թրամփ․ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել 2-3 օր հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի 2–3 օրից։ Այս մասին նա ինքնաթիռի մոտ լրագրողներին ասել է Նյու Յորքում NBA խաղին մասնակցելուց հետո։

«Մենք եզրափակիչ փուլում ենք մի բանի, ինչը շատ, շատ լավ գործարք կդառնա և թույլ չի տա (Իրանին) որևէ ձևով և որևէ տեսքով միջուկային զենք ունենալ։ Եվ նեղուցն անմիջապես կբացվի։ Այն կբացվի ստորագրումից անմիջապես հետո, ինչը կարող է տեղի ունենալ 2-3 օրից», –ասել է ԱՄՆ նախագահը։

Պարզաբանող հարցին ի պատասխան նա հաստատել է, որ հենց «երկու-երեք օր» նկատի ունի։

«Մենք լավ հնարավորություն ունենք դա անելու։ Մենք պետք է կարողանանք դա անել մեկ ժամվա ընթացքում… Կարծում եմ՝ մենք շատ, շատ մոտ ենք շատ ուժեղ և հզոր գործարք կնքելուն», – ասել է Դոնալդ Թրամփը։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։

Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։

Sputnik Արմենիա