Логотип

Պայթյունների նոր շարք Իրանում. հարվածների տակ են երկրի հարավի ռազմավարական օբյեկտները

Հուլիսի 9-ի երեկոյան Իրանի մի քանի քաղաքներում պայթյունների նոր շարք է որոտացել: Mehr գործակալության և իրանական այլ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյուններ են արձանագրվել Բանդար Աբասում, Բուշերում և Քոնարակում: Հաղորդումներ են ստացվում նաև Սիրիկի, Ջասկի շրջաններում և Ղեշմ կղզում հարվածների մասին:

Բանդար Աբասը Իրանի խոշորագույն ծովային նավահանգիստն է և առանցքային լոգիստիկ կենտրոնը Հորմուզի նեղուցում: Բուշերում է գտնվում երկրի միակ գործող ատոմային էլեկտրակայանը, սակայն այս պահին բուն ԱԷԿ-ի խոցման մասին տվյալներ չկան։ Եղած տեղեկությունների համաձայն՝ թիրախում կարող էին լինել նահանգի ռազմական օբյեկտները:

Նախնական տվյալներով՝ հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտներին, հակաօդային պաշտպանության համակարգերին, ափամերձ ռադիոլոկացիոն կայաններին, ռազմածովային ենթակառուցվածքներին և հականավային հրթիռների արձակման կայանքներին: Ավերածությունների մասշտաբների և տուժածների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հրապարակվել։

Տեղեկություններն այն մասին, թե ով է իրականացնում այս գործողությունը, այս պահի դրությամբ հակասական են: Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում, ինչից հետո ԱՄՆ զինվորականները հաստատել էին Իրանի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստը:

Միևնույն ժամանակ, Axios լրատվականը՝ հղում անենալով ամերիկացի պաշտոնյային, հայտնում է, որ ԱՄՆ-ն կապ չունի շարունակվող գործողություններից մի քանիսի հետ: Իրանական և մերձավորարևելյան մի շարք աղբյուրներ պնդում են, որ ներկայիս հարվածներն իրականացնում է Իսրայելը։ Որոշ տարածաշրջանային լրատվամիջոցներ հայտնում են նաև առանձին արաբական պետությունների հնարավոր մասնակցության մասին, սակայն այս տեղեկության հաստատում անկախ աղբյուրի կողմից դեռևս չկա:

Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Իրանցի զինվորականները հայտնեցին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ Թեհրանը հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։

Sputnik Արմենիա