Логотип

«Մայր Հայաստան»․ Այսօր եկել են Արեգնազ Մանուկյանի, վաղը կգան մեզանից յուրաքանչյուրի ետևից

ՀՀ իրավական համակարգը ոչ թե արդարադատություն, այլ ռեժիմի ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հալածանքներ է իրականացնում։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի կալանավորման առիթով «Մայր Հայաստան» կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Ինչպես հայտնի է, Արեգնազ Մանուկյանը հուլիսի 9-ին 2 ամսով կալանավորվեց։

«Արեգնազ Մանուկյանը չի խուսափել հարցաքննությունից, խնամքի տակ ունի անչափահաս երեխա, սակայն այսօրվա Հայաստանի իրավական համակարգը ոչ թե արդարադատություն, այլ ռեժիմի ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հալածանքներ է իրականացնում։ Դատական գործերը, բնակարանների խուզարկությունները, ձերբակալությունները վերածվել են ուղղակի պատժի եղանակի»,– ասված է հայտարարությունում։

«Մայր Հայաստանը» կոչ է անում հանրությանը, քաղաքական ուժերին զգոն լինել և թույլ չտալ, որ Հայաստանում վերջնականպես հաստատվի կատարյալ բռնապետական ռեժիմ` նշելով.

«Այսօր եկել են Արեգնազ Մանուկյանի, վաղը կգան մեզանից յուրաքանչյուրի հետևից»։

Հավելենք, որ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ։ Նա արդեն տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ։

Sputnik Արմենիա