Логотип

Ամենաճչացող խախտումներով անցան. Խոսրով Հարությունյանը` ԱԺ ընտրությունների մասին

ՀՀ ԱԺ ընտրությունները հագեցած էին ամենաճչացող խախտումներով և անօրինականություններով։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին և հետընտրական իրավիճակին։

Ինչպես հայտնի է, հունիսի 7–ի խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրական դատարանը դիտարկեց և մերժեց բոլոր բողոքները՝ արդյունքները հայտարարելով վերջնական: Մինչ ընդդիմությունը հայտարարում է, որ պատրաստ է միավորվել և հայտարարում է պայքարի նոր փուլի նախապատրաստման մասին, հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդը` Գագիկ Ծառուկյանը, կալանավորվել է, մյուսը` Սամվել Կարապետյանը, տնային կալանքի տակ է, երրորդի առաջնորդն էլ անցնում է մի քանի քրեական գործերով:

«Այս ընտրություններն ամենաճչացող խախտումներով և անօրինականություններով հագեցած էին։ Ես 1990-ականներից ի վեր նման ընտրություններ չեմ հիշում։ Խախտումներ, իհարկե, եղել են, բայց այսքան ակնհայտ օրենսդրությունը քամահրելով ու ոտնատակ անելով ընտրությունների արդյունքների ամփոփում ես չեմ հիշում»,– ասաց ՀՀ նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։

Նրա կարծիքով` ԿԸՀ բոլոր անդամները հանցագործություն են կատարել` առանց բացառության։ Ըստ քաղաքական գործչի` անբարեխիղճ աշխատանք են կատարել ԿԸՀ–ում, ու նրանք լուրջ հանցագործության մեղսակից են դարձել։

Նա անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանում ընդդիմության կողմից ներկայացված բողոքների քննությանը։ Շեշտեց` ընդդիմության փաստաբանական թիմը բավականին մանրամասն ներկայացրել է բոլոր խախտումների հսկայածավալ փաստեր։

«Այս ընտրությունները լեգիտիմ չէին։ Վարչապետն իր աթոռը պահելու համար ոչ մի բանի առաջ չի կանգնել։ Մենք ականատես եղանք մի խումբ անձանց կողմից իշխանության զավթման։ Հետընտրական իրավական այս տեռորը հենց դրա շարունակությունն է։ Իշխանությունը շատ լավ գիտակցում է, որ ինքը լեգիտիմ չէ, առավել ևս այն պարագայում, երբ արտաքին սպառնալիքների տեսանկյունից այն կանգնած է նոր խնդիրների առջև։ Այս լեգիտիմությունն ի վերջո հանգեցնելու է հասարակության ընդվզման անթաքույց ձգտում։ Այժմ վախի մթնոլորտ ձևավորելով փորձում է կանխել այդ լեգիտիմության դեֆիցիտի հետ կապված զարգացումները»,– նշեց Հարությունյանը։