Логотип

ԲՈՒՄԵՐԱՆԳՈՎ ՀԱՐՎԱԾ ԲՈՒԼԻՆԳԻՆ. ԱՐՑԱԽՑԻ ԱՂՋՆԱԿԻ ՆԿԱՐՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵՑ 1800 ԴՈԼԱՐՈՎ

Հուլիսի 16-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) նամակ է հղել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել հինգ անձանց նկատմամբ, որոնք մշտապես ատելություն ու թշնամանք են տարածում արցախցի փախստականների նկատմամբ։ Ուղերձի հեղինակներն ընդգծել են, որ. «հաշվի առնելով ներպետական կառույցների շարունակական անգործությունը և ձախողումը պատասխանատվություն ապահովելու հարցում՝ միջազգային գործընկերների կողմից թիրախային միջոցների կիրառումը կօգնի կանխել ատելության և խտրականության տարածումը»։

ՆՈՒՅՆ ՕՐԸ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ՊԱՅԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՐԵՑ «Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության հրապարակած հաղորդագրությունը Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին։ Հաղորդագրության համաձայն՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կարգադրել էր մրցութային աշխատանքների ցուցատախտակից հանել աշակերտներից մեկի նկարը, որում պատկերված էր Ստեփանակերտի լեգենդար «Մենք ենք, մեր սարերը» («Տատիկ-Պապիկ») հուշարձանը, որակելով այն «հակապետական քայլ»։

Քանի որ միջադեպն արդեն հանրային լայն հնչեղություն է ստացել, հավելենք լոկ մի քանի մանրամասներ։

«Առավոտ» թերթին տված հարցազրույցում աղջնակի մայրը՝ Անուշ Դանիելյանը պատմել է, որ ուսուցչուհու համառության շնորհիվ նկարը նույն առավոտյան կրկին փակցվել է ցուցատախտակին։ Իսկ ուսուցչուհին ազատվել է աշխատանքից՝ հայտարարելով, որ չի կարող աշխատել այնպիսի դպրոցում, որտեղ երեխայի ստեղծագործությունը գնահատվում է որպես «հակապետական քայլ»։

11-ամյա Եվա Դանիելյանի հետ տեղի ունեցածը մեծ արձագանք ստացավ։ Մեկնաբանություններում գործնականում բոլորն էլ նշում էին, որ խոսքը ոչ միայն պարզապես մեկ մարդու անվայել արարքի, այլև խորապես արատավոր և ծայրաստիճան վտանգավոր երևույթի մասին է. մեր ազգային հիշողությունը խեղաթյուրելու և ջնջելու փորձի։ Ընդ որում հատուկ ընդգծվում էր, որ Արցախի հետ առնչվող ամեն ինչի նկատմամբ նման վերաբերմունքը, ինչպեսև արցախցիների նկատմամբ ատելության ու թշնամանքի բորբոքման արշավը, ուղղորդվում և համակարգվում են իշխանությունների և անձամբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից։

Այս փաստի ապացույցն է նաև այն հանգամանքը, որ ոչ մի պետական կառույց՝ ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ Կրթության նախարարությունը, ո՛չ էլ նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանը չարձագանքեցին և որևէ գնահատական չտվեցին կատարվածին։ Այսպես, «Արցախի մշակույթի պահպանման կենտրոնի» հաղորդագրության մեջ ասվում է, որ ի պատասխան դիմումին՝ Երևանի քաղաքապետարանը ոչ մի գնահատական չի տրվել միջադեպին, ներկայացնելով միայն դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարզաբանումը։

Կազմակերպությունը նաև հայտնեց, որ դիմել է ԿԳՄՍՆ)՝ պարզելու, թե իրականությանը համապատասխանում են արդյոք այն տեղեկությունները, համաձայն որոնց՝ «որոշ մշակութային կոլեկտիվների ներքին ցուցումներ են տրվել հեռացնելու «Արցախ» բառը իրենց ստեղծագործությունների անվանումներից»։ Պատասխանում ասվել է, որ նման ցուցումներ իրենք չեն ստացել, և որ նախարարությանը ենթակա հաստատություններում որևէ արգելք սահմանված չէ Արցախի խորհրդանիշների ցուցադրման վերաբերյալ։

ՀԱՐՑ Է ԾԱԳՈՒՄ. ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ԻՆՉՈ՞Ւ ՈՐԵՎԷ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՉՏՐՎԵՑ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԱՐԱՐՔԻՆ, որը, ինչպես պարզվում է, գործել է բացառապես սեփական նախաձեռնությամբ։

Մի քանի օր անց տեղի ունեցավ ևս մեկ միջադեպ, որի մասին սոցիալական ցանցերում պատմեց ինֆլյուենսեր Նունե Մելքումյանը։ Նա նամակ էր ստացել առաջին դասարանցի աշակերտի մայրիկից, որը պատմում է, որ ուսուցչուհին երեխային հանձնարարել է հանդեսի համար սովորել Արցախին նվիրված բանաստեղծություն։ Սակայն միջոցառումից ընդամենը մեկ օր առաջ նույն ուսուցչուհին չեղարկել է երեխայի ելույթը, իսկ վրդովված մոր հարցին ի պատասխան՝ հայտարարել, որ նման հրահանգ է ստացել վերևից, պատճառը Արցախն է։

Նման միջադեպերի հասարակական-քաղաքական համատեքստից բացի, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև մեկ այլ՝ նույնքան անթույլատրելի տեսանկյան վրա. խոսքը երկու դեպքում էլ երեխաների մասին է, ընդ որում՝ մանկահասակ երեխաների, որոնց նկատմամբ է իրականացվում է ամենաիսկական բուլինգ։ Ընդ որում իրականացվում է պետական հաստատությունների և դրանց աշխատակիցների կողմից։ Խոսել այն մասին, թե որքան վտանգավոր է դա երեխաների հոգեկանի համար, այն էլ հաշվի առնելով խոր սթրեսը, որ վիճակվել է վերապրել արցախցի փոքրիկներին ընդամենը երեքուկես տարի առաջ, կարծում ենք ավելորդ է։

Բայց դա բացարձակապես չի հուզում ո՛չ Կրթության և այլնի նախարարությանը՝ տխրահռչակ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, ո՛չ օմբուդսմեն Անահիտ Մանասյանին, ո՛չ էլ երեխաների իրավունքների պաշտպանության համար արևմտյան գրանտներ ստացող հասարակական կազմակերպություններին։ Ինչը լավագույն հաստատումն է այն փաստի, որ բուլինգն իրականացվում է ոչ թե պարզապես պետական կառույցների գիտությամբ, այլ նրանց ուղղակի ցուցումով, և ոչ թե պարզապես չի կանխվում, այլ խրախուսվում է։ Այլապես երաժշտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, որն արդեն ասելիք է դարձել սոցիալական ցանցերում, խայտառակ կերպով կհեռացվեր պաշտոնից։ Իսկ սեփական ցանկությամբ աշխատանքից ազատված ուսուցչուհուն կխնդրեին վերադառնալ և շնորհակալություն կհայտնեին մանկավարժական պատշաճ վարքի և հայրենասիրության համար:

Մինչդեռ փոքրիկ Եվա Դանիելյանի հետ կապված պատմության մեջ կան դրական տեսանկյուններ, որոնք պետք է ընդգծել առաջին հերթին։ Նախ՝ հասարակական վրդովմունքի և զայրույթի տարափը, որը չի մարում միջադեպից նույնիսկ մեկ շաբաթ անց։ Արձագանքն այնքան մեծ է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ըստ էության, ստիպված էր հրաժարվել Ստեփանակերտի հուշարձանի նկարն իբրև «հակապետական» որակելուց և ներկայացնել այլ, հապճեպ հորինված պատրվակներ։

Երկրորդ՝ հիացնում է ուսուցչուհու պահվածքը, որը տնօրենի հետ զրույցից հետո գրեթե ուժով դուրս է բերել նկարը նրա աշխատասենյակից և կրկին փակցրել ցուցատախտակին, ինչը չէր կարող դրական չանդրադառնալ երեխայի հոգեվիճակի վրա:

ՎԵՐՋԱՊԵՍ՝ ԵՐՐՈՐԴԸ: ԱՅՍ ԴԵՊՔԸ ԲԱՎԱԿԱՆ ԻՆՔՆՕՐԻՆԱԿ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՍՏԱՑԱՎ ՀԱՅՏՆԻ ԴԻՐԻԺՈՐ Վարդան Հակոբյանի շնորհիվ, որը որոշեց, ստանալով աղջկա ծնողների համաձայնությունը, աճուրդ կազմակերպել Եվայի նկարի համար։ «Սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում պետական մասշտաբի վտանգ հանդիսացող նկարը։ Այն բաժին կհասնի նրան, ով դրա դիմաց կառաջարկի ամենամեծ գումարը»,- գրել էր նա։

3 օրը չլրացած գրառումը հավաքեց ավելի քան 8100 դիտում և շուրջ 500 մեկնաբանություն: Արդյունքում Եվայի նկարը վաճառվեց 1800 դոլարով, գնորդը Գայանե Աղաբեկյանն է՝ այժմ Մոսկվայում ապրող արցախցի։

Եվ դա միանգամայն արժանի պատասխան էր հանցավոր ռեժիմին, որը մտադիր է «խմբագրել» ժողովրդի հավաքական հիշողությունը, ջնջել Արցախ անունը ազգային մտածելակերպից և իր կեղտոտ թաթը դնել Արցախի հետ կապված ամեն ինչի վրա։ Ֆրանսիայի հրապարակից դրոշը հանելուց և Արցախի ու Հայաստանի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների դիմանկարները Երևանի փողոցներից ջնջելուց հետո նիկոլական ռեժիմն այժմ անցել է դպրոցներին ու երեխաներին։ Բայց երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը, ըստ էության, աղմկալի բումերանգի վերածվեց հենց բուլինգի կազմակերպիչների համար:

Ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հասարակական կարծիքը և հասարակական ակտիվ բողոքը կարող են ի չիք դարձնել ուզուրպատորների ցանկացած ապազգային նախաձեռնություն ու մտադրություն: Եվ որ այն հարցի լավագույն պատասխանը, թե ինչպես հեռացնել օկուպացիոն իշխանությանը, ամփոփված է մի պարզ ճշմարտության մեջ. չհամակերպվել, դիմադրել և գործել յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:

Վերջում՝ ևս մեկ ապացույց, թե հատկապես ումից են բխում ատելությունն ու թշնամանքը արցախցիների նկատմամբ և ումից են օրինակ վերցնում Նիկոլի տարատեսակ «ժամանակավոր պաշտոնակատարներն» ու մյուս զոմբիները։

… Երաժշտական դպրոցում տեղի ունեցածի մասին գրառումներից մեկի տակ օգտատերը գրել է. «Երեխաներիցս մեկին ինչ-որ ծնող հարվածել է ու անվանել «ղարաբաղցի բոմժ»։ Մյուսին ուսուցիչը ասել է, թե մենք պիտի մնայինք ու պաշտպանեինք մեր տները։ Երեխան առարկել է. «Բա որ մեզ սպանեի՞ն»։ Պատասխանը հետևյալն էր. «Փոխարենը կմեռնեիք ձեր տանը»: Դրա համար էլ մենք հեռացանք Հայաստանից»։

Այն ո՞վ էր մի երկու ամիս առաջ հրապարակավ մեղադրում արցախցիներին, որ նրանք «չմնացին, չկռվեցին ու չմեռան». բոլո՞րն են հիշում։