Առաջիկա կարևոր անելիքներից մեկը գետնի վրա ԹՐԻՓ նախագծի իրագործումն է, որը բխում է կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծից և որը 2025–ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի կարևոր գործնական արդյունքներից մեկն է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, ԱԺ–ում կառավատության առաջիկա 5–ամյակի ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «ԹՐԻՓ նախագիծը, որն իրագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքում՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը։ Հայաստանի շրջափակումն, ի դեպ, հիմա արդեն մասամբ հաղթահարված է, որովհետև 2025 թվականի նոյեմբերից Ադրբեջանի երկաթուղին Վրաստանի տարածքով բաց է Հայաստան ներմուծումների և Հայաստանից արտահանումների համար, իսկ Ախալքալաք–Կարս երկաթուղին, ինչպես տեղյակ եք, մայիսին բացվեց Հայաստանից արտահանումների և դեպի Հայաստան ներմուծումների համար։ Այժմ նաև Թուրքիայի ճանապարհներն են Վրաստանի տարածքով բացվում Հայաստանի ավտոմեքենաների համար։ ԹՐԻՓ նախագիծը սակայն ոչ միայն Հայաստան–Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու ներառյալ Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև կապը, նաև Հայաստանի հյուսիսային շրջանների երկաթուղային կապը Սյունիքի մարզի հետ՝ Նախիջևանի տարածքով, այլև Հայաստանը ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին։
Ուզում եմ ընդգծել, որ նախագծի իրագործումը բացելու է նաև երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև Իրանի, Նախիջևանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով, որը դարակազմիկ փոփոխություն է թե՛ Իրանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար։ Հայաստանն այսպիսով երկաթուղային կապ է ստանալու Իրանի
Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Պարսից ծոց–Սև ծով երկաթուղին ԹՐԻՓ–ի հետ ուղիղ կապ չունի, այսինքն այդ նախագծի մաս չէ, նրա վերաբացումը դառնալու է տարածաշրջանային ապաշրջափակման կարևոր կարևոր հարակից արդյունքներից մեկը։
Ինչ վերաբերվում է բուն ԹՐԻՓ–ի երկաթուղային ենթակառուցվածքներին, ակնհայտ է, որ այն անցնելու է Նռնաձոր-Ագարակ երթուղով, Հայաստանի հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած մեզ բոլորիս հայտնի երկաթուղու ծրագրով։
Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ, և հասկանալի է, որ դրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու, հատկապես արևելքից արևմուտք։ Այդ բեռներն անխուսափելիորեն անցնելու են Թրիփով՝ Նռնաձոր–Ագարակ երկաթուղիով։
Հասկանալի է, որ Ագարակից բեռները մտնելու են Նախիջևան և այ այստեղ է, որ մեզ համար ծագում է մի իրադրություն, որի կառավարումը էական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այդ իրադրությունը հետևյալն է. Խորհրդային ժամանակներում Նախիջևանից Երկաթուղին Արարատի մարզի Երասխ բնակավայրով մտել է Հայաստան և շարունակվել է մինչև Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայր, ապա և մտել Թուրքիա: Ու մենք հիմա տեսնում ենք, որ միջազգային ներդրողները ոգևորված լինելով Թրիպ նախագծով և ներդրումներ անելու մեծ ախորժակ ունենալով, Երասխ–Ախուրիկ երկաթուղային հատվածը շրջանցելու ուղիներ են փնտրում։ Փնտրում են սխեմա, որ բեռները Նռնաձոր–Ագարակ երկաթուղով Նախիջևան մտնելուց հետո դեպի արևմուտք ընթացքը շարունակեն ոչ Հայաստանի երկաթուղով այլ շրջանցեն Հայաստանի երկաթուղին։
Սա մեզ համար մեծ խնդիր է որովհետև նման սցենարում Հայաստանը մեծ եկամուտներ ներդրումներ պոտենցիալ աշխատատեղեր, զարգացման հնարավորություններ է կորցնում։ Իսկ ինչու են ներդրողները, բեռնափոխադրողները, ապրանքներ վաճառողներն ու ձեռքբերողները ուզում խուսափել Երասխ–Ախուրիկ երկաթուղուց, մի պարզ պատճառով երկաթուղու այդ հատվածը, թեև Հայաստանի լիարժեք սեփականություն է, գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո, իսկ Ռուսաստանի և Արևմուտքի բարդ հարաբերությունները, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին և առևտրի մասնակիցներին ստիպում են խուսափել, դա ռիսկ համարել և ռիսկի չդիմել, ուղղակի կամ անուղղակի պատժամիջոցային սահմանափակումների կամ նման ռիսկ ունեցող ենթակառուցվածքի հետ աշխատելով։ Աայսինքն նրանք համարում են, որ աշխատելով նման ենթակառուցվածքների հետ ռիսկի են դիմում, մանավանդ, եթե հաշվի առնենք ԹՐԻՓ–ով բեռնափոխադրումների ամենախոշոր հաճախորդները լինելու են այն երկրները, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով, հասկանալի է, որ Հայաստանը ոչ մի առնչություն և ազդեցություն չունի Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցում. «Հասկանալի է, որ մենք խնդիր չունենք նաև այն փաստի հետ, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։ Սա մեզ համար որևէ խնդիր չի եղել և մենք երբեք այս թեմային չենք անդրադարձել։ Ընդ որում, էլի ուզում եմ կրկնել, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, ու մենք ոչ մի խնդիր չունենք այս փաստի հետ։
Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը և նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով, հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ Այս է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։
Ընդ որում, բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ այս համագանքներում ավելի է ակտիվացել Թուրքիայի տարածքում Կարսից Նախիջևան երկաթուղու կառուցման ընթացքը։ Հասկանալի է, որ մենք չենք կարող արգելել կամ արգելակել այդ երկաթուղու կառուցումը և պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ Երասխ–Ախուրիկ երկաթուղին պետք է մրցակցի այդ երկաթուղու հետ։ Սրա համար մենք պետք է հնարավորինս արագ Երասխ-Ախուրիկը բերենք մրցակցային լավ վիճակի և հետագայում էլ ապահովենք երկաթուղու կողմից ծառայությունների բարձր որակը և մրցունակ գինը։ Այս ամենի կարևորության գիտակցում է, որ հանգեցրել է կառավարության քննարկվող ծրագրի հետևյալ ձևակերպմանը, որը կարող եք գտնել ծրագրի չորրորդ բաժնում։
Մեջբերում եմ. «Երկաթուղու հավատարմագրված կառավարման համակարգը վերանայվելու է այնպես, որ չխոչընդոտի Հայաստանի Հանրապետության միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման այն պատմական հնարավորության իրականացմանը, որը ստեղծվել է։ Մենք շարունակելու ենք աշխատանք այս ուղղությամբ և Ռուսաստանի մեր գործընկերներին կրկին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծմանը»։
Վերադառնալով ԹՐԻՓ նախագծին, ընդգծեմ, որ այն ներառելու է ոչ միայն երկաթուղին, այլև խողովակաշարեր, ճանապարհներ, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր։ Մեծ է հավանականությունը, որ էլեկտրահաղորդման գծերը կլինեն ԹՐԻՓ–ի շրջանակներում գործարկված առաջին ենթակառուցվածքը, որովհետև նախ տեխնիկապես համեմատաբար հեշտ է արագ դա ավարտին հասցնելը և հետո էլեկտրաէներգիայի աշխարհում աճող պահանջարկը ստիպում է ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանից էլեկտրական էներգիայի արտահանման նախագծերին։
Ներկայումս ԹՐԻՓ նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը գտնվում է վավերացման փուլում։ Ավարտական փուլում են Թրիպ Development Company ընկերության հիմնադրման աշխատանքները։ Հիշեցնեմ՝ Հայաստանը այդ ընկերությունում ունենալու է 26%, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները 74% բաժնեմաս։ Այս բանաձևը գործելու է առնվազն 49 տարի, իսկ այդ ժամկետի ավարտից հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվելու դեպքում ևս 50 տարի, իսկ այս դեպքում արդեն Հայաստանի մասնաբաժինը կդառնա 49%, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաբաժինը՝ 51% առանց Հայաստանի կողմից հավելյալ ֆինանսական կամ այլ ներդրման։
Նախագիծն իրագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Եվ հատուկ ուզում եմ ընդգծել, որ Թրիփը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում։ Թրիփից առաջ, նախկինում մենք երբեք մեր առջև 100 տարվա և նախագիծ կամ հեռանկար չենք ունեցել։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Երբեք մենք չենք ունեցել ծրագիր, նախագիծ, որը մեր առջև 100 տարվա հեռանկար է բացում, այն էլ աշխարհի թիվ մեկ գերտերության հետ։ Եվ սա թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է։ Թրիփ նախագծի իրագործումը փոխելու է իրադրությունը և մթնոլորտը մեր տարածաշրջանում։ Հաղորդությունը տարածաշրջանային երկրների համար դարձնելով շահավետ ոչ միայն բառի սոցիալ-հոգեբանական ու քաղաքական»,– հայտարարեց Փաշինյանը։
News.am
