USD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°C

Логотип

ՈՒՂԻՂ 4 ՏԱՐԻ ԱՆՑ. ՆԻԿՈԼԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ Ո՞Վ է ՄԵԿՆԵԼ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ԲԵՐՁՈՐ

Երեկ լրատվական կայքերը տարածեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրությունը Արցախի բռնազավթված Բերձոր քաղաքում տեղի ունեցած հանդիպման մասին: Տեղեկատվության մեջ ասվում է, որ տեղի է ունեցել նշյալ նախարարության և հայկական «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են «երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները»։:

ԱՌԱՋԻՆ ԲԱՆԸ, ՈՐ ԱՉՔԻ Է ԶԱՐՆՎՈՒՄ, ԱՅՆ Է, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՐՁՈՐՆ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ԼԱՉԻՆ (ԼԱՎ է ԳՈՆԵ ՈՉ «ԼԱՉԸՆ»)։ Երկրորդ. հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին՝ 2022 թվականին Բերձորի բնիկ հայերի վերջնական գաղթի, հանձնման և բռնազավթման տարելիցի օրը։ Երրորդ. դա տեղի ունեցավ ՀԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին Ալիևի հայտարարությունից մի քանի օր անց, թե իբր՝ այն հնացել ու սպառել է իրեն, և դրան հաջորդած «մեծահոգի» առաջարկից՝ անցնել էլեկտրաէներգիայի մատակարարմանն Ադրբեջանից։

Բացի այդ, Նիկոլի Բաքվի հանցակիցը հայտնեց, թե «ադրբեջանցի մասնագետները նախնական հետազոտություններ են անցկացրել Հայաստանում և որոշել են Էլեկտրահաղորդման գծերի հենարանների տեղակայման հնարավոր վայրերը»՝ նշելով, որ «Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագիծը պատրաստ է և կարող է իրականացվել կես տարում»։ Ալիևի պատվիրակների այցի փաստը հաստատեց նաև անձամբ Փաշինյանը, այդպես էլ չբացատրելով պատճառը. մի՞թե Հայաստանում չկան մասնագետներ, որոնք կարող են «հետազոտություններ» անցկացնել սեփական երկրի տարածքում։

Հիշեցնեմ նաև, որ դեռևս այս տարեսկզբին Փաշինյանն ու իր նախարարները հայտարարում էին «Թուրքիայի և Ադրբեջանի հետ էներգետիկ փոխկապակցման ընդլայնման» և «ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ հայկական էներգետիկ ցանցերի ինտեգրման» անհրաժեշտության մասին։

Այսպիսով, կարելի է հստակ արձանագրել, որ Բաքվի և Անկարայի զավթախուժական ծրագրերն իրականացվում են արագացված ռեժիմով, և Բերձորում անցկացված հանդիպումը, որը գործնականում մնաց երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների ստվերում, վկայում է այն մասին, որ Հայաստանը շատ շուտով, միանգամայն հնարավոր է՝ Ալիևի նշած կես տարում, էներգետիկ կախվածության մեջ կընկնի Բաքվից ու Անկարայից։

Կա, սակայն, հանդիպումը հենց Բերձորում անցկացնելու բուն փաստի մեջ ոչ միայն տնտեսական-էներգետիկ, անշուշտ՝ չափազանց կարևոր տեսանկյուն, այլև մեկ այլ, ոչ պակաս նշանակալի. բարոյական։ Արցախի և Հայաստանի շուրջ տեղի ունեցող ամենի ընդգծված ծիսականության մասին խոսվում է վաղուց ու շատ, և կան դրա բազմաթիվ վկայություններ՝ սկսած դեռևս 44-օրյա պատերազմի շրջանից: 2026-ի օգոստոսի 25-ին ստացվեց հերթական ապացույցը։

Արդեն երրորդ տարին է, ինչ հայ ժողովրդի նոր պատմության մեծագույն աղետի՝ Արցախից հայերի գաղթի տարելիցի մոտենալուն զուգընթաց սոցցանցերում նկատվում է հայկական երկրորդ հանրապետությունից փախստական օգտատերերի հուզական սրացում և հիշողությունների առանձնակի ցավագնությունը: Այս խորապատկերին հենց բռնազավթման տարելիցի օրը Բերձորում տեղի ունեցած հանդիպումն, անշուշտ, պատահական զուգադիպություն չէ, այլ միտումնավոր ու գիտակցված սադրանք, այդ թվում՝ փաշինյանական ռեժիմի կողմից, ինչի նպատակը թե՛ արցախցիների, հատկապես բերձորցիների, և թե՛ բոլոր այն հայերի հոգեկան տառապանքներն ուժգնացնելն է, որոնց համար 2022թ. օգոստոսի դժնի օրերին քաղաքի դավաճանական հանձնումը դարձավ անձնական ողբերգություն։

ՀԻՇԵՆՔ… 4 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, որի համար վերջնաժամկետ էր դրված օգոստոսի 25-ը, լքում էր Աղավնոն, Սուսն ու Բերձորը:

Հեռանում էր սիրելի փոքր հայրենիքից՝ Արցախի պատառիկից, Բերձորի լեգենդար միջանցքի հատվածից, որտեղից էլ սկսվում էր Արցախը, որտեղ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» հայտնի ցուցանակը տեսնելիս այնքան ուժգին սկսում էր բաբախել յուրաքանչյուր իսկական հայի սիրտը, որտեղ ամեն թուփ, ամեն քար, ամեն սանտիմետր, ամբողջ հողը ներծծված է 1992–ի մայիսին շրջափակումը ճեղքած և Արցախը Մայր Հայաստանին միացրած ազատամարտիկների արյունով…

Հայրենի հողին բերձորցիների հրաժեշտի քանի՜-քանի սրտակեղեք պատմություններ ու լուսանկարներ հրապարակվեցին 4 տարի առաջ այս օրերին… Քանի՜ հարազատ տներ այրվեցին 30 տարի առաջ այստեղ կյանքը բառացիորեն զրոյից սկսած հենց տանտերերի կողմից, որպեսզի բաժին չհասնեն թշնամուն։ Որքան ցավ կար այդպիսի յուրաքանչյուր պատմության մեջ, որքան արդար ցասում: Հենց Բերձորում էին ապրում բազմաթիվ հայրենադարձ հայրենասերներ, որոնք գիտակցաբար բնակություն էին հաստատել այստեղ, որպեսզի օգնեին հայկական չքնաղ երկրամասի զարգացմանը…

Օգոստոսի 25-ի հանդիպման մեկ այլ տեսանկյուն էլ իրենց ֆեյսբուքյան գրառումներում նշում են հենց արցախցիները։

«Երեք տարի առաջ հենց այստեղ Ադրբեջանը փակեց ու շարքից հանեց Արցախի կենսական կարևորության կոմունիկացիաները։ 2022 թվականի մարտին պայթեցվեց Հայաստանից եկող միակ գազատարը, իսկ 2023 թվականի հունվարի 9-ին՝ միակ բարձրավոլտ գիծը, որով Արցախը էլեկտրաէներգիա էր ստանում Հայաստանից։

Շրջափակման օրերին 120 հազար հայեր մնացին առանց գազի, բազմաժամյա հոսանքազրկումներով, զուրկ նորմալ ջեռուցումից և կյանքի տարրական պայմաններից… Երեք տարի անց Նիկոլի ռեժիմը հանգիստ անվանում է այդ տարածքն «ադրբեջանական» և ապշեցուցիչ ցինիզմով քննարկում այնտեղ համատեղ էներգետիկան նրանց հետ, ովքեր դեռ վերջերս օգտագործել են դա որպես 120 հազար հայերի շրջափակման տեռորի, շանտաժի և խոշտանգման գործիք»,- գրել է ռազմական բլոգեր Ալեն Ղուլյանը։

«ԱՅԴՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ ԷԻՆՔ, ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ ՉՓՈՐՁԵՑԻՆ ՀԱՆԴԻՊԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ ԱՐՑԱԽ։ Հիմա սիրալիր հանդիպում են մեր Բերձորում»,- դառնությամբ նշում է Ստեփանակերտի բնակչուհի Նունե Առաքելյանը:

Առանձին հարց է, թե ո՞վ է հայկական կողմից պատրաստակամորեն մեկնել բռնազավթված Արցախ, հենց Բերձոր, հենց այս օրերին՝ «փոխգործակցություն հաստատելու» նպատակով նրանց հետ, ովքեր ընդամենը 4 տարի առաջ էթնիկ զտման և բռնի տեղահանման են ենթարկել նրա բնակիչներին, իսկ 2024 թվականի մայիսին բարբարոսաբար ոչնչացրել Սուրբ Համբարձում հայկական եկեղեցին։

Բերձոր, որտեղ գտնվում է Արցախի գլխավոր սրբավայրերից մեկը՝ հիասքանչ Ծիծեռնավանքը, որը «ալբանական տաճար» են հայտարարել նրանք, ում հետ հանդիպել են, նստել նույն սեղանի շուրջ և սիրալիր զրուցել:

Վախենամ, որ այդ անձանց տրամաբանությունն ու հոգեբանությունը անհասկանալի և անհասանելի են նորմալ, սեփական ու ազգային արժանապատվության զգացում, հիշողություն ու խիղճ ունեցող մարդու ըմբռնման համար: Կարելի է միամտաբար հավատալ թուրքի երկու ենթատեսակների հետ համագործակցության ու փոխգործակցության հնարավորությանը, կարելի է նույնիսկ հավատալ նրանց հետ խաղաղության հնարավորությանը և այլ անհեթեթությունների։ Կարելի է բթամտորեն վստահ լինել, թե դրանով օգուտ ես բերում երկրիդ, քանզի այդպես մտածելը շատ հարմար ու շահավետ է անձամբ քեզ համար։ Կարելի է լինել կատարյալ ցինիկ, ուղեղը լվացած «սորոսական», Նիկոլի կույր ու խուլ երկրպագու…

Բայց ինչպե՞ս կարելի է հանգիստ գնալ բռնազավթված երկրամաս հենց նրա հանձնման օրը. երկրամաս, որը ներծծված և առլեցուն է հայկական ոգով, հայի արյունով ու ցավով, և այնտեղ հանգիստ վարել «գործնական» բանակցություններ։ Ինչպե՞ս մենք նսեմացանք այդ աստիճանի, և ինչ լավ է, որ դեռ մնացել են նրանք, ովքեր դա չեն հասկանում, չեն ընդունում և երբեք չեն հասկանա ու չեն ընդունի…