«ԿՈՎԵՐՈՒ ՊԱՐՏԵԶԸ» ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՔՅՈԼՆՈՒՄ. ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՊԱՐԾԵՆՈՒՄ ՄԻՐԶՈՅԱՆՆ ՈՒ ՍԻՆԱՆՅԱՆԸ
Տարեվերջին ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, թե իբր՝ գերմանական Քյոլնում ապամոնտաժվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Այս ցավը բոլորինս է» անվանումով հուշարձանը: Գերմանական Welt լրատվական գործակալության հրապարակման վկայակոչումով հավաստիացվում էր, որ այն ապամոնտաժել է քաղաքապետարանը՝ թուրք ազգայնականների ճնշման տակ։ Այնուհետ, սակայն, պարզվեց, որ խոսքը հուշարձանի ոչ թե ապամոնտաժման, այլ հետագայում այն հեռացնելու քաղաքապետարանի վերջնական որոշման մասին է։