ՇԱՀՈՒՅԹԸ՝ ԺՈՂՈՎՐԴԻՑ, ՎՆԱՍԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանում տեղական ծխախոտի արտադրության ծավալները 2021 թվականին կրճատվել են։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը՝ երկրի խորհրդարանում 2021 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ, հաղորդում է Sputnik Արմենիան։ Այսպես է ՊԵԿ ղեկավարը մեկնաբանել ակցիզային հարկի հավաքելիության ցածր ցուցանիշը. «Հարկային եկամուտների աճ գրանցվել է բոլոր հարկատեսակների մասով, բացառությամբ ակցիզների։ Դրա պատճառը մեր որոշ տնտեսվարող սուբյեկտների արտադրության ծավալների կրճատումն էր»։ Նրա խոսքերով, չնայած դրան, ինչպես նաև այն փաստին, որ անցած տարի դեռևս շարունակել են ազդել կորոնավիրուսի համավարակի և 44-օրյա պատերազմի բացասական հետևանքները, հաջողվել է ապահովել պետբյուջեի հարկային մուտքերը: 2021 թվականին հարկային մուտքերը փաստացի կազմել են 1 տրլն 586.9 մլրդ դրամ, ինչը 0,3%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: