ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԽՈՐՏԱԿՄԱՆ ՇՈՒՐՋ
Ո՞ւմն է պատերազմի կորուստների ցավը՝ իշխանությա՞նը, ընդդիմությա՞նը, ազգային վերնախավերի՞նը, թե՞ համայն ժողովրդինը։ Միգուցե ոչ մեկի՞նը։ Եթե կորստի հավաքական ցավ ունենայինք, դժվար թե նման ծանր պարտությունից հետո այսքան անընդունելի ազգային անհաղորդություն դրսևորեինք և անտեսեինք շարունակական զգուշացումներն ու սպառնալիքները։ Կորուստը գիտակցող ժողովուրդը չէր գնա դրա մեղավորի հետևից, այլևս չէր հավատա նրա ստերին, ի վերջո կկողմնորոշվեր՝ ավելի շատ ատում է որևէ նախկին իշխանությա՞ն, թե՞ սիրում է պետությունն ու հայրենիքը։