Թուրքիայի նախագահ Էրդողանի այն վերջին հայտարարությունների խորապատկերին, որ «Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել՝ ճիշտ այնպես, ինչպես ժամանակին մտել է Լիբիա և Լեռնային Ղարաբաղ», ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը պատրաստ է «լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները», և իբր՝ այդ համատեքստում ընթանում է հայ-թուրքական «առողջ երկխոսություն», արտառոց են դիտվում։ Թե իր զավթիչ էությամբ պարծեցող հարևանի հետ այդ ինչ «առողջ երկխոսության» մասին կարելի է խոսել, անհասկանալի է, բայց փաստն այն է, որ Էրդողանն իր այս հրապարակային հոխորտանքով բավականաչափ փչացրեց Արարատ Միրզոյանի երևակայության արգասիք հանդիսացող հայ-թուրքական առողջ երկխոսության «սքանչելի պատկերը»։ Պատկեր, որը փաշինյանական իշխանությունը համառորեն փորձում է հեռարձակել հայությանը։