Այսօր ես պետք է խոսեմ Կնոջ մասին։ Մոր, Տիկնոջ, Քրոջ մասին. Փրկիչ էակի: Այսօր, երբ թշնամու նողկալի ընկեցիկը, սև մորմն իր թունավոր ծնոտը խրել է Հայրենիքիս սրտի մեջ, իսկ նրա իբր լավագույն զավակները, ամեն ինչ մի կողմ թողնելու և այդ զազրելի արարածի ոչնչացման համար ջանքերը համախմբելու փոխարեն, զբաղված են նրանով, որ ձգում են իշխանության լաթակար ու արդեն գրեթե լրիվ քրքրված վերմակն ամեն մեկն իր վրա, և թվում է, թե փրկություն ակնկալել արդեն ոչ մի տեղից չես կարող, ու քեզ համար լավագույն ելքն այն է, որ մոռանաս հայ լինելդ ու միայն այդ կերպ վերագտնես հոգեկան անդորրը, ճիշտ այդ պահին հանկարծ հայտնվում է Կինը և ասում պարզ, չափազանց պարզ բառեր, և դու մի տեսակ միանգամից սթափվում ես, ուղեղդ պայծառանում է, հասկանում ես, որ նահանջելու իրավունք, միևնույնն է, չունես, քանզի քո թիկունքում անսասան պարսպի պես կանգնած է Նա՝ մոր պես անձնուրաց պաշտպանը և միևնույն ժամանակ այն մեծագույն սրբությունը, որին ինքդ պետք է պաշտպանես մինչև վերջ. թեկուզև սեփական կյանքիդ գնով։