Մի քանի օր առաջ ադրբեջանցիները Հադրութում սպանել ու թաղել են 44-ամյա գերի Արսեն Կարախանյանին։ Նրա մարմինը՝ կապտուկներով պատված, հայտնաբերվել է հունվարի 18-ին, Արցախի բռնազավթված տարածքներում որոնողական աշխատանքների ընթացքում։ Արսենը Հադրութի բնակիչ, դեկտեմբերին գերությունից վերադարձած Սաշա Կարախանյանի որդին է։ «ԳԱ»-ի ունեցած տեղեկություններով՝ Կարախանյան կրտսերը չի մասնակցել մարտական գործողություններին, նա պատերազմից մեկ ամիս առաջ եկել էր Ռուսաստանից՝ այցելելու հարազատներին, և մնացել Արցախում, այսինքն ոչ թե ռազմագերի էր, այլ պատանդ։ Գերության մեջ նրա լինելու մասին ընտանիքն իմացել է հունվարի 6-ին, սոցցանցում տեղադրված տեսանյութերից, թակել է բոլոր դռները՝ հուսալով վերադարձնել նրան, բայց ավաղ…