2021 ԹՎԱԿԱՆԸ ՊԵՏՔ Է ՍԿԻԶԲ ԴՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻՆ
Մեկ տարի առաջ այս օրերին, ուրախությամբ պատրաստվելով տոներին, նույնիսկ ամենասարսափելի մղձավանջի մեջ մենք պատկերացնել անգամ չէինք կարող, թե ինչ է սպասվում մեզ: Իրավիճակը երկրում բարդ էր, իշխանությունները շարունակում էին վարել ողջամտության և պետության շահերի տեսանկյունից անհասկանալի ու անբացատրելի քաղաքականություն, բայց ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, թե ինչով է սպառնում մեզ մեկուկեսամյա բաքոսատոնը, որն արդեն այն ժամանակ փոխարկվել էր պետական ինստիտուտների փլուզման և հասարակական սաստիկ պառակտման գործընթացի։ Նույնիսկ նրանք, ովքեր Փաշինյանի իշխանության գալու առաջին իսկ օրից Արցախի հարցում անբարենպաստ զարգացումներ և հնարավոր պատերազմ էին կանխատեսել, ենթադրել անգամ չէին կարող, որ սկսված 2020 թվականը դառնալու է Ցեղասպանությանը հաջորդած 100 տարիներից ամենաաղետալին…