«ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ» «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՀԵՏ
Մեղր ու շաքար, շաքար ու մեղր՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլըչի ելույթներում: Եթե լսենք նրան՝ կարելի է կարծել, թե թուրք ղեկավարությունը կաշվից դուրս է գալիս Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում Քըլըչը, հայտարարելով «վստահության ամրապնդման» անհրաժեշտության մասին, կոչ արեց կենտրոնացնել ուշադրությունը «միասնության, այլ ոչ թե տարանջատման» վրա: Ի՜նչ սրտաշարժ է։ Իսկ այ ի՞նչ է դա իրականում: Իրականում Քըլըչի ճառերը թուրքական դիվանագիտության դասական նմուշ են, որտեղ անուշ-մեղուշ ելույթների հետ մեկտեղ հնչում են սքողված կամ միանգամայն բացահայտ սպառնալիքներ, պահանջներ ու նախապայմաններ։