Логотип

ԱԳՆ․ ՌԴ-ն հարաբերություններ կկառուցի՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների իրական քայլերը

Մոսկվան մտադիր է Երևանի հետ իր հարաբերությունները կառուցել ՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության իրական քայլերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններում Մոսկվայի հետագա գծին, ապա մտադիր ենք այն կառուցել՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության իրական քայլերը»,– ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

Նրա խոսքով՝ Մոսկվայում միշտ շահագրգռված են ուժեղ և իսկապես ինքնիշխան Հայաստանով:

«Եղբայրական հայ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում։ Միևնույն ժամանակ անցած ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ հայ հասարակությունը խիստ բևեռացված է։ Այդպիսի պայմաններում Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ միակողմանի որոշումներ կայացնելը՝ առանց բնակչության բոլոր շերտերի կարծիքը հաշվի առնելու, նշանակում է երկիրը տանել դեպի հետագա պառակտում և սոցիալ-տնտեսական ցնցումներ», – հայտարարել է Զախարովան։

Նա հավելել է` ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները կառաջնորդվեն ազգային շահերի վրա հիմնված մոտեցումներով։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։

Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:

Sputnik Արմենիա