Логотип

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՎԵԼԻ ՎԱՏԹԱՐ Է…

Բաքվում անազատության մեջ գտնվող Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը հարազատների հետ հեռախոսազրույցում նշել է. «Ադրբեջանցիներն էլ մեզ երեսով են տալիս՝ ասելով, թե եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում և շահագրգռվածություն չեն ցուցաբերում ձեր վերադարձի հարցում, ապա ի՞նչ եք սպասում միջազգային դատական ատյաններից»։

Ինչպես հայտնի է, ավելի վաղ՝ իր ծննդյան օրը (մայիսի 25-ին), ապօրինի պահվող մյուս կալանավոր Ռուբեն Վարդանյանը զգուշացրել էր, որ ամենամեծ վտանգը անտարբերությունն է և միավորվելու ու ակտիվանալու կոչ արել հայրենակիցներին. «…Ուզում եմ, որ բոլորս հասկանանք. մեր ապագան մեր ձեռքերում է, այլ ոչ թե մեկ ուրիշի։ Վստահ եմ, որ մենք կարող ենք և կանենք ամեն հնարավորը, որպեսզի այդ ապագան լինի լուսավոր, բարի և հիմնված սկզբունքների ու արժեքների վրա…»:

ԲԱՅՑ ՄԻ՞ԹԵ ՄԻԱՅՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների հարցում հայկական իշխանությունների անգործության հիմքում։ Կարծում եմ՝ ոչ։ Ամեն ինչ շատ ավելի վատ է։ Իսկ ի՞նչը կարող է անտարբերությունից ավելի վատթար լինել։ Թերևս՝ դավաճանությունը կամ երեսպաշտությունը, քինախնդրությունն ու գիտակցված դաժանությունը: Եթե անտարբերությունը անձնային դատարկություն է և հուզական մահ, ապա դիտավորյալ չարամիտ գործողությունները, ցավ պատճառելով և ստիպելով անմեղ մարդկանց տառապել, նաև ոչնչացնում են մարդկանց հավատն ապագայի նկատմամբ, սերմանում պառակտում և թշնամանք, մասնատում հասարակությունը։

Ավաղ, հետևելով տեղի ունեցող ամենին, ակամայից ստիպված ենք արձանագրել, որ Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ նման գործողություններ իրականացվում են երկու կողմից. ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական։ Գումարած անտարբերությունը, այսպես կոչված միջազգային հանրության կողմից…

Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքն Արցախի ղեկավարների նկատմամբ հասկանալի է և առանձնահատուկ մեկնաբանությունների կարիք չունի։ Կատարվող ամենի թերևս ամենադիպուկ գնահատականը տվել է Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանական գերությունից իրավապաշտպաններին, լրագրողներին և բարի կամքի տեր բոլոր մարդկանց ուղղած իր տեսաուղերձում «Այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է ուղղված մեր ժողովրդի անցյալին, ներկային և ապագային…»։

Ակնհայտ է, որ Արցախի ժողովրդի ընտրած ղեկավարների գերեվարումն ու Բաքվի «օրենքներով» դատապարտումն Ալիևի համար ոչ միայն պարզապես քաղաքական և անձնական գերաճուն հավակնությունների բավարարման առարկա է, այլև հայոց պետականության կործանման կարևոր քայլերից մեկը: Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը միանգամայն իրավացիորեն նկատել է, որ այդ դատավարությունները մասն են ավելի լայն արշավի, ուղղված «Արցախի ղեկավարության ոչնչացմանը, ինքնորոշման ջանքերի ճնշմանը և տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության ջնջմանը»:

Շինծու և անմարդկային դատավճիռներ կայացնելով պետականությունը, բուն իրավունքների համար պայքարը և հայ ժողովրդի անկոտրում ոգին մարմնավորող Արցախի նախկին առաջնորդների նկատմամբ, պիտակավորելով նրանց իբրև անջատողականներ ու ահաբեկիչներ՝ Բաքվի բռնապետը ձգտում է նսեմացնել մի ամբողջ ազգի։ Իբրև չարամիտ հանցագործներ ներկայացնելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին խստորեն համապատասխան հռչակված հանրապետության ժողովրդավարաբար ընտրված ղեկավարներին՝ Բաքվի բռնապետական և ցեղասպան ռեժիմը փորձում է նախ վարկաբեկել Ղարաբաղի հայերի ինքնորոշման օրինական պայքարը, այդ թվում նաև այն նպատակով, որ ուրիշներին խրատ լինի, որպեսզի թալիշները, լեզգիները և ժամանակակից Ադրբեջանում բնակվող մյուս բնիկ ժողովուրդներն ու ազգությունները չփորձեն օրինակ վերցնել ղարաբաղցիներից։

ԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՎԵԼԻ ՃԻՇՏ՝ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ։ Կայացած պետության կարևորագույն գործառույթներից մեկը արդյունավետ քաղաքականություն վարելն է իր քաղաքացիներին, հատկապես ապօրինի կալանավորվածներին ազատ արձակելու հարցում: Մինչդեռ որևէ կոնկրետ արդյունքի բացակայությունը և Արցախի նախկին առաջնորդների ճակատագրի նըատմամբ ադրբեջանական կողմի դիրքորոշումների կոշտացումը խոսուն կերպով վկայում են, որ Հայաստանի իշխանական ռեժիմը (թեև պնդում է, թե Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների խնդիրը մնում է իր դիվանագիտական քննարկումների առանցքում և փակ տքնաջան աշխատանք է ընթանում դրա լուծման համար) չի ձգտում օգտագործել առկա միջազգային իրավական գործիքակազմն այդ ուղղությամբ։ Երևանի փոխարեն դա փորձում են անել Լյուքսեմբուրգի, Ուրուգվայի, Բելգիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և այլոց խորհրդարանականները՝ պարբերաբար ընդունելով տարբեր բանաձևեր և հայտարարություններ՝ ապօրինի պահվող բոլոր հայերին ազատ արձակելու պահանջով։

Բնականաբար, Ալիևի ռեժիմը, որը վաղուց իրեն դուրս է դրել միջազգային իրավունքի և քաղաքակրթական նորմերի շրջանակներից, կտրականապես հրաժարվում է հետևել այդ կոչերին, ինչպես նաև՝ կատարել եվրոպական մի շարք հեղինակավոր կառույցների, միջազգային հումանիտար գործիչների, իրավապաշտպանների, քաղաքական գործիչների և գործարարների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների նախկինում հնչեցրած պահանջները: Սակայն այդ խորապատկերին պաշտոնական Երևանի տարօրինակ պասիվությունն առիթ է տալիս դիտորդներին կասկածելու, որ ՀՀ իշխանությունները աջակցում են Ադրբեջանում պահվող հայ գերիների ու պատանդների հարցը միջազգային օրակարգից հանելու և մոռացության մատնելու Բաքվի ռեժիմի ջանքերին։

Նման կասկածների ամրապնդմանը նպաստում են նաև Նիկոլ Փաշինյանի պարբերական հայտարարություններն այն մասին, որ իր կառավարության վստահության մանդատը և քաղաքական պատասխանատվությունը տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա: Ակնարկը պարզ է. արցախցի հայրենակիցները նրան առանձնապես չեն հետաքրքրում։ Եվ դա տեղի է ունենում այն խորապատկերին, երբ Բաքվի ռեժիմն ու անձամբ Իլհամ Ալիևն ամեն ինչ անում են Ռամիլ Սաֆարովի կարգի դաժան մարդասպաններին պաշտպանելու համար՝ ձգտելով հայերի դեմ կատարվող հանցագործությունների լիակատար անպատժելիության նախադեպ ստեղծել իրենց ճիվաղների համար, որպեսզի հայ հասարակության մեջ վախի ու դատապարտվածության զգացում սերմանեն, ավելի կակուղ ու զիջող դարձնեն նրան։ Ակնհայտ է, որ բեմադրված դատավարությունները պաշտոնական Բաքվի կողմից օգտագործվում են որպես «խաղաղ» բանակցային գործընթացում հայկական կողմի վրա ճնշում գործադրելու գործիք՝ հայկական կողմից հետագա միակողմանի քաղաքական, տարածքային և այլ զիջումներ պոկելու համար, մինչ Հայաստանի գործող իշխանական ռեժիմը սևեռված է Ադրբեջանի հետ ամեն գնով շրջանակային խաղաղության պայմանագիր ստորագրելու վրա։

ԻՀԱՐԿԵ, ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԲԱՔՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՊԱՀԵԼԸ ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հարց է, ոչ միայն հայ ազգի խնդիր, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի պատվի հարց, որը քսանմեկերորդ դարում թույլ տվեց նոր ցեղասպանություն և ոչ միայն չի փորձում պատասխանատվության ենթարկել դրա կազմակերպիչներին ու կատարողներին, այլև թույլ է տալիս թուրք-ադրբեջանական հանցավոր տանդեմին շարունակել անպատիժ ոտնահարել համամարդկային նորմերը և նոր հանցագործություններ կատարել հայ ժողովրդի, մարդկության և մարդկայնության դեմ։

Պաշտոնական Բաքվի կողմից ՄԱԿ-ի դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի մի շարք կարևոր կոնվենցիաների, այդ թվում Ժնևի կոնվենցիայի անպատիժ անտեսումը ամոթ և խայտառակություն է ժամանակակից քաղաքակրթության համար: Բաքվի շարունակվող իրավական կամայականությունը հարված է աշխարհակարգի հիմքերին։ Ասենք, նաև հետևանք, խարխլված աշխարհակարգի արտացոլում։

Կատարվող ամենի մեջ մեղքի զգալի բաժին ունի, իհարկե, բուն հայ հասարակությունը, որին դիմում են Դավիթ Իշխանյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը և Բաքվում ապօրինի պահվող այլ հայեր: Ընդհանրապես ազգային շահերի և մասնավորապես ադրբեջանական գերությունից հայ ռազմագերիների ու Արցախի առաջնորդների ազատ արձակման գաղափարի շուրջ իրական համախմբման բացակայությունը, այդ հարցում ՀՀ իշխանությունների վրա բավարար ճնշում չգործադրելը վկայում են հասարակության տարանջատության և ապակողմնորոշվածության մասին։ Ժամանակն է անսալ Վարդանյանի խորհրդին, որ «մեր ապագան մեր ձեռքերում է», և ազատվելով անտարբերության կործանարար զգացումից՝ միավորվել ու գործել։

Հայ ռազմագերիների և Արցախի նախկին ղեկավարների լիակատար արդարացումն ու վերադարձն իրենց ժողովրդի գիրկը պետք է դառնա ոչ միայն իրեն հարգող յուրաքանչյուր հայի պատվի գործը, այլև աշխարհի բոլոր պարկեշտ, սրտացավ մարդկանց խղճի հարցը: